ԱՄՆ-ն հայտարարում է՝ «ինքնապաշտպանական» հարվածներ է հասցրել Իրանին

Նավը՝ Բանդար Աբբասի նավահանգստի մերձակայքում, արխիվ

ԱՄՆ զինուժը հայտնել է, որ Իրանի հարավում «ինքնապաշտպանական» հարվածներ են իրականացրել՝ թիրախավորելով հրթիռների արձակման կայաններ, ինչպես նաև իրանական նավեր, որոնք, ամերիկյան կողմի պնդմամբ, փորձում էին ականներ տեղադրել նավագնացության կարևոր ուղիների մոտ։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարությունում նշել է, որ հարվածների նպատակն էր պաշտպանել ամերիկացի զինծառայողներին իրանական ուժերից եկող սպառնալիքներից՝ լարված հրադադարի պայմաններում։

«ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը շարունակում է պաշտպանել մեր ուժերը՝ ընթացիկ հրադադարի շրջանակում զսպվածություն ցուցաբերելով», - ասել է գերատեսչության խոսնակ Թիմ Հոուքինսը։

Հարվածները, ըստ ամենայնի, իրականացվել են Հորմուզի նեղուցի մերձակայքում՝ աշխարհի ռազմավարական կարևորագույն ջրային ուղիներից մեկի շրջանում, որով մինչև Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի սկիզբը անցնում էր համաշխարհային նավթային փոխադրումների զգալի մասը։

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ պայթյուններ են որոտացել հարավային Իրանի Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքում և դրան կից շրջաններում։ Կիսապաշտոնական Mehr գործակալությունն ավելի ուշ տեղեկացրեց, որ իրավիճակը «լիարժեք վերահսկողության տակ է»։

Հարվածներից հետո Հնդկաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հորմուզը «պետք է բաց լինի՝ այսպես, թե այնպես»։

«Այն, ինչ այնտեղ կատարվում է, ապօրինի է, անօրինական՝ անկայունություն է աշխարհի համար, անընդունելի է», - ասել է պետքարտուղար Ռուբիոն։

Անդրադառնալով նեղուցով անցնելու համար վճարներ գանձելու՝ Թեհրանի մտադրությանը՝ Ռուբիոն նշել է․ «Աշխարհում որևէ երկիր կողմ չէ վճարների գանձման համակարգին, բացի Իրանի ռեժիմից։ Ուրեմն՝ դա անընդունելի է»։

Ամերիկյան ռազմական գործողությունը տեղի ունեցավ ամիսներ ձգվող Վաշինգտոն-Թեհրան հակամարտությունը կարգավորելու բանակցությունների ֆոնին։ Ապրիլի 8-ից կողմերը փխրուն հրադադարի ռեժիմում են գտնվում։

Ռուբիոյի խոսքով՝ Թեհրանի հետ գործարք դեռ հնարավոր է և կարող է շուտով կնքվել։

«Կարծում եմ՝ հիմա․․․քննարկումներ են ընթանում նախնական փաստաթղթի կոնկրետ ձևակերպումների շուրջ, այնպես որ դա մի քանի օր կտևի», - ասել է նա։

Մայիսի 25-ին էլ Ռուբիոն Նյու Դելիում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կա՛մ լավ համաձայնագիր կունենա Իրանի հետ, կա՛մ այդ երկրի հետ «այլ կերպ» կվարվի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վաշինգտոնը հայտարարում է՝ Իրանի հետ կա՛մ հրաշալի համաձայնագիր կկնքվի, կա՛մ ընդհանրապես գործարք չի լինիԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ Իրանի հետ համաձայնագիրը 95%-ով ավարտված է, բայց պատրաստ չէ ստորագրմանՎերջին մեկ օրում 32 նավ է անցել Հորմուզով. ԻՊՀԿԻրանից հայտնում են՝ բազմաթիվ հարցերում եզրահանգումներ կան, բայց համաձայնագիրը մոտ չէԹրամփն Աբրահամի համաձայնագրերը կապում է Իրանի գործարքի հետ