Իրանը կլուծի իր նահատակների արյան վրեժը և փակ կպահի Հորմուզի նեղուցը՝ որպես ճնշման միջոց, երկրի գերագույն հոգևոր առաջնորդ ընտրվելուց չորս օր անց հայտարարել է Մոջթաբա Խամենեին: Նոր պաշտոնում սա նրա առաջին ուղերձն է, որն ընթերցվել է պետական հեռուստաընկերության եթերում: Պատերազմի առաջին օրերին վիրավորում ստացած առաջնորդը ընտրվելուց հետո, սակայն, դեռ չի ներկայացել հանրությանը:
Խամենեին ասել է, որ տարածաշրջանում ամերիկյան բոլոր բազաները պետք է անհապաղ փակվեն, այլապես դրանք հարձակման կենթարկվեն. «Մենք հավատում ենք հարևանների հետ բարեկամությանը և թիրախավորում ենք միայն բազաները, և մենք անխուսափելիորեն կշարունակենք այդ հարվածները»:
Սպանված հոգևոր առաջնորդի որդին իրանցիներին միասնության կոչ է արել, նաև նշել, որ Իրանը «փոխհատուցում կպահանջի թշնամիներից կամ կոչնչացնի նրանց ակտիվները»։
Մինչ այդ Իրանի խորհրդարանի խոսնակը անդրադարձել էր հաղորդումներին, թե ԱՄՆ-ն մտադիր է գրավել իրանական Խարգ կղզին: Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել էր՝ իրանական հողի դեմ ցանկացած ագրեսիայի դեպքում Պարսից ծոցը «զավթիչների արյամբ կներկվի»:
Անվտանգության ծառայության ղեկավարն էլ պատասխանել է Թրամփի հայտարարությանը, թե ԱՄՆ-ն կարող է մեկ ժամում ոչնչացնել Իրանի էներգետիկ համակարգը: Ալի Լարիջանին զգուշացրել է՝ եթե նման բան անեն, ապա կես ժամում ողջ տարածաշրջանում խավար կտիրի, ինչը լավ հնարավորություն կլինի «ամերիկացի զինծառայողներին» որսալու համար։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր հերթին հայտարարել էր, որ պատերազմ կդադարի, եթե ապահովվեն Իրանի պահանջները՝ ճանաչել Իրանի օրինական իրավունքները, փոխհատուցում վճարել պատճառված վնասի համար և միջազգային ամուր երաշխիքներ տալ, որ հետագայում հարձակում չի լինի երկրի վրա:
ԱՄՆ-ն հաղթել է Իրանի դեմ պատերազմում, սակայն ամերիկյան ուժերը կշարունակեն ռազմարշավը
Դոնալդ Թրամփն ավելի վաղ պնդել էր, թե Միացյալ Նահանգները հաղթել է Իրանի դեմ պատերազմում, սակայն ամերիկյան ուժերը կշարունակեն ռազմարշավը, մինչև գործն ավարտին հասցվի:
ԱՄՆ նախագահը պնդել է, որ առ այսօր ոչնչացրել են Իրանի 58 ռազմանավ և ականներ տեղադրող 31 նավ, ավիացիան, հրթիռային կարողությունների և անօդաչուների մեծ մասը:
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն էլ հայտարարել է, որ Իրանը «օրեցօր կորցնում է իր օդային կարողությունները»:
Փոխադարձ հարվածները չեն դադարում
Մինչ Թեհրանն իր պայմաններն է առաջ քաշում, Վաշինգտոնն էլ ավարտի մասին ակնարկներ չի անում, շարունակվում են փոխադարձ հարվածները: Իսրայելական բանակը հայտարարել է, որ նոր հարվածներ են հասցրել Իրանի կառավարական ենթակառուցվածքներին, նաև մեկ թիրախը, որը, իսրայելական կողմի պնդմամբ, կարևոր է Թեհրանի միջուկային զենք մշակելու ծրագրերի համար։
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ հարձակման են ենթարկվել Արաք, Ֆարդիս քաղաքները, Ռաբաթ Քարիմի արդյունաբերական գոտին, կան տուժածներ: Հարվածների ֆոնին Շվեյցարիան ժամանակավորապես փակել է իր դեսպանատունը Թեհրանում:
Թեհրան, Իրան
Պատերազմի ընթացքում, ըստ իրանական աղբյուների, Իրանում զոհերի թիվն անցնում է 1300-ը, վիրավորներինը՝ 12 հազարը: ՄԱԿ-ի տվյալներով՝ երկրում 3 միլիոնից ավելի մարդ է տեղահանվել:
Զուգահեռ Իսրայելը նաև հարվածում է Լիբանանին: Բանակը հայտարարել է, որ երկրի հարավում ոչնչացրել է Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի հրթիռների արձակման կետեր և զինապահեստներ: Իսրայելական հարվածներից Լիբանանում ևս զոհեր և վիրավորներ կան:
Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված շարժումն իր հերթին հայտարարել է, որ գիշերը 100 հրթիռ է արձակել իսրայելական քաղաքների և բազաների վրա՝ ամենամասշտաբային հարձակումը պատերազմի սկսվելուց հետո: Տուժածների մասին չի հաղորդվում, վնասվել է ռազմական տեխնիկա:
Իսրայելի պաշտպանության նախարարը Լիբանանի նախագահին զգուշացրել է՝ եթե չեն կարողանում վերահսկել «Հեզբոլա»-ին, ապա իրենք ստիպված կլինեն գրավել լիբանանյան տարածքները և անձամբ անել դա:
Լիբանանում պատերազմի ընթացքում սպանվել է 634, վիրավորվել ավելի քան 1500 մարդ:
Բեյրութ, Լիբանան
Իրանն իր հերթին հայտարարել է, որ հարվածել է Իսրայելի անվտանգության գործակալության գլխավոր շտաբին և երկու ավիաբազայի։ Իսրայելում իրանական հարվածներից առ այսօր սպանվել է 14 մարդ, վիրավորվել ավելի քան 2000-ը, որից 179-ը՝ վերջին 24 ժամում:
Իրանը նաև շարունակել է հարվածները Պարսից ծոցի երկրների էներգետիկ ենթակառուցվածքներին՝ Բահրեյնում, Օմանում: Քուվեյթում հարվածել են միջազգային օդանավակայանին, բնակելի շենքի:
Ծոցում ևս երեք նավթատար է հարձակման ենթարկվել, երկուսը՝ Իրաքի մոտ: Նավերից մեկը, ըստ Իրանի, ամերիկյան է: Իրաքը կոչ է արել պաշտպանել ծովային ուղիները» Ծոցում։ Հյուսիսային Իրաքում հրթիռը հարվածել է իտալական ռազմաբազային:
Ծոցի երկրների վրա Իրանի հարձակումները ընդունած բանաձևով դատապարտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Ռուսաստանը և Չինաստանը ձեռնպահ են քվեարկել։
Շարունակվող պատերազմի ֆոնին դեռ փակ է Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը: Չնայած Միջազգային էներգետիկ գործակալությունը երեկ հայտարարեց, որ նավթի պահանջարկը բավարարելու համար 400 մլն բարել նավթ կօգտագործվի ռազմավարական պաշարներից, նավթը կրկին թանկացել է՝ անցնելով 100 դոլարի շեմը:
Չնայած Թրամփն ավելի վաղ ասել էր, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն կապահովի նեղուցով անցնող նավերի անվտանգությունը, ԱՄՆ էներգետիկայի նախարարն ասել է, որ Վաշինգտոնը դեռ պատրաստ չէ դրան, բայց դա տեղի կունենա «շուտով»:
Տարածաշրջանում ամերիկյան և իսրայելական բանկերին հարվածելու Իրանի երեկվա սպառնալիքից հետո ամերիկյան խոշորագույն Citibank-ը հայտարարել է, որ կփակի իր բոլոր մասնաճյուղերը Ծոցի երկրներում, բացառությամբ մեկի։