Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Իրանը խորացնում են միջուկային համագործակցությունը՝ միջազգային վերահսկողության թուլացման պայմաններում

Բուշերի ատոմակայանը՝ ռուս-իրականան միջուկային համագործակցության առանցքում
Բուշերի ատոմակայանը՝ ռուս-իրականան միջուկային համագործակցության առանցքում

Ռուսաստանն ու Իրանը ընդլայնում են միջուկային համագործակցությունը՝ երկու երկրների նկատմամբ արևմտյան պատժամիջոցների և միջազգային մեկուսացման պայմաններում։ Համագործակցությունը ներառում է ատոմակայանների կառուցում, միջուկային վառելիքի մատակարարում և միջուկային էներգետիկայի ոլորտում տեխնոլոգիական համագործակցության ընդլայնում։

Թեև Իրանի գործող առաջին ատոմակայանը՝ Բուշերը, երկար ժամանակ եղել է երկու երկրների համագործակցության առանցքը, Մոսկվան և Թեհրանը ծրագրում են կառուցել նոր միջուկային օբյեկտներ և համագործակցել տեխնոլոգիական այլ ոլորտներում։ Այս ամենը հարցեր է առաջացնում, թե որքանով են միջազգային կառույցներն ի վիճակի արդյունավետ վերահսկելու Իրանի միջուկային գործունեությունը։

Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» կորպորացիան առանցքային դեր է ունեցել Բուշերի ատոմակայանի շինարարությունն ավարտին հասցնելու և դրա շահագործումն ապահովելու գործում։ Ատոմակայանի առաջին էներգաբլոկի շինարարությունն ավարտելու պայմանագիրը ստորագրվել է 1995 թվականին, սակայն բլոկը էլեկտրաէներգիայի լիարժեք առևտրային արտադրությունը սկսել է միայն 2013-ին։

«Ռոսատոմը» շարունակել է աշխատանքները կայանում՝ չնայած Մերձավոր Արևելքում ռազմական լարվածության սրմանը։ Փետրվարին Միացյալ նահանգների և Իրանի միջև պատերազմի մեկնարկից հետո ընկերությունը Իրանից տարհանել է իր աշխատակիցների մեծ մասին։ Սակայն նրանցից շատերն արդեն վերադարձել են։ Հոկտեմբերի 11-ի դրությամբ ռուսական միջուկային կորպորացիայի տվյալներով՝ կայանում կրկին աշխատում էր ինժեներատեխնիկական 135 մասնագետ։

Բուշերում շարունակվում է նաև ևս երկու էներգաբլոկի շինարարությունը։ «Ռոսատոմի» տվյալներով՝ երկրորդ էներգաբլոկի կառուցման աշխատանքների ավելի քան 60 տոկոսն արդեն ավարտված է և դրա շահագործումը նախատեսվում է սկսել 2029 թվականին։ Շարունակվում է նաև երրորդ էներգաբլոկի շինարարությունը։

Ո՞վ է առավել շահում այս համագործակցությունից

Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունների խորացմանը զուգահեռ Բուշերի ատոմակայանն ավելի լայն ռազմավարական նշանակություն է ձեռք բերել։ Համագործակցության իրավական հիմքը երկու երկրների միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրն է, որն ուժի մեջ է մտել 2025 թվականի հոկտեմբերին։ Գործնական ճանապարհային քարտեզը, սակայն, 2024-2026 թվականների միջկառավարական համագործակցության ծրագիրն է, որը հաստատվել է 2024 թվականի սեպտեմբերին։

Ռուսաստանի համար միջուկային համագործակցությունն առևտրային հնարավորություններ է ստեղծում՝ միևնույն ժամանակ թույլ տալով պահպանել ազդեցությունը Մերձավոր Արևելքում։

Իսկ Իրանի համար ռուսական աջակցությունը հնարավորություն է օգտվելու միջուկային տեխնոլոգիաներից, մասնագիտական փորձից և միջուկային վառելիքի մատակարարումներից։

Այնուամենայնիվ երկու կողմերի օգուտները պարտադիր չէ, որ հավասար լինեն։ Քարնեգի հիմնադրամի միջազգային խաղաղության հարցերով փորձագետ Նիկիտա Սմագինը 2025 թվականի նոյեմբերին հրապարակված հոդվածում գրել է, որ «հարաբերություններում ուժերի հավասարակշռությունը կրկին հօգուտ Ռուսաստանի է»։

«Իրանը ներդրումների խիստ կարիք ունի, իսկ Ռուսաստանը մնում է հասանելի սակավաթիվ աղբյուրներից մեկը»,- կարծում է Սմագինը։

Իսրայելի Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի (INSS) վերլուծաբանները պնդում են, որ Ռուսաստանը Իրանի հետ համագործակցությունը ավելի շատ դիտարկում է որպես Վաշինգտոնի հետ բանակցություններում իր դիրքերն ամրապնդելու միջոց։ Հունիսին հրապարակված վերլուծության մեջ INSS-ի հետազոտողներ Դմիտրի Կովչեգինը և Արկադի Միլ-Մանը Մոսկվայի քաղաքականությունն Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ բնութագրել են որպես «հաշվարկված հավասարակշռման ռազմավարություն»։

«[Ռուսաստանի քաղաքականությունը ներառում է] ռազմական էսկալացիայի, մասնավորապես՝ միջուկային օբյեկտներին հասցվող հարվածների, հրապարակային դատապարտումը, սահմանափակ աջակցության տրամադրումը, որը չի խաթարում հակամարտության կողմերի միջև ուժերի հավասարակշռությունը, և միջնորդի դեր ստանձնելու առաջարկը՝ միաժամանակ ձգտելով բարելավել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ»,- գրել են հեղինակները։

Նոր ատոմակայան

Միջուկային համագործակցությունը չի սահմանափակվում Բուշերի ատոմակայանով։

2025 թվականի սեպտեմբերին Ռուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Իրանի հարավում՝ Հորմոզգան նահանգում, Հորմուզի նեղուցի մերձակայքում Սիրիկի նոր ատոմակայանը կառուցելու վերաբերյալ։

Իրանի պետական IRNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ գործարքը կազմել է 25 միլիարդ դոլար, իսկ կայանի էներգաբլոկների ընդհանուր հզորությունը նախատեսվում է հասցնել շուրջ 5 գիգավատի։ Համեմատության համար՝ Բուշերի ատոմակայանի ամբողջ համալիրի հզորությունը՝ բոլոր էներգաբլոկների ավարտից հետո, կլինի 3 գիգավատից պակաս։ Սիրիկի ատոմակայանի կառուցման դեպքում Իրանի քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտը տասնամյակներով ավելի սերտորեն կկապվի ռուսական տեխնոլոգիաների և վառելիքի մատակարարումների հետ։

Վերջին տարիներին Ռուսաստանը և Իրանը ամրապնդել են իրենց քաղաքական, տնտեսական և ռազմական կապերը, իսկ Արևմուտքի պատժամիջոցները խրախուսում են երկու երկրներին զարգացնել առևտրի և տեխնոլոգիական համագործակցության այլընտրանքային ուղիներ։

ԱՄՆ-ում գործող Ռազմածովային վերլուծությունների կենտրոնի (CNA)՝ 2025 թվականին հրապարակված վերլուծության համաձայն՝ 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո երկու երկրներն ընդլայնել են ռազմական շփումները, սպառազինությունների փոխանցումն ու տեխնիկական համագործակցությունը։

Երկու երկրները նաև ձգտել են նոր առևտրային համաձայնագրերի, բանկային ոլորտների միջև կապերի սերտացման, սահմանային առևտրի աճի և ռազմավարական ոլորտներում ներդրումների: Այնուամենայնիվ, CNA-ի հետազոտողները նշել են, որ երկու տնտեսությունների միջև մրցակցությունը կարող է
սահմանափակել տնտեսական հարաբերությունների երկարաժամկետ աճը:

Վերահսկողության հետ կապված մտահոգություններ

Ռուս-իրանական համագործակցության ընդլայնումը, հատկապես միջուկային ոլորտում, տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) լուրջ խոչընդոտների է բախվում Իրանի միջուկային գործունեությունը վերահսկելիս։

Հունիսի 4-ին հրապարակված զեկույցում գործակալությունը հայտնել է, որ հունիսի 1–3-ը ստուգում է իրականացրել Բուշերի ատոմակայանում, սակայն հաշվետու ժամանակահատվածում չի կարողացել ստուգումներ անցկացնել Իրանի մյուս հայտարարված միջուկային օբյեկտներում, որոնցից ամենազգայունը չորս ուրանի հարստացման կայաններն են։

ԱԷՄԳ-ն նաև հայտնել է, որ չի կարողացել ստուգել այդ օբյեկտներում միջուկային նյութերի առկա վիճակը կամ հաստատել՝ արդյոք Իրանը դադարեցրել է ուրանի հարստացումը, օգտագործված միջուկային վառելիքի վերամշակումը և ծանր ջրի հետ կապված գործունեությունը։ Մի գործընթաց, որ կարող է նպաստել միջուկային զենքի արտադրությանը և ինչը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ու ԱԷՄԳ-ի համապատասխան բանաձևերի պահանջների համաձայն, պետք է դադարեցված լինի։

Զեկույցում ընդգծվել է միջազգային վերահսկողության լուրջ բացը։ Այնուամենայնիվ, զեկույցի եզրակացություններն արտացոլում են միայն հաշվետու ժամանակահատվածում տիրող իրավիճակը և չեն արտացոլում Իրանի միջուկային օբյեկտներ տեսուչների հասանելիության ներկա վիճակը։

2022 թվականի փետրվարին Ուկրաինայի դեմ սկսած լայնածավալ ներխուժումից հետո Ռուսաստանը լայնածավալ արևմտյան պատժամիջոցների է ենթարկվում։

Սահմանափակումները վերաբերում են նրա տնտեսության առանցքային ոլորտներին, այդ թվում՝ էներգետիկային, ֆինանսներին, առևտրին և պաշտպանական արդյունաբերությանը։ Դրանք նպատակն է սահմանափակել Մոսկվայի՝ պատերազմը ֆինանսավորելու և զինված ուժերի կարիքների համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ ձեռք բերելու հնարավորությունները։

Ռուսաստանը նաև պատժամիջոցների է ենթարկվել մարդու իրավունքների խախտումների և միջազգային անվտանգությանն սպառնալիք համարվող գործողությունների համար։

Իրանը տասնամյակներ շարունակ բախվել է ամերիկյան և միջազգային պատժամիջոցների՝ իր միջուկային ծրագրի, միջուկային զենքի հնարավոր զարգացման վերաբերյալ մտահոգությունների և Մերձավոր Արևելքում զինված խմբավորումներին աջակցելու պատճառով։

Լրացուցիչ սահմանափակումները վերաբերում են Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին, ռազմական գործունեությանը և մարդու իրավունքների խախտումներին։ Վերջին տարիներին պատժամիջոցներն ավելի են խստացվել՝ Իրանի միջուկային գործունեության և Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության, այդ թվում՝ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի կողմից օգտագործվող անօդաչու թռչող սարքերի մատակարարման հետ կապված աճող մտահոգությունների պատճառով։

Միջուկային նախագծերի ընդլայնումը՝ միջազգային վերահսկողության թուլացման պայմաններում, մտահոգություններ է առաջացրել միջուկային զենքի չտարածման հարցերով զբաղվող մասնագետների շրջանում։ Նրանց մտահոգում է թափանցիկության պակասը և զգայուն տեխնոլոգիաների՝ այլ նպատակներով օգտագործման հնարավորությունը։

Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ Ռուսաստանի և Իրանի միջև քաղաքացիական միջուկային համագործակցությունը կարող է հետևանքներ ունենալ էլեկտրաէներգիայի արտադրությունից դուրս։ Մտահոգություններից մեկը Իրանում մինչև 60 տոկոս հարստացված ուրանի կուտակումն է։

Այդ մակարդակին հարստացված ուրանը զենքի համար պիտանի չէ, բայց այն կարող է հետագայում հարստացվել մինչև մոտ 90 տոկոս՝ այն մակարդակը, որը սովորաբար կապվում է միջուկային զենքի արտադրության հետ։

2025 թվականի հունիսին ԱՄՆ-ում գործող Զենքի վերահսկման ասոցիացիան վերլուծության մեջ նշել է, որ մինչև 60 տոկոս հարստացումը «քաղաքացիական նպատակներով որևէ արդարացում չունի և Իրանին հնարավորություն է տալիս կարճ ժամանակում ստանալ ռումբ պատրաստելու համար անհրաժեշտ քանակությամբ զենքային որակի ուրան»։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG