Amnesty International. Իրանում 30 ակտիվիստների մահապատիժ է սպառնում

Իրան - Հրկիզված ավտոմեքենաներ Թեհրանում բողոքի ցույցի և բախումների ժամանակ, 14-ը հունվարի, 2026թ.

Իրանում առնվազն 30 ակտիվիստների մահապատիժ է սպառնում՝ վերջին զանգվածային բողոքի ակցիաներին մասնակցելու համար, հաղորդում է DPA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալները:

Գործակալությունը նշում է, որ օրեր առաջ Amnesty International-ն արդեն հաղորդել էր ութ դեպքերում կայացված մահվան դատավճիռների մասին: Դեռևս քննվող մյուս 22 գործերով նաև երկու դեռահասներ են անցնում:

Իրանի դատական իշխանությունները պաշտոնապես չեն հաստատել մահվան դատավճիռների փաստերից ոչ մեկը:

Amnesty International-ը Իրանի ղեկավարությանը մեղադրում է մահապատիժը այլախոհությունը ճնշելու համար օգտագործելու մեջ: «Որպես զենք օգտագործելով մահապատիժը՝ Իրանի իշխանությունները ձգտում են վախ սերմանել և ճնշել հիմնարար փոփոխություններ պահանջող մարդկանց ոգին», - հայտարարել է կազմակերպության Մերձավոր Արևելքի գծով տնօրենի տեղակալ Դիանա Էլթահավին:

Անցած ամիս իրանական անվտանգության ծառայությունները դաժանորեն ճնշեցին դեկտեմբերի վերջին երկրում սկիզբ առած զանգվածային ցույցերը: Ամերիկյան HRANA (Human Rights Activists News Agency) գործակալության տվյալներով՝ զոհվել է ավելի քան 7 հազար մարդ, նրանց թվում՝ իրավապահ կառույցների 200-ից ավելի աշխատակից: Ձերբակալվել է շուրջ 53 հազար մարդ:

Պաշտոնական Թեհրանի հրապարակած զոհերի թիվը 3 հազար 117 է:

Տնտեսական ճգնաժամի հետևանքով տեղի ունեցած այս հակակառավարական ցույցերը համարվում են ամենալուրջ ակցիաները Իրանում վերջին տարիներին:

Երեկ տեղեկություններ հայտնվեցին, որ բողոքի նոր ակցիաներ են բռնկվել երկրի ամենահայտնի բուհերից մեկում՝ Թեհրանի Շարիֆի անվան Տեխնոլոգիական համալսարանում: Ուսանողական տեղեկագիրը հաղորդում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմում գործող «Բասիջ» կիսառազմական ջոկատի մարտիկների հետ բախումների մասին:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՄ-ն Իրանի ԻՀՊԿ-ն ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպությունԻրանի արժույթը նոր պատմական մինիմումի է հասելԱրաղչի. Իրանում ցույցերի ընթացքում բախումների հետևանքով զոհվել է 3117 մարդԻրանում ինտերնետն արգելափակված է մնում. ցույցերի ժամանակ սպանվածների թիվը «կարող է գերազանցել 30 հազարը»Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը կարող է գերազանցել 20,000-ը. BloombergԻրանում բողոքի ցույցերի ընթացքում բախումների զոհերի թիվը տարբեր աղբյուրներով հասնում է 3300-ից 5000-իԻրանի առաջնորդ Խամենեին մեղադրում է Թրամփին բողոքի ցույցեր հրահրելու մեջ