ԱՄՆ-ը և Իրանը կրկին հարվածներ են փոխանակել. կան զոհեր, վիրավորներ

Իրան - Ամերիկյան զինուժի հարվածի հետևանքով Սիրիկ քաղաքում ավերված տունը, 2-ը սեպտեմբերի, 2026թ.

Միացյալ Նահանգներն ու Իրանն այս շաբաթ արդեն երկրորդ անգամ հարվածներ են փոխանակել, կան զոհեր և վիրավորներ:

Նախ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ գիշերը Իրանի տարբեր հատվածներում հարվածել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազմաթիվ թիրախների: Հրամանատարությունը նշել է, որ դրանք պատասխան հարվածներ էին Հորմուզի նեղուցում առևտրային նավերի և տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների վրա Իրանի՝ ավելի վաղ իրականացրած հարձակումներին։

Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան հարվածներից Իրանում առնվազն 18 մարդ է սպանվել: Զոհերի մեջ կան նաև զինծառայողներ, այդ թվում՝ «Բասիջ» կիսառազմական խմբավորումից: Հարավային Սիրիկ նավահանգստային քաղաքի մոտ ամերիկյան զինուժը, ըստ իրանական կողմի, հարվածել է մի տան, որտեղ այդ պահին հարսանեկան խնջույք էր, առնվազն չորս մարդ է սպանվել, այդ թվում՝ երեխա, ևս 50 մարդ վիրավորվել է:

«Ցավոք սրտի, սա բնակելի տուն է, և, ցավոք, դստերս հարսանիքին տհաճ միջադեպ տեղի ունեցավ … Այն ինձ շատ, շատ է անհանգստացրել և վշտացրել: Եվ իսկապես չգիտեմ՝ ինչ ասեմ։ Պարզապես շնորհակալ եմ Աստծուն, որ ավելի շատ զոհեր չեղան», - ասել է հարսնացուի հայրը՝ Ալի Մոլահին:

Տուժածներից մեկն էլ արդեն հիվանդանոցում պատմել է, որ դեռ նոր էին հասնում հարսանիքի վայր, երբ լսեցին կործանիչի ձայնը, ինչից հետո պայթյուն որոտաց. -
«Երբ ներս մտա, այնտեղ մի մարդ կար, որը գլխին և դեմքին հարված էր ստացել փլատակներից և կորցրել էր գիտակցությունը։ Շատ երեխաներ և կանայք սարսափելի վնասվածքներ էին ստացել, և բոլոր նրանք, ովքեր այնտեղ էին, շարքային քաղաքացիներ էին»։

Իրանցիները համարում են, որ քաղաքացիական անձանց վրա ԱՄՆ զինուժի վերջին հարձակումները թուլության նշան են, այլ ոչ թե ուժի:

«Երբ ԱՄՆ զինուժը գործ է ունենում իրանական զինուժի հետ և տեսնում է, որ իրենց պաշտպանական կարողությունները թուլացած են, նրանք հարձակվում են անմեղ մարդկանց վրա, հարսանիքի նման արարողության մասնակիցների վրա», - ասում է Թեհրանի բնակիչ Մոհամմադ Հասան Հաբիբին:

«Երբ հզոր երկիրը հարձակվում է հարսանեկան խնջույքի վրա, այդ ժամանակ է, որ ի հայտ են գալիս մեր երկրների ակնհայտ տարբերությունները», - իր հերթին, նշում է մեկ այլ թեհրանցի՝ Անսարի անունով:

Ամերիկյան հարձակումներին ի պատասխան՝ իրանական զինուժը հրթիռներով և անօդաչուներով զանգվածային հարձակում է գործել Պարսից ծոցի մի քանի երկրում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ամերիկյան ռազմական օբյեկտների է հարվածել Հորդանանում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրաքում և Բահրեյնում: Քուվեյթում, ըստ կորպուսի, ամերիկյան կողմը զոհեր ունի: ԱՄՆ-ն դեռ չի հաստատել սա:

Հարձակումներին զուգահեռ՝ ԱՄՆ նախագահը հերքել է ենթադրությունները, թե Միացյալ Նահանգների նոր հարվածները նպատակ ունեն ստիպել Թեհրանին, որ բանակցությունների նստի: Դոնալդ Թրամփն ասել է, որ իր համար բացարձակապես կարևոր չէ, թե արդյոք իրանցիները կստորագրեն ինչ-որ համաձայնագիր, որը «նրանց համար որևէ արժեք չունի»:

«Ես շատ ավելի գոհ եմ մեր ներկայիս վիճակից. մենք գրեթե լիովին վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, մինչդեռ նրանց տնտեսությունն ամբողջովին փլուզվում է: Նրանք պարզապես հետաձգում են այն, ինչն անխուսափելի է: Ե՞րբ է իրանցի ժողովուրդը ոտքի կանգնելու և պայքարելու», - գրել է Թրամփը իր Truth Social սոցցանցում;

Երեկ էլ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե Իրանը «լիովին կոչնչացվի», եթե հակահարված տա ամերիկյան հարվածներին։

Չնայած Թրամփի պնդումներին՝ իրադրությունը դեռ էապես չի փոխվել Հորմուզի նեղուցում, որտեղով պատերազմից առաջ փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի և գազի մոտ 20 տոկոսը, իսկ հիմա սահմանափակ թվով նավեր են անցնում:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ նեղուցով առանց Իրանի թույլտվության անցնելու փորձի ժամանակ երկու նավթատար պայթել են ականների վրա և վնասվել:

Կորպուսը նշել է, թե լցանավերը «ամերիկացի գործակալներն» են փորձել անցկացնել նեղուցի «անօրինական ճանապարհով»։ Կորպուսը հիշեցրել է ջրային այս ուղով առանց Իրանի համաձայնության անցնելու ռիսկերի մասին, ապա զգուշացրել, որ նման փորձերը խստորեն կպատժվեն:

Սաուդյան Արաբիան, իր հերթին, հայտնել է, որ Իրանը Հորմուզի նեղուցում հարվածել է իր լցանավերից մեկին, ինչի հետևանքով անձնակազմի երկու անդամ է սպանվել: Ռիյադը դատապարտել է իրանական հարձակումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հորմուզում 2 նավթատար է պայթել ականի վրա և վնասվել. ԻՊՀԿԱմերիկյան հարվածներից Իրանում «Բասիջ»-ի 3 մարտիկ է սպանվել Թրամփը պնդում է, թե չի փորձում Իրանին վերադարձնել բանակցություններիԱմերիկյան հարվածներից Իրանում 4 զինծառայող է սպանվել. ԻՊՀԿ Իրանը զանգվածային հարձակում է գործել Ծոցի մի քանի երկրի վրա Իրանը սպասում է ԱՄՆ-ի քայլերին, Թրամփը չի բացառում նոր ռազմական գործողությունները«Փլուզում չի եղել և երբեք չի լինի». Իրանի ԿԲ նախագահը պնդում է՝ բավարար արտարժույթ ունեն Եթե ԱՄՆ-ն կատարի իր պարտավորությունները, նույնը անմիջապես կանի Իրանը. ՓեզեշքիանԹրամփը պնդել է՝ ամեն գիշեր 30 նավ է անցնում Հորմուզով և չի բացառել նոր հարվածներն Իրանին