ԱՄՆ նախագահը ժամանեց Դավոս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում, 21-ը հունվարի, 2026թ.

Միացյալ Նահանգների նախագահը ժամանել է Շվեյցարիա՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու:

Դավոս Սպիտակ տան ղեկավարի այցը տեղի է ունենում ԱՄՆ և Եվրոպայի միջև լարվածության ֆոնին, որն սկսվեց, երբ ի պատասխան Գրենլանդիան վերցնելու մասին Թրամփի հայտարարությունների՝ եվրոպական մի քանի երկրներ զորք ուղարկեցին Դանիային պատկանող կղզի, ինչից հետո ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ 10 տոկոս հավելյալ մաքսատուրք կսահմանի այդ երկրների համար:

Ավելի վաղ Սպիտակ տանը լրագրողները Թրամփին հարցրել էին, թե որքան հեռուն է պատրաստ գնալ Գրենլանդիայի հարցում, ինչին նա պատասխանել էր. - «Ինքներդ կտեսնեք»: ԱՄՆ նախագահը զգուշացրել էր, որ Գրենլանդիայի հարցում հետդարձ չկա՝ նշելով, որ կղզին «կարևոր է ազգային և համաշխարհային անվտանգության համար»։

Սպիտակ տան ղեկավարից լրագրողները նաև հետաքրքրվել էին, թե արդյոք ՆԱՏՕ-ի հնարավոր փլուզումն այն գինն է, որը նա պատրաստ է վճարել Գրենլանդիայի համար, ինչին Թրամփը պատասխանել էր. - «Ոչ ոք ՆԱՏՕ-ի համար ավելին չի արել, քան ես՝ բոլոր առումներով»։

Այսօր ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահը Եվրոպական խորհրդարանում հայտարարել է, որ մաքսատուրք կիրառելու Թրամփի սպառնալիքները «պարզապես սխալ են»: Ուրսուլա Ֆոն դեր Լայենը պնդել է, որ Գրենլանդիայի ապագան նրա ժողովրդի որոշելիքն է՝ զգուշացնելով, որ հարկադրական միջոցառումները խաթարում են ինչպես երկրների ինքնիշխանությունը, այնպես էլ միջազգային իրավունքը:

Եվրոպան նախընտրում է երկխոսություն, բայց պատրաստ է ցանկացած սցենարի, զգուշացրել է եվրոպացի պաշտոնյան:

«Մենք հասել ենք վճռորոշ կետի։ Եվրոպան նախընտրում է երկխոսությունն ու լուծումները, բայց մենք լիովին պատրաստ ենք գործել, անհրաժեշտության դեպքում, միասնաբար, հրատապ և վճռականորեն», - հայտարարել է ֆոն դեր Լայենը:

Մեծ Բրիտանիայի վարչապետն էլ հայտարարել է, որ տեղի չի տա Թրամփի սպառնալիքներին: Քիր Սթարմերն ասել է, որ ոչ ինքը, ոչ էլ երկիրը մաքսատուրքերի սպառնալիքի տակ չեն զիջելու Գրենլանդիայի ապագայի վերաբերյալ իրենց սկզբունքներն ու արժեքները:

Սթարմերը վերահաստատել է իր դիրքորոշումը՝ Գրենլանդիայի ապագան Գրենլանդիայի և Դանիայի որոշելիքն է, իսկ Թրամփի սպառնալիքները, թե մաքսատուրքեր կսահմանի իրեն դեմ արտահայտվող երկրների վրա, «լիովին սխալ են»։

«Գրենլանդիայի ապագան բաժանարար հարց է, որն այժմ բաժանում է աշխարհը և ունի էական հետևանքներ։ Ես միշտ հստակ և հետևողականորեն արտահայտել եմ իմ դիրքորոշումը Գրենլանդիայի ապագայի վերաբերյալ։ Գրենլանդիայի ապագան բացառապես Գրենլանդիայի և Դանիայի Թագավորության որոշելիքն է», - ընդգծել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Սթարմերը նաև նշել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարևոր են հատկապես պաշտպանության, անվտանգության, հետախուզության և միջուկային կարողությունների, ինչպես նաև առևտրի և բարգավաճման հարցերում։

Մինչ այդ, Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը չէր բացառել, որ Միացյալ Թագավորությունը պատասխան մաքսատուրքեր կարող է կիրառել: Ռեյչել Ռիվզը BBC-ին ասել է, որ Լոնդոնը «չի ենթարկվի որևէ ճնշման» և ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերություններում կգործի ազգային շահերից ելնելով, ինչը նշանակում է «վերացնել առևտրային արգելքները ամբողջ աշխարհի երկրների հետ»։ Նա նաև վստահություն է հայտնել, որ չնայած լարվածության աճին՝ անցյալ տարի ԱՄՆ-ի հետ ստորագրված տնտեսական համաձայնագիրն ուժի մեջ կմնա։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն, իր հերթին, հայտարարել է, որ Թրամփին գովաբանելու ժամանակն «ավարտվել է», և այժմ Եվրոպայից «ավելի կոշտ պատասխան» կարելի է ակնկալել։

Ռասմուսենը, որը նաև Դանիայի նախկին վարչապետն է, BBC-ին ասել է, որ եթե Թրամփը լրացուցիչ մաքսատուրքեր սահմանի ութ եվրոպական երկրների նկատմամբ, ապա պետք է սահմանվեն պատասխան մաքսատուրքեր, քանի որ «Թրամփը հարգում է միայն ուժն ու հզորությունը»։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփի և Պուտինի բանագնացները «շատ դրական» և «կառուցողական» են գնահատում Դավոսի հանդիպումը Politico. Սպիտակ տունը առայժմ չի ցանկանում Թրամփ-Զելենսկի հանդիպում կազմակերպելԹրամփը համաձայնել է Դավոսում հանդիպում ունենալ տարբեր կողմերի հետ՝ Գրենլանդիայի հարցով