«Գնալու ենք Հակարիի կամուրջ». անհետ կորածների հարազատները կառավարությունից պատասխան են պահանջում

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները կառավարությանը զգուշացնում են՝ եթե իրենց չհանդիպեն ու իրենց հարցերին չպատասխանեն, հաջորդ շաբաթ հայ-ադրբեջանական սահման են հասնելու ու ուղիղ ադրբեջանցիներին դիմեն:

Աիդա Կարապետյանը, որ 2020 թվականից փնտրում է որդուն, պնդում է՝ պատերազմից հետո ադրբեջանական մի տեսանյութում տեսել է կամավոր ռազմաճակատ մեկնած որդուն, որին ադրբեջանցիները տեռորիստ են ներկայացրել: Տարիներ շարունակ մայրը պնդում է՝ որդին ողջ է, գերեվարված: Բայց Ադրբեջանում գերեվարված հայերի հրապարակված ցանկում նրա անունը չկա:

«Բռնել տարել են, իմ պահանջն այն է՝ որ ո՞նց կարող է իմ երեխային ասեն՝ «այստեղ չի»: Հավաքվելու ենք, մի քանի ծնողներով գնալու ենք Հակարիի կամուրջ», - նշեց Աիդա Կարապետյանը:

Անհետ կորածների ծնողներն ու հարազատները չորս օր առաջ կառավարության մոտ էին պահանջում, որ մի լուր հայտնեն իրենց: Բայց Փաշինյանի կառավարությունից ոչ մեկը նրանց չմոտեցավ: Չորս օր անց էլ չեն արձագանքել ծնողների զգուշացումներին, որ Սյունիքով ադրբեջանական սահման կհասնեն: Ազգային անվտանգության ծառայությանը դիմեցինք, ծնողներին առաջարկե՞լ են հանդիպել: Լրատվականից այս հարցին չպատասխանեցին, գրավոր պահանջեցին հարցերը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Վեց տարի երեխայիս չեմ տեսել». անհայտ կորածների ծնողները պահանջում են նոր տեղեկություններ

Հուսահատ հարազատները մի քանի օր էլ կսպասեն ու ասում են՝ երկուշաբթի կամ երեքշաբթի կշարժվեն դեպի ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հակարիի կամրջի ուղղությամբ, «Ազատության» հետ զրույցում ասաց Արսեն Ղուկասյանը, որ փնտրում է եղբոր կորած որդուն: Նույն պատերազմում Ղուկասյանի եղբայրն էլ զոհվել է:

«Մենք արդեն այն վիճակում ենք, որ ամեն ինչի էլ պատրաստ ենք: Եթե իշխանությունը ոչ մի բան չի անում, ի՞նչ անենք», - ասաց նա:

6 տարի շարունակ իրենց երեխաներին փնտրող ծնողները պարբերաբար ակցիաներ են անում պետական մարմինների դռների առջև, պահանջում, որ հայ-ադրբեջանական խաղաղություն խոստացող իշխանությունը քայլեր անի ու մի լուր հաղորդի իրենց որդիներից ու հարազատներից:

«Աշխատում ենք, այս պատասխանից բացի ուրիշ ոչինչ չենք լսել», - դժգոհում է Աիդա Կարապետյանը:

20 օր առաջ հանդիպում են խնդրել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, որը հունիսին Դիլիջանում ընդունել էր Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևին: Արմեն Գրիգորյանից փորձել են պարզել, արդյոք անհետ կորած հայերի ճակատագրով հետաքրքրվե՞լ է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայից: Բայց ըստ Աիդա Կարապետյանի, Գրիգորյանը իրենց հետ չի հանդիպել:

Անհետ կորածների որոնողական աշխատանքը արդյունավետ ու վստահելի կլինի միայն միջազգային կառույցների ներգրավվածության դեպքում, կարծում է Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ Սիրանուշ Սահակյանը:

«Մեր դիրքորոշմամբ, այդ հարցի լուծումը որոնողական մեխանիզմների ինտենսիվացումն է ու տեղեկատվության փոխանակման մեխանիզմների ներդրումը», - ընդգծեց Սահակյանը:

Ըստ նրա՝ այս թեմայով միջազգային հարցումներին Ադրբեջանից պաշտոնապես հայտնում են, թե պատրաստ են համագործակցել, եթե անհետ կորածների ընտանիքները համաձայնեն նմուշներ փոխանակել: Նրանք խոստանում են համեմատել իրենց տվյալների բազայում եղած տեղեկության հետ ու եթե համընկնի, մասունքը կամ մարմինը կհանձնեն:

Վերջերս պաշտոնական Բաքուն հայտարարեց, թե նախատեսում են մեկ հարթակում միավորելով անհետ կորածների վերաբերյալ տվյալները, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները հնարավորություն կունենան անանուն կերպով տեղեկություններ տրամադրել անհայտ կորած անձանց, այդ թվում՝ նրանց հնարավոր թաղման վայրերի վերաբերյալ։ Հայկական կողմից որևէ հրապարակային արձագանք այս նախաձեռնությանը դեռ չի եղել, պարզ չէ՝ երբ և ինչպես է գործարկվելու այդ հարթակը:

44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը մոտ 200 անհետ կորածի հարց է բարձրացնում, ևս 900-ի էլ՝ առաջին պատերազմից, Բաքուն՝ մոտ 4000 անհետ կորածի մասին է խոսում, նրանք ըստ Ադրբեջանի իշխանությունների, անհետ կորել են Ղարաբաղյան առաջին պատերազմում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ադրբեջանի և Հայաստանի միջև կստեղծվի անհայտ կորած անձանց տվյալների բազա». Բոմբերգեր