Թրամփը Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովում կքննարկի Իրանի հարցն ու միջուկային սպառազինությունների վերահսկողությունը

Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ Չինաստանում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ՝ աննախադեպ եռակողմ գագաթնաժողովի շրջանակում։ Օրակարգում կլինեն Իրանի հարցն ու միջուկային սպառազինությունների վերահսկողությունը։ Միևնույն ժամանակ, ամերիկացի պաշտոնյաները հայտնել են, որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ ուղղակիորեն չի քննարկվի։

Սպիտակ տունը նոյեմբերի 13-ին հաստատել է, որ երեք առաջնորդները կհանդիպեն նոյեմբերի 19-ին՝ Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Շենչժեն քաղաքում անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։ Այցի ընթացքում Թրամփն ու Պուտինը առանձին երկկողմ հանդիպում չեն ունենա։

Սպիտակ տան խոսնակ Օլիվիա Ուելսը հայտնել է, որ Թրամփը մտադիր է քննարկել աշխարհում միջուկային սպառազինությունների կրճատման հարցը՝ դրանց տարածումը բնութագրելով որպես առանձնապես վտանգավոր երևույթ։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները, սակայն, զգուշացրել են, որ որևէ համաձայնություն չի ակնկալվում։ Նրանց խոսքով՝ հանդիպումը նախնական քննարկում է, որի նպատակն է սկիզբ դնել սպառազինությունների վերահսկողության շուրջ երկխոսությանը։

Իրանը՝ ուշադրության կենտրոնում

Եռակողմ քննարկումը տեղի է ունենում Թեհրանի նկատմամբ Թրամփի վարչակազմի շարունակվող տնտեսական ճնշումների և ռազմական նոր գործողությունների սպառնալիքների ֆոնին, այն դեպքում, երբ Ռուսաստանն ու Չինաստանը սերտ կապեր են պահպանում Իրանի իշխանությունների հետ:

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հաստատել է, որ Թրամփը մտադիր է եռակողմ հանդիպման ժամանակ բարձրացնել Իրանի հարցը, սակայն մանրամասներ չի հայտնել, թե արդյոք Վաշինգտոնը կփորձի ստանալ Մոսկվայի և Պեկինի աջակցությունը՝ հակամարտությունը դադարեցնելու կամ տարածաշրջանում Թեհրանի գործողությունները զսպելու համար։

Միջազգային հարաբերությունների փորձագետ, Ջորջ Մեյսոնի համալսարանի պատվավոր պրոֆեսոր և Ատլանտյան խորհրդի ոչ մշտական ավագ գիտաշխատող Մարկ Կացը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ր Թրամփը կարող է հույս ունենալ Պուտինի և Սիի միջոցով ճնշում գործադրել Իրանի վրա, որպեսզի Թեհրանն ու իրանամետ հութիները դադարեցնեն հարձակումները։ Սակայն, ըստ պրոֆեսորի, քիչ հավանական է, որ Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդները կհամաձայնեն համագործակցել:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում՝ «Ֆեդերալիստական ընկերության» իրավաբանների ազգային համաժողովում, վերահաստատել է Վաշինգտոնի դիրքորոշումը։

Անդրադառնալով հարցին, թե ինչը կարելի է համարել ամերիկյան հաղթանակ Իրանի հարցում, Ռուբիոն պատասխանել է. «Հաղթանակը նշանակում է, որ Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք։ Այս կամ այն կերպ»։

Ռուբիոն Իրանի հոգևոր ղեկավարությանը մեղադրել է ծավալապաշտական քաղաքականություն վարելու, ահաբեկչությանն աջակցելու և Մերձավոր Արևելքում զինյալ խմբավորումներին հովանավորելու մեջ։ Նա մասնավորապես մատնանշել է լիբանանյան «Հեզբոլա»-ն և Իրաքում գործող խմբավորումները:

Ըստ նրա՝ հրթիռային ծրագրի զարգացման և ուրանի հարստացման շնորհիվ Իրանը մոտեցել է միջուկային զենք ստեղծելու շեմին, թեև Թեհրանը հերքում է, որ նման նպատակ ունի:

Ռուբիոն նշել է, որ տնտեսական ճնշումը թուլացրել է Իրանի իշխանություններին, ինչի շնորհիվ նոր ռազմական գործողությունների հրատապ անհրաժեշտությունը նվազել է։ Այնուամենայնիվ, ըստ նրա, առաջնահերթ խնդիր է մնում թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի:

«Այլևս ոչինչ հեռու՝ աշխարհի մյուս ծայրում չէ», - նշել է Ռուբիոն՝ նախազգուշացնելով, որ Իրանի միջուկային կարողությունները կսպառնան ԱՄՆ-ին և տարածաշրջանային նրա գործընկերներին։

Միջուկային խոչընդոտներ

Եռակողմ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել նաև միջուկային սպառազինությունների վերահսկողության հարցը։

Վաշինգտոնի և Մոսկվայի միջև միջուկային սպառազինությունների վերահսկման վերջին գործող համաձայնագիրը՝ Նոր ՍՏԱՐՏ պայմանագիրը, ավարտվել է փետրվարին։ Այսպիսով, ավելի քան հինգ տասնամյակ անց առաջին անգամ վերացել են աշխարհի երկու խոշորագույն միջուկային զինանոցների նկատմամբ գործող սահմանափակումները:

Թրամփը մերժել էր պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու Ռուսաստանի առաջարկը՝ փոխարենը կոչ անելով մշակել նոր, արդիականացված համաձայնագիր, որը կներառի նաև Չինաստանին։

Սակայն այս նպատակին հասնելը լուրջ խոչընդոտների է բախվում։ Պենտագոնի տվյալներով՝ Չինաստանի միջուկային զինանոցը հաշվվում է ավելի քան 600 մարտագլխիկ, այն դեպքում, երբ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն առանձին-առանձին ունեն ավելի քան 5 հազարական մարտագլխիկ։ Պեկինը մեծ հետաքրքրություն չի ցուցաբերել իր համեմատաբար փոքր ներուժը սահմանափակելու հարցում:

«Կարծում ենք՝ ժամանակն է, որ Չինաստանը, այսպես ասած, մեծահասակների սեղանի շուրջ տեղ զբաղեցնի և հասուն քննարկումներ վարի հասուն հարցերի շուրջ», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ ընդունելով՝ խնդիրը բարդ է, սակայն չեն ակնկալում, որ որևէ համաձայնության կհասնեն:

Հադսոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Լյուկ Քոֆին «Ազատության» հետ զրույցում նշել է, որ հանդիպումը Վաշինգտոնին գործնականում քիչ օգուտ կտա:

«Իրականում սա ավելի քիչ եռակողմ հանդիպում կլինի, քան երկկողմ՝ մի կողմում ԱՄՆ-ն, մյուսում՝ Չինաստանն ու Ռուսաստանը, թեև Մոսկվան այդ զույգի կրտսեր գործընկերն է», - ասել է Քոֆին։

Նրա խոսքով՝ դժվար է պատկերացնել, որ հանդիպումը որևէ էական արդյունք կտա, բացի այն, որ Պեկինն ու Մոսկվան կստանան աշխարհաքաղաքական լեգիտիմությունն ամրապնդելու լրացուցիչ հնարավորություն:

Կացը նույնպես թերահավատ է։ «Ազատության» հետ զրույցում նա ասել է.

«Անձամբ ես եռակողմ գագաթնաժողովից որևէ նշանակալի համաձայնություն չեմ ակնկալում: Դա հիմնականում լուսանկարվելու հերթական առիթ կլինի երեք առաջնորդների համար»։

Ուկրաինան՝ օրակարգից դուրս

Ուկրաինայի հարցն օրակարգից դուրս թողնելու որոշումը կայացվել է այն պայմաններում, երբ Վաշինգտոնն առանձին դիվանագիտական շփումներ է վարում Մոսկվայի հետ՝ Ռուսաստանի՝ արդեն գրեթե հինգ տարի շարունակվող ներխուժման շուրջ:

«Վերջին շրջանում մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել ռուսների հետ, սակայն Չինաստանն այդ բանակցային գործընթացի մասնակիցը չէ, ուստի նպատակահարմար չի թվում այնտեղ քննարկել Ուկրաինայի հարցը», - «Ազատությանն» ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Իլոն Մասկը Թրամփին կուղեկցի Չինաստան

Ակնկալվում է, որ Թրամփի՝ Ասիա կատարելիք այցի որոշ հատվածներում նրան կուղեկցի միլիարդատեր Իլոն Մասկը՝ Չինաստանում ունեցած իր լայնածավալ գործարար շահերի պատճառով։ Այցի ընթացքում Թրամփը կլինի Շենչժենում։ Պաշտոնյաները հայտնել են, որ Մասկը չի մասնակցի ո՛չ Սի Ծինփինի հետ պաշտոնական հանդիպմանը, ո՛չ էլ եռակողմ գագաթնաժողովին։

Մասկը ներգրավվում է այս գործընթացում մի ժամանակահատվածում, երբ ԱՄՆ Կոնգրեսում ավելի ու ավելի շատ են պահանջում խստացնել վերահսկողությունը նրա SpaceX ընկերության նկատմամբ։ Այս ընկերությունը պատերազմի ընթացքում ապահովում է Ուկրաինայի հաղորդակցությունը:

Դեմոկրատ սենատորներ Ջին Շահինը և Քրիս Քունսը Մասկից ու SpaceX-ից պահանջել են պահպանել բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում են հոկտեմբերին և նոյեմբերի 12-ին Ուկրաինայում Starlink և Starshield արբանյակային կապի խափանումներին:

Նոյեմբերի 13-ին Մասկին ուղղված նամակում սենատորները նշել են, որ այդ խափանումներն ազդել են ուկրաինական ուժերի օգտագործած կապի միջոցների վրա։ Խոսքը, մասնավորապես, այն համակարգերի մասին է, որոնք ապահովում են ռուսական հարձակումներից քաղաքացիական բնակավայրերը պաշտպանող որսացող անօդաչուների աշխատանքը:

Նրանք նաև հարցականի տակ են դրել Մասկի և վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների իրարամերժ պարզաբանումները՝ կապված այն հարցի հետ, թե ով իրավունք ունի կիրառելու նման սահմանափակումներ։ Սենատորները պահանջել են մանրամասն բացատրել ընդունված որոշումներն ու խստացնել պետական վերահսկողությունը ազգային անվտանգության համար կարևոր տեխնոլոգիական ենթակառուցվածքների նկատմամբ

Թրամփի ասիական շրջագայությունը կմեկնարկի Մանիլայում, որտեղ նա կմասնակցի Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովին և կհանդիպի Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերի հետ։

Դրանից հետո նա կմեկնի Շենչժեն, որտեղ կմասնակցի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին և երկկողմ հանդիպում կունենա Սի Ծինփինի հետ:

Ալեքս Ռաուֆօղլու

​
XS
SM
MD
LG