Ընդերքը Հայաստանի ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը, Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ընդգծելով, որ «Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը հաջողության պատմություն է», վարչապետը կարևորել է, որ հանքավայրի շահագործման արարողությունն անցկացվում է առանց մոտակայքում բողոքի ակցիաների:
Ջերմուկին հարակից ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը Հայաստանի ամենաաղմկոտ ներդրումային նախագծերից է։ Բնապահպաններն ու հարակից համայնքների բնակիչները տարիներ շարունակ պնդում են՝ հանքի շահագործումը աղտոտման մեծ ռիսկ է առաջացնելու առողջարանային գոտու ջրերի, օդի, հողի համար: Հանքավայր տանող ճանապարհը տեղի բնակիչները 2018-ից փակ էին պահում՝ թույլ չտալով ընկերությանը շինարարություն սկսել։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է, որ տասնյակ խորհրդակցությունների, քննարկումների արդյունքում բնապահպանական ոլորտի հետ առնչվող բոլոր հարցերին տրվել են պատասխաններ: «Մենք այսօր այստեղ ենք, որովհետև համոզված ենք, որ այդ բոլոր ռիսկերը պարզապես տեղ չունեն: Եվ նաև պիտի արձանագրենք, որ ցանկացած զարգացած երկրի համար այս որակի հանքարդյունաբերությունը, որը բնապահպանական և բոլոր սոցիալական առումով պատասխանատու է, երկրի զարգացման կարևորագույն լոկոմոտիվ է, և այստեղ այդ ամեն ինչը տեսնում ենք»,-շեշտել է վարչապետը:
Այս նախագծում Կառավարությունը ունի 12,5 տոկոս բաժնեմաս:
Անդրադառնալով համախառն ներքին արդյունքի աճին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ տնտեսությունը վերջին հինգ տարիներին 7.9 տոկոս տարեկան միջինում աճ է ունեցել և 2018 թվականից երկրի ՀՆԱ-ն 2025 թվականի արդյունքներով՝ 53 տոկոս աճ է ունեցել:
Երկրի ղեկավարն ընդգծել է նաև, որ ՀՀ պետբյուջեի լրացուցիչ եկամուտներ ստանալու հնարավորության արդյունքները կլինեն՝ ճանապարհներ, դպրոցներ, լուսավորություն, անվտանգություն և այլն:
«Այս նախագիծը հաջողություն է հենց սրա համար, որ Հայաստանի Հանրապետությունը սեփական քաղաքացիների անվտանգության, բարեկեցության համար միջոցներ ներդնելու ավելի մեծ հնարավորություն է ստանում: Նոր որակի հանքարդյունաբերությունը նույնպես էական նշանակություն ունի, և մենք այսօր նշում ենք նաև այդ իրադարձությունը, որ այն, ինչի մասին երկար տարիներ խոսել ենք, իրականություն է՝ մենք ունենք նոր որակի հանքարդյունաբերություն», - ընդգծել է Փաշինյանը:
Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագիրն իրականացվում է «Լիդիան Արմենիա» ընկերության և ՀՀ Կառավարության միջև ռազմավարական համագործակցության շրջանակում։ Ընկերությունն Ամուլսարի ծրագրում ներդրել է ընդհանուր առմամբ շուրջ 750 մլն ԱՄՆ դոլար, որից 150 մլն ԱՄՆ դոլարը՝ ՀՀ Կառավարության կողմից տրված պետական երաշխիքի հիման վրա։ Ամուլսարի հանքավայրում նախատեսվում է տարեկան արտադրել շուրջ 210,000 ունցիա ոսկի։