ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն

Իրանի Քեշմ կղզին, արբանյակային պատկեր, 10-ը օգոստոսի, 2026 թ.

ԱՄՆ զինուժը հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող և ռազմավարական նշանակություն ունեցող իրանական Քեշմ կղզուն, հայտնում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը:

Reuters-ն իր հերթին նշում է, որ հարվածները եղել են սահմանափակ և խոսքը ռազմական գործողությունների լայնածավալ վերսկսման մասին չէ: Ամերիկացի մի բարձրաստիճան պաշտոնյա գործակալությանն ասել է, որ հարվածները եղել են պաշտպանական բնույթի:

Fox News-ն էլ հայտնում է, որ հարվածներն իրականացվել են ի պատասխան Իրանի կողմից ամերիկյան նավերի վրա հարձակումների:

Ավելի վաղ իրանական IRNA պետական լրատվամիջոցը հայտնել էր, որ Քեշմ կղզում մի քանի պայթյուններ են տեղի ունեցել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը սպառնում է վերսկսել հարվածներն Իրանին, Խամենեին խոստանում է պատասխանել

«Ազատությունը» դիմել է Պենտագոն՝ մեկնաբանության համար, սակայն այնտեղից խորհուրդ են տվել դիմել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությանը, որը դեռ չի արձագանքել:

Քեշմ կղզին գտնվում է Հորմուզի նեղուցի սկզբնամասում, որտեղով պատերազմից առաջ փոխադրվում էր աշխարհում սպառվող բնական գազի ու նավթի մոտ 20 տոկոսը:

Wall Street Journal-ի տվյալներով՝ կղզում գտնվում են մեծ ստորգետնյա հրթիռային կայան, ռազմածովային բազա և խոշոր աղազրկման գործարան։ Այն նախորդ մարտական փուլերում թիրախավորվել է ԱՄՆ ուժերի կողմից, և ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են նաև այն գրավելու հնարավորությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը հաղորդում է նորագույն ՀՕՊ համակարգի միջոցով ամերիկյան 2 անօդաչու ոչնչացնելու մասին

Կղզուն նոր հարվածները տեղի են ունենում նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք միջանկյալ ընտրություններից ընդամենը մի քանի ժամ առաջ և հաջորդում են ԱՄՆ նախագահի հայտարարություններին, որ ԱՄՆ-ն կարող է կրկին հարվածել Իրանին, սակայն ցանկանում է խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով:

Նոյեմբերի 1-ին Այովա նահանգում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ Դոնալդ Թրամփն ասել էր. «Միակ պատճառը, որ ես դեռ չեմ ավարտել Իրանի հետ կապված իմ հաշիվները, այն է, որ ես ուզում եմ բարի լինել …Ես ուզում եմ փորձել փրկել այդ բոլոր կյանքերը, եթե կարողանամ... Բայց ինչ-որ պահի մենք ստիպված կլինենք ուժ կիրառել»:

Իսկ կոնկրետ հարցին, թե միջանկյալ ընտրություններից հետո արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, Թրամփն ասել էր՝ ոչ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանն ու Իրանը խորացնում են միջուկային համագործակցությունը՝ միջազգային վերահսկողության թուլացման պայմաններում

Ամերիկյան The Wall Street Journal-ը, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին հղումով, գրում է, որ ԱՄՆ-ն վերջին շաբաթներին մի քանի անգամ հարվածել է Իրանին, սակայն հարվածները գաղտնի են պահվել:

Թերթի աղբյուրներն ասել են, որ հարվածները պաշտպանական են և նպատակ ունեն թուլացնելու Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացությանը սպառնալու Իրանի կարողությունները:

ԱՄՆ պաշտոնյաներից մեկը WSJ-ին ասել է, որ վարչակազմը դիտավորյալ գաղտնի է պահել այդ հարվածները՝ խուսափելու համար խոշոր մարտական գործողությունները վերսկսելու մտադրության մասին ազդակներ տալուց։