Անթալիայի դիվանագիտական ֆորումին 2022-ից հետո առաջին անգամ չի մասնակցի ՀՀ արտգործնախարարը

2022-ից՝ հայ-թուրքական կարգավորման մեկնարկից ի վեր առաջին անգամ Անթալիայի դիվանագիտական ֆորումին այս տարի Հայաստանը կներկայացնի ոչ թե նախարար Արարատ Միրզոյանը, այլ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:

Թե ինչո՞ւ է պաշտոնական Երևանը արտգործնախարարի փոխարեն Թուրքիա գործուղում փոխարտգործնախարարին, հայտնի չէ: Հարցի պատասխանն Արտգործնախարարությունից ստանալ դեռ չի հաջողվել: Նախարարությունն առհասարակ ֆորումին մասնակցության վերաբերյալ ոչ մի տեղեկություն մինչ այժմ չի հրապարակել: Այն, որ Վահան Կոստանյանն է մեկնելու Անթալիա, պարզ է դառնում Անթալիայի ֆորումի կայքում հրապարակված ցանկից: Նա այս տարի Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի:

«Երբ ժամանակը գա, դեռ մի քանի օր կա մինչև դա, կտեսնեք՝ ով կմասնակցի կամ չի մասնակցի», - ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Անթալիա չի մեկնի նաև հայ-թուրքական կարգավորման հարցով գլխավոր բանակցող Ռուբեն Ռուբինյանը, որն ամենամյա այս ֆորումին մասնակցել է և՛ 2024-ին, և՛ 2025-ին՝ ուղեկցելով արտգործնախարարին: Ֆորումը դառնում էր ինչպես Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, այնպես էլ Երևան-Անկարա կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլչի առանձին հանդիպումների առիթ: Ռուբինյանն այսօր չպարզաբանեց՝ ինչո՞ւ է որոշել չմեկնել Անթալիա:

«Ես Անթալիա չեմ մեկնելու, հո ամեն անգամ չեմ գնա», - նշեց Ռուբինյանը:

Արդեն չորս տարի է, ինչ Երևանն ու Անկարան հաշտեցման հերթական փորձն են սկսել, բայց կողմերի գլխավոր պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը, թղթի վրա է: Հայկական կողմը դեռ 2023-ին էր հայտնել, որ հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը պատրաստ է շահագործման, այս տարեսկզբին թուրքական լրատվամիջոցները գրեցին՝ գրեթե պատրաստ է նաև Ալիջանի անցակետը: Բայց կրկին որևէ կոնկրետ քայլ սահմանի բացման ուղղությամբ չեղավ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ե՞րբ կբացվի հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար. պաշտոնյաների արձագանքը

«Անթալիայի դիվանագիտական ֆորումին կլինի ներկայություն, կիմանաք՝ ինչ մակարդակով, ոնց, երբ», - ընդգծեց Ռուբեն Ռուբինյանը:

«Իրականում այդ ֆորումին պսպղան մասնակցությունը նախորդ տարիներին իմաստազուրկ էր». Գեղամ Մանուկյան

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կարծում է՝ ֆորումին փոխնախարարի մակարդակով մասնակցելու Երևանի որոշումը կարող է կապ ունենալ ոչ միայն նախընտրական փուլի հետ, այլ նաև առհասարակ ասելիքի բացակայության:

«Իրականում այդ ֆորումին պսպղան մասնակցությունը նախորդ տարիներին իմաստազուրկ էր, որովհետև գործնականում Թուրքիան հաշտեցման ու Հայաստանի դեմ իր թշնամական գործողությունները վերացնելու որևէ քայլ չէր անում: Իրականում հիմա իշխանությունը պետք է խոսի այդ առանց նախապայմանների 22 թվականից Թուրքիայի հետ բանակցությունները վերջը ո՞ւր հասան, այն ժամանակ էլ էինք զգուշացնում, որ կեղծ է առանց նախապայմաններ ձևակերպումը», - ասաց Մանուկյանը:

Երևանն ու Անկարան ի սկզբանե հայտարարել էին, թե համաձայնել են հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։ Բայց հետագայում Անկարան բազմիցս ընդգծել է՝ Հայաստան-Թուրքիա կարգավորումն ուղիղ կապ ունի Հայաստան-Ադրբեջան կարգավորման հետ: Հիմա երբ, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է և, ինչպես կողմերն են պնդում, հաստատված է խաղաղություն, ինչո՞ւ չի բացվում սահմանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայ և թուրք դիվանագետները անվճար վիզա կստանան. ի՞նչ են պայմանավորվել Հայաստանն ու Թուրքիան

«Խաղաղությունը հաստատված է, բայց գործընթացները պետք է գնան իրենց հունով, մեր կողմից որևէ խնդիր չկա, ոչ էլ նախապայման կա, պայմանավորվածությունը կա, պետք է իրագործվի», - նշեց Ռուբինյանը:

Խորհրդարանական ընդդիմությունը դեռ 2022-ից է պնդում, թե Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր դարձյալ պնդեց՝ Անկարան որևէ քայլ չի անի, քանի դեռ Հայաստանը Ադրբեջանի բոլոր պահանջները, այդ թվում՝ նոր Սահմանադրության ընդունումն ու Անկախության հռչակագրից հրաժարումը, չի բավարարել:

«Բաքվում արդեն կանաչ լույս վառելու դեպքում է, որ Թուրքիան ինչ-որ քայլեր կձեռնարկի, բայց դա դեռ հարց է՝ վերաբերվելու է դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն, սահմանները բացելուն, թե՞ կաթիլ-կաթիլ է փորձելու ներկայացնել», - ընդգծեց Մանուկյանը:

Ի դեպ, ըստ պաշտոնական կայքի՝ Անթալիայի ֆորումին Ադրբեջանը ներկայանալու է ամենաբարձր՝ նախագահի մակարդակով: