ԱՄՆ-Իրան բանակցությունները կշարունակվեն ամսվա վերջին․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Քուվեյթի օդանավակայանում զրուցում է լրագրողների հետ, 24-ը հունիսի, 2026թ․

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Քուվեյթում հայտարարել է, որ Շվեյցարիայում ամերիկա-իրանական տեխնիկական բանակցությունները կշարունակվեն ամսվա վերջին։

«Տեխնիկական խումբը կվերադառնա, կարծում եմ՝ հունիսի 29-ին կամ 30-ին», - «Ազատության» թղթակցին հայտնել է Ռուբիոն՝ մանրամասնելով, որ քննարկումների հաջորդ փուլում ներգրավվելու են նաև պատժամիջոցների, միջուկային հարցերի և մեխանիզմների իրականացման փորձագետներ ԱՄՆ պետքարտուղարությունից և էներգետիկայի նախարարությունից։

Ռուբիոյի այցերը ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն տեղի են ունենում ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի փխրուն շրջանակային համաձայնության ֆոնին։ Ծոցի արաբական երկրները մտահոգված են տարածաշրջանային անվտանգության և Թեհրանի հետագա հավակնությունների համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մարկո Ռուբիոն ժամանել է ԱՄԷ․ հաջորդիվ Քուվեյթն ու Բահրեյնն են

Քուվեյթի էմիրի և թագաժառանգի հետ հանդիպմանը Ռուբիոն վստահեցրել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ որևէ համաձայնություն չի կնքի Ծոցի երկրների անվտանգության հաշվին։

«Մենք չենք անի որևէ բան, որը կխաթարի տարածաշրջանում մեր վաղեմի դաշնակիցների անվտանգությունը», - ասել է Ռուբիոն։

Դիվանագետի վստահեցմամբ՝ Պարսից ծոցում Վաշինգտոնի ստանձնած հանձնառությունները տեսական չեն, շոշափելի են։

Ռուբիոն անդրադարձել է Իրանի դեմ ԱՄՆ նավթային որոշ պատժամիջոցները 60 օրով դադարեցնելու վիճահարույց որոշմանը՝ արձանագրելով, որ տվյալ մեղմացումը ժամանակավոր է։

«Երբ բանակցությունների մեջ եք մտնում, դա որևէ բան ստանալու և որևէ բան տալու գործընթաց է», - լրագրողների հետ զրուցելիս ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ նախազգուշացնելով Թեհրանին, որ Շվեյցարիայում ստանձնած հանձնառությունները չկատարելը կարող է հանգեցնել պատժամիջոցների վերականգնմանը։

Պետքարտուղար Ռուբիոն արձագանքել է նաև Հորմուզի նեղուցով նավարկության համար տուրքեր նախատեսող նոր «մեխանիզմին», որը, ըստ տեղեկությունների, Թեհրանի առաջարկն է։

Պետքարտուղարը կտրուկ մերժել է այդ գաղափարը․ «Երկրի վրա չգիտեմ որևէ պետություն, որը կողմ կլինի նեղուցներից օգտվելու համար տուրքերի կամ վճարների սահմանմանը․․․Ամբողջ աշխարհը դեմ կլինի դրան»։

Ռուբիոն Իրանին կոչ է արել հնարավորինս շուտ թույլ տալ միջուկային տեսուչների մուտքը երկիր՝ ընդգծելով, որ դա համաձայնության կարևոր կետերից է։

Նա նաև վստահեցրել է, որ Վաշինգտոնը Ծոցի գործընկերներին կտեղեկացնի Իրանի բալիստիկ և դրոնային կարողությունների, ինչպես նաև հարստացված ուրանի պաշարների վերաբերյալ բանակցությունների ընթացքի մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Այս պատերազմը կազմակերպված փորձ էր փոխելու տարածաշրջանային հավասարակշռությունը»․ ՂալիբաֆԱՄՆ-Իրան բանակցություններում արձանագրվել է «լավ առաջընթաց». ՄԱԿ-ում Իրանի դեսպանԻսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ ԿացԲուրգենշտոկում ընթանում են ԱՄՆ-Իրան բանակցությունները՝ փխրուն հրադադարի ֆոնին110-օրյա պատերազմը դադարեցվում է. ԱՄՆ-Իրան համաձայնագիրը ստորագրվել էՀրապարակվել է ԱՄՆ-Իրան համաձայնագրի 14 կետանոց տեքստը