«Պետական դավաճանության» և «պետական գաղտնիքի հրապարակման» համար մեղադրվող ընդդիմադիր «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի մեղադրանքը փոփոխվել է։
Փաստաբան Արամ Օրբելյանի փոխանցմամբ՝ մեղադրականից դուրս են բերվել մի շարք առանցքային դրվագներ։ Մասնավորապես, փաստաբանի խոսքով՝ նախաքննության ավարտից հետո դատարան ուղարկված մեղադրական եզրակացությունից հանվել է Քննչական կոմիտեի կողմից ավելի վաղ արված այն պնդումը, թե 2024 թվականի ընթացքում Թևանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ Փաստաբանի խոսքով՝ արդեն մեղադրանքում հատուկ ծառայությունների փոխարեն նշվում է հասարակական կազմակերպության մասին։
«Երբ որ մենք նայում ենք մեղադրանքը, հատուկ ծառայությունների կամ պետական մարմնի ձևակերպումները չկան էլ, դուրս են եկել։ Հիմա շփումները եղել են հասարակական կազմակերպության ներկայացուցչի հետ։ Դրա համար եմ ասում՝ այս մեղադրանքը ինքնին այն աստիճանի է առաջինից մինչև հիմա կտրուկ փոխվել... Սա նաև շատ կարևոր է, որ այդ առաջին գաղտնալսումները, ենթադրաբար, հետևելը, պրոցեսները իրականացրել են այն տրամաբանությամբ և դատարանից թույլտվություններ ստանալուց միշտ կառուցվել է այլ հատուկ ծառայությունների կողմից հավաքագրման տրամաբանության վրա։ Հիմա այդ ամբողջը դուրս է գալիս...», - ասաց Օրբելյանը:
«622 հազար դոլար ստանալու մեղադրանք այլևս չկա»
Թևանյանի մեղադրական եզրակացությունից դուրս է եկել նաև մեկ այլ դրվագ։ Ըստ Արամ Օրբելյանի՝ մեղադրանքում այլևս չկա պնդումը, թե իբր Թևանյանը 622 հազար դոլարի դիմաց է պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունը փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին։
«Նման մեղադրանք, այն ինչպես դուք ընթերցեցիք, որպես մեղսագրվող արարք չկա։ 622 հազար դոլար ստանալու փաստ... մեղադրանքի մասին եմ ասում, ապացույց չկար ամենասկզբից, մեղադրանքի մեջ, որ գումար է ստացել, գումարի փոխանցում է եղել, գումար ստանալու ինչ-որ խոստում է եղել, որ պիտի ինքը ստանար ու այդ գումարի դիմաց ինչ-որ գործողություն է արել, չկա», - ընդգծեց Արամ Օրբելյանը:
Փաստաբանի խոսքով՝ ամենամեծ զավեշտն այն է, որ նախաքննության սկզբում 622 հազար դոլարի մասին տեղեկությունը քննչական մարմինը վերցրել է դրամաշնորհի վերաբերյալ նախահաշվից։ Անդրանիկ Թևանյանն այն ժամանակ լինելով քաղհասարակության ներկայացուցիչ՝ տարբեր դրամաշնորհային ծրագրերի նախահաշիվներ է կազմել, այսինքն՝ ընդամենը պլանավորել են, և գումարներ, ըստ Արամ Օրբելյանի, չեն էլ ստացել։
«Այ, ոնց որ մենք հիմա նստենք, ասենք՝ մեզ լավ կլինի մի հատ հետաքրքիր բան կազմակերպենք, ասենք՝ իսկ ինչքա՞ն փող է պետք, նստենք մի հատ նախահաշիվ հաշվենք, ու դրանով ավարտվի։ Գումարի ոչ միայն ապացույց չկա, մեղադրանքում չկա, այդ գումարը չի ստացվել...», - ասաց փաստաբանը:
Ի դեպ, Թևանյանի գործում փոխվել են նաև այն հոդվածները, որոնցով հարուցվել էր քրեական վարույթը։ Եթե Քննչական կոմիտեն դեռ մայիսին հաղորդել էր, որ վարույթը հարուցել են դավաճանության և լրտեսության հատկանիշներով, ապա այժմ լրտեսությունը փոխարինվել է պետական գաղտնիքի հրապարակման հոդվածով։
Իրավապահները պնդում են, որ Թևանյանը 2024 թվականին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի միջոցով սահմանազատման հարցով Ազգային ժողովի փակ նիստից գաղտնի տեղեկություններ է փոխանցել ռուսական մի կենտրոնի։ Փաստաբանի համոզմամբ, մինչդեռ, ապացույցների բացակայությամբ և ենթադրությունների հիման վրա կազմված այս գործը ընդհանրապես դատարան չպետք է գնար։
«Նպատակը Թևանյանին նախընտրական պայքարից հանելն էր»
Արամ Օրբելյանի խոսքով՝ քրեական այս գործը մեկ նպատակ ուներ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երկրորդ համարը զբաղեցնող Անդրանիկ Թևանյանին դուրս բերել ընտրական գործընթացից և նրան ներկայացված ծանր մեղադրանքների միջոցով նաև ընտրողներին հետ պահել «Բարգավաճ Հայաստանի» օգտին քվեարկելուց։
Այն, որ Թևանյանը պետք է ձերբակալվի պետական դավաճանության համար, նախապես, քարոզարշավի ժամանակ Վանաձորում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ակնհայտ է, որ այս գործընթացը ունի ընդամենը մի նպատակ՝ սկզբում Անդրանիկ Թևանյանին ընտրական գործընթացից հանելու... Ինչո՞ւ եմ ասում, որովհետև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այն ծայրը ծայրին էր անցել, հետո ԿԸՀ-ի ինչ-որ թվային հաշվարկների արդյունքում հանեցին՝ ինչ-որ տեղ անվավեր ճանաչելով։ Ակնհայտ է, որ Անդրանիկ Թևանյանի ազատության մեջ լինելը և այս ամպագոռգոռ հայտարարությունները չլինելը՝ պետական դավաճանություն, ամեն դեպքում մի որոշակի քանակության մարդկանց հետ պահեց...», - ընդգծեց Օրբելյանը:
Թևանյանի համոզմամբ՝ իրեն պատժում են ռուսամետ դիրքորոշման համար
Կալանավորված Անդրանիկ Թևանյանն ինքն էլ օրերս բանտից ձայնային ուղերձ էր հղել՝ պնդելով, որ իր դեմ հարուցված այս գործը քաղաքական է և կապված է ոչ այնքան ներքաղաքական, որքան արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ իր ունեցած դիրքորոշման հետ։
«Իմ դեպքում Նիկոլ Փ.-ն պետական դավաճանություն է համարում իր իշխանությանը դեմ լինելը, հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական ու դաշնակցային մակարդակի վրա պահելուն կողմ լինելը, Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի մնալուն կողմ լինելը, Գյումրիում ՔՊ-ի իշխանազրկմանը նպաստելը, սահմանագծման ու սահմանազատման անվան տակ Հայաստանի միակողմանի զիջումներին դեմ լինելը, ադրբեջանական հրահանգով նոր Սահմանադրության ընդունմանը դեմ լինելը», - նշել է Թևանյանը:
Վաղը կմեկնարկի Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատական գործը
Վաղը մեկնարկում է Անդրանիկ Թևանյանի գործով դատավարությունը։ Այս նույն գործով է անցնում նաև «Մայր Հայաստան»-ի մեկ այլ անդամ՝ Արեգնազ Մանուկյանը։ Նրան իրավապահները մեղադրում են պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունը Թևանյանին փոխանցելու համար։ Մանուկյանը ևս մեղադրանքը չի ընդունում։
Փաստաբան Արամ Օրբելյանն ասում է, որ իրենց համոզմամբ՝ այս գործում պետական գաղտնիք էլ չկա, և այդ հարցը կքննարկվի դատական նիստի ընթացքում։