ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ն կա՛մ լավ համաձայնագիր կունենա Իրանի հետ, կա՛մ այդ երկրի հետ «այլ կերպ» կվարվի:
ԱՄՆ-ն դիվանագիտությանը կտա հաջողելու բոլոր հնարավորությունները՝ նախքան «այլընտրանքներին» դիմելը, Նյու Դելիում լրագրողներին ասել է Ռուբիոն։
ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ «սեղանին դրված է բավականին հստակ առաջարկ՝ Իրանի կողմից նեղուցը բացելու, ներգրավվել միջուկային հարցի շուրջ շատ իրական, նշանակալի բանակցություններում, որոնց համար կոնկրետ ժամանակահատված է սահմանված, հուսով ենք՝ կկարողանանք դա իրականացնել»։
ԱՄՆ պետքարտուղարը X-ում նաև անդրադարձել է Լիբանանին, նշել. «ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Լիբանանի օրինական կառավարությանը, որը ձգտում է վերականգնել իր իշխանությունը և կառուցել ավելի լավ ապագա իր ժողովրդի համար: «Հեզբոլաի» բռնության սպառնալիքները չեն հաջողվի: Ավարտին է մոտենում այն դարաշրջանը, երբ ահաբեկչական խումբը պատանդ էր պահում մի ամբողջ ազգի»:
Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ մարտի 2-ին, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության: «Հեզբոլա»-ի հարձակումը հանգեցրեց Իսրայելի ցամաքային և օդային նոր հարձակմանը։