Առողջապահության նախարարը Դեղերի փորձագիտական կենտրոնի կրճատված փոխտնօրենին դատարանի դուռն է ցույց տալիս:
«Տիկին Ղազարյանն այլ կարծիք ունի իր աշխատանքային իրավունքների մասով: Մենք ապրում ենք իրավական պետությունում, կարող է գնալ դատարան, մենք էլ կվիճարկենք հակառակը: Դատարանը կորոշի, թե իրավական առումով ով է ճիշտ, ով ճիշտ չէ, կամ ինչ որոշի», - այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը:
Կենտրոնի 30 տարվա աշխատակից, իսկ վերջին 22 տարին կառույցի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանն առանց Ավանեսյանի հուշման էլ ազատման լուրն ստանալուն պես որոշել էր, որ դատարան է դիմելու. «Ես կփորձեմ այլ աշխատանք գտնել ինձ համար: Դատական հայցի ամբողջ իմաստը կայանում է զուտ արդարության բացահայտում», - ասել էր Ղազարյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Ասվել է՝ դիմում գրիր». Էդգար Ղազարյանի քույրն աշխատանքից ազատումը քաղաքական է համարում, նախարարը՝ հերքումՆախկին փոխտնօրենը վստահ է՝ իրեն գործից ազատելը նախարար Ավանեսյանի ցուցումն էր, պատճառը քաղաքական է. եղբայրը «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանն է: Պնդում է՝ կենտրոնի տնօրենը կանչել ու հասկացրել է, որ իր ուզելով չէ, ստիպված է փոխտնօրենին դիմում պարտադրում. «Ասվել է, որ Դուք պետք է հեռանաք: Ես 57 տարեկան եմ, չեմ կարող բաներ ասել, որոնք ճշմարտությանը չեն համապատասխանում»,- պատմում է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի նախկին փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը:
Առողջապահության նախարարն անիմաստ մանիպուլյացիա է համարում այս ամենը. «Եթե տիկին Ղազարյանին կամ որևէ մեկ այլ անձի քաղաքական հայացքների հետ կապված ես կադրային քաղաքականություն որոշեի, այդ որոշումը 5 տարի չէի հետաձգի և կիրականացնեի 5 տարի առաջ, 4 տարի առաջ, 3 տարի առաջ, և այլն, և այլն»,- հայտարարում է Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ փորձագիտական կենտրոնում կառուցվածքային փոփոխություններ են եղել և դրանք շարունակվում են. փոխտնօրենի հաստիքի կրճատումն այդ ռեֆորմի շրջանակում է: Լիլիթ Ղազարյանը հակադարձում է՝ ռեֆորմն ավարտվել է երկու տարի առաջ, այս հունվարին իրենց հաստիքացուցակը երկու փոխտնօրենով հաստատել է նախարարը, եթե իր հաստիքը պիտի կրճատվեր, ինչո՞ւ էին ընտրության հենց հաջորդ օրն իրեն հորդորում դիմում գրել. «Չգիտեմ ինչու իրենք մտածում էին, որ ես կենթարկվեմ հրահանգին և դիմում կգրեմ», - նշում է Ղազարյանը:
Նախարար Ավանեսյանը չի հերքում, որ իր ցուցումն է, հերքում է, որ որոշումը քաղաքական է:
Դեղ ներմուծող ու դեղատնային ընկերությունների ներկայացուցիչներից էինք լսել, որ Ղազարյանը փորձառու ու պրոֆեսիոնալ եզակի մասնագետ է: Նախարարը նրանց առաջարկում է կրճատված փոխտնօրենին գործի ընդունել: Կենտրոնի աշխատակիցներից մեկին «Ազատություն»-ը հարցրեց՝ տնօրենի այս որոշումն ինչպե՞ս են ընդունել, պատասխանեցին.- «Նորմալ, ինչպես ղեկավարությունը որոշի»:
Առաջիկայում դատարանների առանց այդ էլ ծանրաբեռնված գրաֆիկն է՛լ ավելի է խտանալու: Երեկ էլ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի կազմակերպիչ, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորության թեկնածու Հայաստան Հակոբյանն է գործից ազատվել ու այսօր արդեն տեղեկացրեց, որ դատարան է դիմել.
«Ես ազատված եմ և մտածում եմ, որ սա իմ քաղաքական հայացքների համար է, և տնօրենը պատվեր է կատարում»,- ասում է ընդդիմադիր դաշինքի պատգամավորի թեկնածուն:
Օրեր առաջ է քոլեջի տնօրենը կանչել ու բացատրագիր է պահանջել մի քանի հարցերի շուրջ՝ արձակուրդի ժամանակ մտել է քոլեջ ու քարոզ արել, էքսկուրսիա է տարել ուսանողներին՝ առանց թույլտվության, և այդ էքսկուրսիայի վայրից էլ վիդեո է հրապարակել, որը տնօրենը խտրական է համարել:
Հայաստան Հակոբյանը պատմում է. «Ուսանողներից մեկը, որ ինձ շատ սիրում է, ասում է՝ «դե նախանձեք, տեսնո՞ւմ եք՝ մեր սիրելի ընկեր Հակոբյանը մեզ հետ է»: Ընդամենն այդ նախանձել բառն, ասում է, խտրականություն է»:
Քոլեջի արդեն նախկին կազմակերպիչն ու դասախոսը բացատրագիր ներկայացրել է, հերքել բոլոր մեղադրանքները, շեշտում է. - «Ես ինքս՝ լինելով պատգամավորի թեկնածու, քաջ գիտակցում եմ, որ ուսումնական հաստատությունում քարոզ անել չի կարելի»:
Քոլեջի տնօրենը պնդում է՝ իր նախկին տեղակալն անթույլատրելի արարքներ է գործել, արձակուրդի ժամանակ քոլեջ է մտել քաղաքական քարոզ արել.
«Ինքը մուտք է գործել քոլեջ և ուսանողների հետ հանդիպումների շրջանակում որոշակի հայտարարություններ է արել, որը կարող է նաև քարոզչական նկատառումներ ունենա»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Ջեմմա Սարգսյանը: Հարցին, թե կարո՞ղ է, թե՞ ունեցել է, տնօրենը պատասխանեց.- «Նայած՝ հարցը ոնց կմեկնաբանեն»:
Ըստ տնօրենի՝ ինքը չի կարող հանդուրժել, որ ուսանողներին օգտագործեն քաղաքական նպատակների համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թաթոյանը պնդում է՝ ուսանողներին ստիպում են մասնակցել ՔՊ-ի հավաքներին. ձայնագրություն է հրապարակելՍա հենց այն քոլեջն է, որի վերաբերյալ նախընտրական փուլում սկանդալ պայթեց ձայնագրության տեսքով. մի կնոջ ձայն ուսանողներին հորդորում էր Արմավիրի հրապարակում հավաքվել այն օրը, երբ այդտեղ «Քաղաքացիական պայմանագրի» թիմի հանրահավաքն էր:
«Ինձ հանձնարարել են, որ ձեզ ասեմ, ես էլ ձեզ եմ ասում՝ երեխեք, էնպես չլինի, որ ես գնամ, կանգնեմ հրապարակում ու տեսնեմ, որ իմ երկու խմբից ոչ մեկ չկա», - լսվում էր ձայնագրությունում:
Ձայնագրությունում ենթադրաբար քոլեջի ՔՊ-ական դասախոսներից մեկի ձայնն է: Տնօրենը պնդում է՝ այդ հրավերը Փաշինյանի քարոզարշավի հետ ոչ մի կապ չուներ, հավաքը ժամը 7-ին պիտի լիներ, իրենք 5-ին ուսանողներին համերգի էին կանչում:
Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենի խոսքով.- «էդ ձայնագրությունը պատկան մարմինների քննության տիրույթում է, գործը դեռ փակված չէ, այնպես որ, եկեք թույլ տանք պատկան մարմիններն էդ գործը քննեն, իրենց եզրակացությունն իրականացնեն»:
Հեռացված Հայաստան Հակոբյանը պնդում է՝ ուսանողներին հավաքի կանչող դասախոսն ընդամենը նկատողություն է ստացել տնօրենից: