ԱՄՆ-ն արտոնել է պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթակրին ժամանել Կուբա

Տղամարդը ձկնորսություն է անում Մատանզասի տերմինալում կայանված Կուբայի դրոշի ներքո նավարկող նավի մոտ, որտեղից պետք է բեռնաթափվեր ռուսական նավթատարը, փետրվարի 10։

Ռուսական դրոշի ներքո նավարկող Անատոլի Կալոդկին նավը ժամանել է Կուբա, այն բանից հետո, երբ Վաշինգտոնը ժամանակավորապես վերացրեց ռուսական նավթի առուվաճառքի դեմ սահմանված պատժամիջոցները։ Ռուսական էներգակիրների մուտքը կղզի տեղի ունեցավ մի փուլում, երբ կարիբյան երկիրը օրեր շարունակ տառապում էր զանգվածային հոսանքազրկումների պատճառով և ստիպված էր անցնել վառելիքի բաշխման կտրոնային համակարգի։

Վարչակազմի քննադատները ոչ միանշանակ են ընդունել Վաշինգտոնի այս քայլը՝ այն որակելով Մոսկվային տրված պարգևատրում։ Ըստ նրանց՝ նման որոշումը սխալ ուղերձ է, քանի որ Ռուսաստանն Իրանին հետախուզական տվյալներ է փոխանցում։

Ուկրաինայի դեմ 4 տարի ձգվող ռուսական պատերազմը հանգուցալուծելու ջանքերը մինչ օրս արդունք չեն տվել Մոսկվայի կոշտ դիրքորոշման պատճառով․ Կրեմլը շարունակում է Կիևին տարածքային պահանջներ ներկայացնել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն թույլ է տվել ռուսական նավթով բեռնված նավի մուտքը Կուբա

Նավթամթերքի այս խմբաքանակի մատակարարումը առաջինն է անցած երկու ամսվա ընթացքում երկրում, որը էներգետիկ ճգնաժամի պատճառով հայտնվել էր կոլպասի եզրին։ Մինչ այդ՝ այս ամիս ԱՄՆ ֆինանսների նախարարությունն արգելել էր ռուսական նավթի մատակարարումը Կուբա։

Պրիմորսկի նավահանգստից «Անատոլի Կալոդկին» նավը չվերամշակված նավթի 700,000 բարել էր տեղափոխում Կուբա։ Նավերի երթևեկությանը հետևող մասնագետների հաղորդմամբ՝ նավը կանգ է առել Ատլանտյան օվկիանոսում, քանի որ հստակ չէր՝ ԱՄՆ-ն կարտոնի՞ դրա ժամանումը Կուբա։

«Դեմ չենք, որ մատկարարում լինի…քանի որ նրանք պետք է գոյատևեն, – պատասխանելով թեմայի վերաբերյալ լրագրողների հարցերին, ասել էր նախագահ Թրամփը, շարունակելով,- «եթե որևէ մեկը հենց հիմա ցանկանում է նավթ ուղարկել Կուբա, ես խնդիր չունեմ՝ անկախ նրանից՝ դա Ռուսաստանն է, թե ոչ»։

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունից մարտի 30-ին հայտնել էին, որ նավթակիրը ժամանել է կուբական նավահանգիստ։

Իրանի հետ մեկ ամիս ձգվող պատերազմի հետևանքով վառելիքի գները շարունակում են բարձրանալ։ Թրամփի վարչակազմը փորձում է հակազդող քայլեր ձեռնարկել։ Ավելի վաղ ԱՄՆ-ն մեկ ամսով մեղմել էր Ռուսաստանի նկատմամբ կիրառված որոշ պատժամիջոցներ, որոնք սահմանվել էին Ուկրաինայի դեմ պատերազմի համար։

Մի շարք ԱՄՆ կոնգրեսականներ և եվրոպացի առաջնորդներ, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, քննադատել են Սպիտակ տան այդ որոշումը՝ համարելով, որ դա կհարստացնի ռուսական պատերազմի մեքենան։ Զուգահեռ, նախորդ շաբաթ Ուկրաինան Բալթյան ծովում ռուսական նավթամթերքի արտահանման կարևորագույն կետեր էր թիրախավորել։

«Հաջորդը Կուբան է»

Կուբա նավթամթերքի մատակարարման արգելափակումը տեղի է ունենում Հավանայի հանդեպ Վաշինգտոնի սաստկացող ճնշման համատեքստում։ Մայամիում մարտի 27-ին անցկացված տնտեսական ֆորումի ժամանակ Թրամփը հիշեցրել էր Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոյին կալանավորելու մասին, որը իշխանական լուրջ վերադասավորման բերեց լատինաամերիկյան այդ երկրում։

«Մենք շատ էլ լավ հաջողել ենք։ Գիտեք, երբ ես մտա Վենեսուելա…ես եմ կառուցել այս հզոր բանակը։ Ասացի՝ այն օգտագործելու կարիք երբեք չի լինի, բայց մեկ-մեկ պետք է օգտագործել,- ասել է Թրամփը, շարունակելով,-իմիջիայլոց, Կուբան հաջորդն է։ Ձևացրե՛ք, թե չլսեցիք ինձ, խնդրում եմ»։

Թրամփը նշել է, որ Վաշինգտոնը շատ շուտով «ինչ-որ բան կանի Կուբայի հետ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտարարել է, որ Կուբան ցանկանում է «գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Կղզին գտնվում է Ֆլորիդայի ափից 145 կիլոմետր հեռավորության վրա։ ԱՄՆ իշխանությունն այստեղ մշտապես խնդիրներ է ունեցել 1959-ին Ֆիդել Կաստրոյի առաջնորդած հեղափոխությունից հետո, երբ կղզում Խորհրդային Միության հետ մտերիմ, կոմունիստական կառավարություն հաստատվեց։

Թրամփը հայտնել է, որ հրահանգել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին առաջնորդել կուբացի պաշտոնյաների հետ բանակցությունները՝ չբացառելով կղզին «ընկերաբար» վերցնելու հնարավորությունը։