Միացյալ Նահանգներն ու Իրանը հայտարարել են, որ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Ամերիկյան զինուժը նշել է, որ գիշերը ոչնչացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ առնչվող հինգ նավթատար նավ, նաև հարվածներից տեսանյութեր է հրապարակել:
Կենտրոնական հրամանատարությունը նշել է, որ վերջին օրերին Իրանը երկու անգամ փորձել է հրթիռակոծել ամերիկյան մի ռազմանավ, բայց չի կարողացել:
Դրանից հետո ամերիկյան ուժերը Օմանի և Պարսից ծոցերում իրանական հինգ նավթատարի են հարվածել։ ԱՄՆ-ն պնդում է, որ անձնակազմերին նախապես հրահանգել են լքել նավերը։ Հրամանատարության պնդմամբ՝ այս նավերն օգտագործվել են բազմամիլիարդանոց «ստվերային» ցանցում, որը ֆինանսավորում է Իրանի զինուժն ու տարածաշրջանում նրա պրոքսիներին:
Իրանի պատասխան հարվածները
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին հայտարարել է, որ Պարսից ծոցում պատասխան հարվածներ է հասցրել տասը նավի, որից երկուսը՝ ամերիկյան: Առանց հարվածների մասին ապացույցներ ներկայացնելու՝ կորպուսը պնդել է, որ այդ նավերը փորձել են առանց Թեհրանի թույլտվության հատել Հորմուզի նեղուցը։
Իրանը նաև հայտարարել է, որ հարվածել է նաև Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազայի: Սակայն Ամմանը պնդում է, որ որսացել է բոլոր 18 բալիստիկ հրթիռները։
Իրանի արտգործնախարարությունն էլ հայտարարել է, որ ԱՄՆ գործողությունները ոչ միայն սրում են տարածաշրջանում լարվածությունը, այլև հստակ սպառնալիք են տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հերքել է Իրանի պնդումը, թե ամերիկյան նավեր են հարձակման ենթարկվել:
Զգուշացում Վաշինգտոնից
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ զգուշացրել է Թեհրանին, որ ԱՄՆ-ն կշարունակի հարվածել իրանական նավթատարներին այնքան, քանի դեռ նրանք փորձում են հարվածել ամերիկյան զինուժին:
«Իրանը շարունակում է փորձել հարվածել ԱՄՆ ռազմական նավերին։ Եվ ամեն անգամ, երբ նրանք հարվածեն կամ փորձեն դա անել, տանկերներ կկորցնեն», - ասել է Մարկո Ռուբիոն։
Նավթը թանկացել է
Մերձավոր Արևելքում լարվածության աճի և նավթի մատակարարման խափանումների վերաբերյալ մտահոգությունների ֆոնին վերջին օրերին նավթը կրկին թանկացել է, իսկ այսօր մեկ բարելի գինը հատել է 100 դոլարի շեմը: Brent տեսակի նավթի գինը վերջին անգամ 100 դոլարն անցել էր հուլիսի 24-ին, երբ դարձյալ ռազմական գործողություններ կային:
Ավիացիան՝ պատժամիջոցների տակ
Գիշերվա հարվածներից առաջ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր կիրառել Իրանի մնացած բոլոր գործող 27 ավիաընկերությունների նկատմամբ՝ էլ ավելի մեծացնելով ճնշումը Թեհրանի ավիացիոն ոլորտի վրա: ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Իրանն ավիացիան օգտագործում է զենքի, անձնակազմի և անօրինական բեռների փոխադրման նպատակով:
«Թող սա նախազգուշացում լինի բոլոր նրանց համար, ովքեր գործ են ունենում Իրանի մնացած ավիաընկերությունների հետ, որոնց բոլորի նկատմամբ մենք այսօր պատժամիջոցներ կիրառեցինք. դուք համաշխարհային ֆինանսական համակարգից կտրվելու վտանգի տակ եք», - ասել է Սքոթ Բեսենթը:
Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոթն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի հրաժարվի իր արշավից, որի նպատակն է Իրանին զրկել ֆինանսավորման բոլոր հնարավոր ուղիներից, այդ թվում՝ ավիացիայից: