Սպիտակ տունը հաստատել է, որ նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփը, Սի Ծինփինն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Շենժենում անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում:
Դա է վկայում ԱՄՆ նախագահի նոյեմբերի 15-ի օրակարգը, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում: Ըստ դրա՝ եռակողմ հանդիպումը տեղի կունենա Kylin Villa հյուրանոցային համալիրում տեղի ժամանակով 14.30-ին։ Սպիտակ տունն առաջիկա հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չի հաղորդել։
Նոյեմբերի 14-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ռուսական «ՏԱՍՍ» գործակալությանն էր հայտնել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջնորդները կհանդիպեն նոյեմբերի 19-ին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թրամփը Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովում կքննարկի Իրանի հարցն ու միջուկային սպառազինությունների վերահսկողությունըԱյսօր Չինաստանի արտգործնախարարությունն իր հերթին հաստատել է, որ Սի Ծինպինը նոյեմբերի 19-ին եռակողմ հանդիպում կանցկացնի Պուտինի և Թրամփի հետ:
«Նոյեմբերի 19-ին նախագահ Սի Ծինպինը Շենժենում կհյուրընկալի Չինաստան-Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ», - նշված է նախարարության կայքում։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտարարել էր, թե Մոսկվան հույս ունի, որ եռակողմ հանդիպումը դրական կազդի միջազգային ընդհանուր իրավիճակի վրա։
Financial Times-ը գրում է, թե կողմերը որոշել են հրաժարվել նախապես համաձայնեցված օրակարգից: Թերթը համաձայնեցված օրակարգի բացակայությունն «անսովոր որոշում» է համարում հանդիպումը հյուրընկալող Չինաստանի առաջնորդի համար, որը սովորաբար պահանջում է, որ օտարերկրյա առաջնորդների հետ հանդիպումները մանրամասն քննարկված սցենարով անցկացվեն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի միջև գերձայնային զենքերի մրցավազքն արագանում էԸստ թերթի՝ Պեկինը սկզբում առհասարակ զգուշորեն էր վերաբերվում եռակողմ ձևաչափին՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների անկանխատեսելիության պատճառով, սակայն համաձայնել է նման հանդիպում անցկացնել Մոսկվայի և Վաշինգտոնի հետ մի քանի շաբաթ տևած բանակցություններից հետո:
Բրիտանական պարբերականը նշում է, որ Թրամփը մտադիր է հանդիպմանը բարձրացնել միջուկային զենքի վերահսկողության և տարածման հարցերը: Ընդորում՝ նախագահը հույս ունի պարզապես քննարկում սկսել այս թեմայի շուրջ միջուկային երեք խոշորագույն տերությունների միջև, այլ ոչ թե հանդիպումից հետո համաձայնագիր կնքել: Ըստ թերթի՝ հանդիպմանը նախատեսվում է քննարկել Իրանի հարցը, սակայն ուկրաինական հակամարտության կարգավորման թեման օրակարգում չէ:
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը Շենժենում կանցկացվի նոյեմբերի 18-19-ը։