Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի միջև գերձայնային զենքերի մրցավազքն արագանում է

Չինաստանը զորահանդեսի ժամանակ ցուցադրում է մարտական կիրառման համար պատրաստ իր առաջին գերձայնային թևավոր հրթիռը, Պեկին, սեպտեմբեր, 2025թ.
Չինաստանը զորահանդեսի ժամանակ ցուցադրում է մարտական կիրառման համար պատրաստ իր առաջին գերձայնային թևավոր հրթիռը, Պեկին, սեպտեմբեր, 2025թ.

Ամերիկյան պաշտպանական արդյունաբերության կապալառու Lockheed Martin-ի վերջերս արած հայտարարությունը, որ Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերն այդ ընկերության հետ օդային արձակման նոր գերձայնային հրթիռի արտադրության 694 միլիոն դոլարի պայմանագիր են կնքել, ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի միջև սպառազինությունների մրցավազքի արագացման ամենաթարմ դրսևորումն է:

Գերձայնային հրթիռը ձայնի արագությունը ավելի քան հինգ անգամ գերազանցող կամ ժամում մոտավորապես 6100 կիլոմետր արագություն զարգացնելու ունակ զենք է, որը միաժամանակ կարող է կտրուկ, տևական մանևրներ կատարել Երկրի մթնոլորտում:

Ինչպես նշել է Լոնդոնում տեղակայված Բալթյան միջազգային անվտանգության կենտրոնի (Baltic International Security Center (BISC) պաշտպանության և անվտանգության հարցերով ավագ գիտաշխատող Էվա Սուլան, նորագույն գերձայնային զենքերի համար հատկանշական է արագության, մանևրելու ունակության և թռիչքի հետագծի համադրությունը, ինչը բարդացնում է դրանք հայտնաբերելը, հետևելը և կանխատեսելը, թե որտեղ կարող են լինել որսալու պահին:

Lockheed-ը հայտարարել է, որ ARRW հրթիռի «արտադրությանը պատրաստ լինելը այն կարևորագույն ակտիվ է դարձնում զինված ուժերի համար՝ ապահովելով ի հայտ եկող սպառնալիքներին հակազդելու վճռորոշ հնարավորություն»:

Չինաստանը և Ռուսաստանը, որոնք միջև 2022 թվականի սկզբից «առանց սահմաններ գործընկերություն» է հաստատված, այդ սպառնալիքների շարքում առաջնային տեղ են զբաղեցնում: Պեկինն ունի գերձայնային առաջատար զինանոցն աշխարհում՝ պայմանավորված մեծածավալ արտադրության ռազմավարությամբ: Ռուսաստանը գերազանցում է Միացյալ Նահանգներին գերձայնային զենքերի մարտական կիրառման հարցում՝ օգտագործելով դրանք Ուկրաինա լայնածավալ ներխուժման ընթացքում; Ըստ վերլուծաբանների՝ եթե արտադրության ներկայիս տեմպերը պահպանվեն, մինչև 2035 թվականը Չինաստանը և Ռուսաստանը կունենան 5000 միավոր գերձայնային զենքի համատեղ զինանոց, որից 4000-ը կլինի Պեկինինը:

«Սա խճանկարի մի մասն է, մինչ ԱՄՆ-ը, որոշակի հաջողությամբ, ջանում է արագորեն զարգացնել իր գերձայնային կարողությունները՝ թե՛ պաշտպանական և թե՛ հարձակողական», - «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին ասաց Վաշինգտոնում գործող Անվտանգության քաղաքականության կենտրոնի ավագ գիտաշխատող և ծովային հետևակի պաշտոնաթող գնդապետ Գրանտ Նյուշամը: Վաշինգտոնը «զարմանալիորեն արագ առաջընթաց է գրանցում՝ հատկապես հարձակողական ուղղությամբ, և դա ներառում է ռազմաօդային ուժերը, նավատորմը և ցամաքային ուժերը», - հավելեց նա:

Վաշինգտոնը պլանավորում է գերձայնային զենքերի ծրագրի վրա 2027-2031 ֆինանսական տարիներին ծախսել 37.9 միլիարդ դոլար՝ ձգտելով հասնել Չինաստանին և Ռուսաստանին: Դա ներառում է 10.1 միլիարդ դոլար՝ ցամաքային զորքերի համար 4500 միջին հեռահարության գերձայնային զենքերի տեղակայման նպատակով, 2.1 միլիարդ դոլար՝ ռազմածովային ուժերի կողմից 59 հրթիռ ձեռք բերելու նպատակով, և լայնածավալ ֆինանսավորում ռազմաօդային ուժերի համար՝ ARRW և գերձայնային հարվածային թևավոր հրթիռներ (HACM) ձեռք բերելու նպատակով։

Չինաստանի առավելությունները

Գերձայնային զենքերի մրցավազքում Չինաստանն առաջատար է մի քանի պատճառով: Նախ՝ նա ունի առաջինը գործելու առավելությունը. 2020 թվականին Չինաստանը տեղակայեց մարտական կիրառման համար պատրաստ գերձայնային զենքի առաջին համակարգը աշխարհում՝ բաղկացած DF-17 միջին հեռահարության հրթիռից և DF-ZF գերձայնային սահող թռչող սարքից (HGV):

Գերձայնային զենքի ոլորտում մրցակցությունում Չինաստանի մեկ այլ առավելությունն է արտադրական հզորությունը՝ զուգակցված Ռուսաստանի հետ փաստացի դաշինքով: ««Ռուսաստանը գտնվում է պատերազմական տնտեսության ռեժիմում, իսկ Չինաստանը արտադրական հզոր տերություն է։ Նրանք ի վիճակի են շատ արագ արտադրել այդ հրթիռները՝ ի տարբերություն ԱՄՆ-ի», - «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին ասաց Նյու Յորքում գործող՝ մասնավոր շուկաների տվյալներով զբաղվող PitchBook ընկերության զարգացող տեխնոլոգիաների գծով ավագ վերլուծաբան Ալի Ջավահերին։

Ռուսաստանը և Չինաստանը, ըստ գնահատականների, տարեկան արտադրում են համապատասխանաբար 80 և 370 գերձայնային հրթիռ, այնինչ ԱՄՆ-ը դրանցից հատուկենտ է արտադրում:

Ջավահերին ընդգծում է, որ «սառը պատերազմի» ավարտից հետո ամերիկյան պաշտպանական արդյունաբերությունը կտրուկ կոնսոլիդացվել է և անջատվել կոմերցիոն տնտեսությունից: Պաշտպանական արդյունաբերության կապալառուները կենտրոնացել են Պենտագոնի համար առաջադեմ, փոքր ծավալներով և թանկարժեք պլատֆորմների վրա: Միացյալ Նահանգների զինված ուժերն ի վերջո ձեռք են բերել աշխարհում առաջատար պաշտպանական համակարգեր, սակայն՝ զանգվածային արտադրության և հզորությունների աճի հաշվին:

Աճող սպառնալիք Թայվանի համար

Ամերիկյան ռազմական պլանավորողները մտահոգված են, որ Չինաստանի՝ արագորեն աճող գերձայնային զինանոցը կարող է բարդացնել Թայվանի շուրջ ճգնաժամի դեպքում միջամտելու Միացյալ Նահանգների ջանքերը։ Սա այն ամենահավանական սցենարն է, որը կարող է երկու գերտերություններին ներքաշել զինված հակամարտության մեջ։ Թեև Չինաստանն արդեն իսկ ունի աշխարհում ամենամեծ սովորական հրթիռային ներուժը, գերձայնային զենքերը յուրահատուկ մարտահրավերներ են ստեղծում՝ պայմանավորված իրենց արագությամբ, մթնոլորտի ցածր շերտերով թռիչքով և ընթացքի ժամանակ մանևրելու ունակությամբ։

Անկարող լինելով չեզոքացնել Չինաստանի հրթիռային սպառնալիքը՝ ԱՄՆ հրամանատարները հավանաբար ստիպված կլինեն գործարկել ավիակիրները այդ զենքերի հասանելիության գոտուց դուրս, որը 4000 կմ է միջին հեռահարության հրթիռի համար: Քանի որ ավիակիրների օդանավերի մեծ մասի մարտական թռիչքի շառավիղը 800-ից մինչև 1300 կմ է, ամերիկյան կործանիչները կգտնվեն Թայվանի նեղուցի վրա արդյունավետ հարվածներ հասցնելու կամ օդային գերիշխանություն հաստատելու հնարավորություն ընձեռող տիրույթից շատ հեռու։

«Դա պոտենցիալ կերպով Թայվանի՝ Միացյալ Նահանգների (և Թայվանի ու Ճապոնիայի) կողմից պաշտպանությունն ավելի ծախսատար կդարձնի՝ հաշվի առնելով գերձայնային հրթիռների դեմ ԱՄՆ ներկայիս անհամարժեք պաշտպանությունը», - նշեց Անվտանգության քաղաքականության կենտրոնի վերլուծաբան Նյուշամը՝ հավելելով. - «Այդուհանդերձ, դա Չինաստանին անհաղթահարելի առավելություն չի տալիս, որը նրան դյուրին հաղթանակ կամ առհասարակ հաղթանակ կապահովեր: ԱՄՆ-ը և իր դաշնակիցները Չինաստանին նեղը գցելու բազմաթիվ կարողություններ ունեն դեռ»:

Մասնավորապես, ԱՄՆ-ը Ճապոնիայում և Ֆիլիպիններում հրթիռների արձակման շարժական կայաններ է տեղակայել, որոնք կարող են թիրախավորել Չինաստանի արևելյան ափի տնտեսական կենտրոնները, ռազմածովային բազաները, օդակայանները և հրամանատարական հանգույցները:

Գերձայնային զենքերի մրցավազքը մի կողմից Միացյալ Նահանգների և մյուս կողմից Չինաստանի ու Ռուսաստանի միջև հավանաբար առաջիկայում կինտենսիվանա, քանի որ երեք երկրներն էլ ձգտում են ընդլայնել իրենց համապատասխան զինանոցները:

Այդուհանդերձ, վերլուծաբանները նշում են, որ գերձայնային զենքերի՝ իրավիճակը արմատապես փոխելու ներուժը չարժե գերագնահատել։

«Գերձայնային զենքերը ռազմավարական մրցակցության մեջ դառնում են գնալով ավելի կարևոր տարր», - ասաց Էվա Սուլան Բալթյան միջազգային անվտանգության կենտրոնից՝ շարունակելով. - «Սակայն ես կզգուշանայի դրանք ներկայացնել որպես տեխնոլոգիական այնպիսի ձեռքբերում, որն առանձին վերցրած կփոխի պատերազմի վարման բնույթը։ Ուկրաինայի փորձը բավականին հստակ ցույց տվեց, որ ռազմական արդյունավետությունն ավելի ու ավելի է կախված նրանից, թե ինչպես են համակցվում և կիրառվում տարբեր հնարավորություններն ու միջոցները, այլ ոչ թե որևէ առանձին զենքի տեխնոլոգիական կատարելությունից»։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG