Ամուլսարի ոսկու առաջին ձուլակտորը՝ բնապահպանների չփարատված մտահոգությունների ֆոնին

Վառարանից հանում են Ամուլսարի ոսկու առաջին ձուլակտորը, 10-ը հոկտեմբերի, 2026թ.

Տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր ու եկամուտներ 12.5 տոկոս բաժնեմասի դիմաց. Կառավարության հաշվարկներով՝ առաջիկա ավելի քան տասը տարվա ընթացքում պետությունն այսքան ֆինանսական մուտքեր կունենա Ամուլսարի ոսկու հանքի շահագործումից: Մի կողմում փողն է, մյուսում՝ բնապահպանական ռիսկերն ու մտահոգությունները:

«Եվ մենք էսօր այստեղ ենք, որովհետև համոզված ենք, որ էդ բոլոր ռիսկերը պարզապես տեղ չունեն», - շաբաթ օրը հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ռիսկերի պահով մենք չենք կարող ասել, որ դրանք վերացված են, չկա այդպիսի փաստաթուղթ, որտեղ դա գրված է, փաստաթուղթ չկա», - «Ազատության» հետ զրույցում հակադարձեց բնապահպան Ինգա Զառաֆյանը:

Հանքը շահագործել-չշահագործելու՝ ավելի քան երկու տասնամյակ շարունակվող դիլեման ավարտին հասավ հոկտեմբերի 10-ին, կենսաբազանությանը նվիրված COP17-ից ընդամենը մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկեց ոսկու արտահանումը, վառարանից հանեցին ոսկու առաջին ձուլակտորը: Ծրագրել են ընդհանուր շուրջ 7 հազար տոննա արտահանել:

«Այսօր մենք լրումին ենք հասցնում Ամուլսարի էպոպեան երկարամյա և, իհարկե, սա հաջողության պատմություն է», - վստահեցրեց վարչապետը:

Փաշինյանը՝ հաջողության պատմություն, բնապահապանները՝ հանդուգն ու անպատասխանատու են որակում այս քայլը: Նրանք տարիներ շարունակ բողոքում են հանքի շահագործման դեմ: Ոմանք հանքի շահագործումը կանխելու համար 2018-ին հանքավայր տանող ճանապարհներն էին փակել՝ խոչընդոտելով շինարարական աշխատանքերը։ Ռիսկերը գնահատելու համար Կառավարությունը միջազգային ուսումնասիրություն պատվիրեց, որն էլ հաստատեց՝ չեն կարող հանքի շահագործումն անվտանգ համարել: Ուսումնասիրություն արած «Էլարդ» ընկերության փորձագետները «Լիդիան»-ի ուսումնասիրություններն ու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը թերի, ոչ ամբողջական ու անվստահելի էին համարել։

«Լիդան»-ը, մինչդեռ, վստահեցնում է՝ բարձր չափանիշներով պատասխանատու արդյունահանում են իրականացնելու:

Կառավարությունը, ի վերջո, որոշեց կանաչ լույս վառել հանքը շահագործելու համար, ընկերությունը բաժնեմասերի 12.5 տոկոսը փոխանցեց պետությանը, բացի այդ՝ Կառավարության երաշխիքով «Լիդիան Արմենիա»-ն 150 միլիոն դոլար վարկ վերցրեց ծրագրի համար:

Առանց որևէ նոր փաստաթուղթ հրապարակելու, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ մտահոգությունները փարատվել են. - «Բնապահպանական ոլորտի հետ առնչվող բոլոր հարցերին տվեցինք պատասխան: Ես հիշում եմ տասնյակ խորհրդակցություններ իմ մասնակցությամբ՝ ամենատարբեր ահազանգեր ստուգելու համար»:

Բնապահպանները, մինչդեռ, ահազանգում են՝ հանքի շահագործումը լուրջ ռիսկեր ունի, որոնք ընդհուպ Սևանա լճի համար են սպառնալիք: Ավելի քան վեց տասնյակ հասարակական կազմակերպություններ ու քաղաքացիներ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով հանքի շահագործման մեկնարկը: Բնապահպանները պնդում են՝ պատասխանատուներն այս տարիների ընթացքում իրենց բարձրացրած խնդիրների վերաբերյալ որևէ հիմնավոր հակափաստարկ չեն ներկայացրել: Նրանք հիշեցնում են՝ Վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին եվրոպական կոնվենցիայի մշտական կոմիտեն Հայաստանի կառավարություն պահանջել է շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում իրականացնել, ինչն այդպես էլ չի արվել: Մասնագետներն ընդգծում են՝ 2019-ին հրապարակված հետազոտությամբ «Էլարդ»-ը ներկայիս ՇՄԱԳ փաստաթղթերում տասնյակ բացթողումներ ու անճշտություններ է մատնանշել: Հանքի շահագործումը սպառնում է Որոտան և Արփա գետերին, ահազանգում են մասնագետները:

Մինչ վարչապետ Փաշինյանն հավաստիացումներ է տալիս, բնապահպան Ինգա Զառաֆյանը թվարկում է ռիսկերը. - «Կարող է լինել ցիանային արտահոսք, կարող է լինել ինչ-որ վթար, և այլն, և այլն, իսկ մենք ունենք էնտեղ մեր ամենամաքուր գետերի ջրավազանը՝ Արփա և Որոտան: Ուրիշ, դուք գիտեք, որ բոլոր գետերը մեր մոտ աղտոտված են՝ նույն հանքարդյունբերական գործընթացների պատճառով, բայց էս գետերը բավականին մաքուր են, և նրանք հիմա գտնվում են ռիսկի տակ: Ռիսկի տակ գտնվում է «Ջերմուկ» հանքային ջուրը»:

Հայտարարությանը միացած հասարակական կազմակերպություններն ու քաղաքացիները պահանջում են անհապաղ դադարեցնել հանքի շահագործումը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը հաջողության պատմություն է». ՓաշինյանԱՄՆ դեսպանությունը ողջունում է Ամուլսարի հանքի գործարքը Ռիսկային է. տնտեսագետը՝ կառավարության 150 մլն դոլար երաշխիքի տրամադրման մասինԿառավարությունը 150 մլն դոլարի վարկային երաշխիք է տրամադրում Ամուլսարի հանքի շահագործման համար