Ամերիկյան մամուլի ժողովածուն սադրա՞նք է

«Սա պետություն է հարգելիներս, սա պետություն է»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ պետությունում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը չի կարող Արցախի թեմայով գիրք նվիրել Միացյալ Նահանգների փոխնախագահին, որովհետև պետությունը փակել է Արցախի հարցը։ Վարչապետ Փաշինյանն այսօր հաստատեց՝ ինքն է ինստիտուտի տնօրենին հեռացնելու ցուցում տվել.

Նիկոլ Փաշինյան.- «Այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի՝ իմ ցուցումով»։

«Ազատություն».- Դա եղել է Արցախի մասին իր խոսելը, նաև գիրք նվիրե՞լը, դուք դա համարել եք կառավարության քաղաքականությանը հակառակ ինչ-որ գործողությո՞ւն։

Նիկոլ Փաշինյան.- «Այո, ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն և խնդրել եմ, որ դիմում գրի»։

Փաշինյանը շարունակում է հիմնավորել՝ երկրում արտաքին քաղաքականություն վարում է կառավարությունը, պետական պաշտոնյաները պիտի հետևեն դրան:

Նիկոլ Փաշինյանը

«Երբ երկրի վարչապետն ասում է, որ ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրելն ի՞նչ է նշանակում, էս երկրում քանի՞ հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի»,- ասում է վարչապետը։

Ինչ գիրք է նվիրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արդեն նախկին տնօրենը Վենս ամուսիններին

«Ազատությունը» հենց այդ օրն էր տեսանյութ պատրաստել. Էդիտա Գզոյանը պատմում էր՝ 5 գիրք է նվիրել, դրանցից մեկը ամերիկյան մամուլի արձագանքն է՝ հայերի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ՝ 1905–1921 թվականներին: Պատմական վկայությունների ժողովածու է, ոչ թե Արցախյան հիմնահարցի թեմայով գիրք:

«Անդրկովկասում թաթարների վերաբերմունքը հայերին, նրանց ագրեսիան հայերի նկատմամբ, էլի վերցված ամերիկյան մամուլից»,- պատմում էր Հայոց ցեղասպանության թանգարան -ինստիտուտի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանը։

Ինչու է ամերիկյան մամուլի այս հավաքածուն որակվում քաղաքական սադրանք ու շեղում Հայաստանի արտաքին քաղաքականությունից, Էդիտա Գզոյանը հրաժարվեց մեկնաբանությունից: Ի դեպ, թե՛ այս ժողովածուն, թե՛ մնացյալ գրքերը հուշահամալիր այցելող բարձրաստիճան դեմքերից շատերին են նվիրել, Վենս ամուսինների այցը բառացիորեն կրկնել է նախորդ պաշտոնական այցերի սցենարը: Նույնիսկ երթուղին է նույնը՝ Մեծ Եղեռնի հուշահամալիրից բացի՝ Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի մոտ, հետո Արցախյան առաջին պատերազմում զոհված ազատամարտիկների գերեզմանին:

«Պետությո՞ւն ենք, թե՞ սա ինքնագործ խմբակ է, որտեղ մեր ստեղծագործական պոտենցիալն ենք փորձարկում,- զայրանում է Փաշինյանը, տեղի ունեցածը՝ այդ գիրք նվիրելը, համարում պետական արարողակարգից դուրս մի բան: Թանգարան-ինստիտուտից տեղեկացանք սակայն, որ Միացյալ Նահանգների փոխնախագահի այցից առաջ կառավարական արարողակարգից որևէ ճշտում, առաջարկ, դիտարկում, համաձայնեցում չի եղել, ոչ մի հանձնարարություն, որ տարիների ավանդույթը պետք է փոխել: Հայտնի չէ՝ վարչապետ Փաշինյանն արդեն պատժե՞լ է պաշտոնական արարողակարգի պատասխանատուներին, թե՞ այդ քայլը դեռ առջևում է:

Հրաչյա Թաշչյանը

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր առույգ էր միայն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։ Դիվանագետ, վարչապետ Փաշինյանի նախկին օգնական, նրա աշխատակազմի արտաքին կապերի վարչության նախկին պետ Հրաչյա Թաշչյանն արդեն զբաղեցնում է Էդիտա Գզոյանի աշխատասենյակը, բայց պաշտոնական նշանակումը վաղը կլինի:

«Տեղյակ չեմ բացարձակապես, չգիտեմ՝ ինչ գիրք է, սխալ կլինի ինձ մեկնաբանություններ հարցնել տվյալ հարցի վերաբերյալ»,- ասաց Հրաչյա Թաշչյանը, հավելելով՝ բոլոր հարցերին կպատասխանի երբ նշանակում լինի, միայն մի հարցի անմիջապես արձագանքեց. վարչապետի կողմից ճնշում չէ՞ ակադեմիական հաստատության վրա. «Ոչ մի ճնշում տեղի չի ունենում։ Ակադեմիական աշխարհը, այսինքն՝ էս հիմնարկը, էս հաստատությունը պետք է շարունակի իր աշխատանքը նույն հունով, ինչով որ աշխատել է։ Բոլոր բաժինները շարունակում են իրենց աշխատանքը»։

Թանգարան- ինստիտուտի բաժիններից մեկը կոչվում է Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ցեղասպանության թանգարանի տնօրենի հրաժարականը՝ առանց բացատրության. աշխատակիցները խոսում են պարտադրանքի մասին

«Ազատությունն» արդեն պատմել է, որ Էդիտա Գզոյանին պարտադրված հրաժարականից հետո թանգարան-ինստիտուտի ամբողջ անձնակազմը՝ 74 հոգի վարչապետին էր դիմել՝ այդ պարտադրանքը վերանայելու խնդրանքով: Համարում են, որ Գզոյանը բարձրակարգ գիտնական է ու ինստիտուտին մեծ հաջողություններ է բերել: Արտառոց է այն, որ կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը այս հաստատությունը կառավարող հոգաբարձուների խորհրդի անդամներին ու աշխատակիցներին տնօրենի ազատման բոլորովին այլ հիմնավորում էր ներկայացրել.

«Դե, մեզ ասում են, որ դա շինարարության հետ կապված խնդիր է, բայց, մի տեսակ անլուրջ է, էլի»,- հոգաբարձուների խորհուրդը գլխավորող ֆրանսահայ ցեղասպանագետ Ռայմոնդ Գևորգյանը, մի քանի այլ անդամներ այս սկանդալի պատճառով վայր են դրել լիազորությունները: Նրանց թվում նաև ազգագրագետ Հրանուշ Խառատյանն է, որ համաձայն չէր Գզոյանի հեռացման հետ, բայց միայն այսօր Փաշինյանից տեղեկացավ, որ շինարարությունը չէ պատճառը.

Հրանուշ Խառատյանը

«Ճիշտն ասած, ինձ համար շատ մեծ անակնկալ էր։ Այսօր մեր նախագահը, մեր վարչապետը, կարծես թե, ինքն է մտնում ոլորտ և ինքն է որոշում ակադեմիական ազատությունների և գիտահետազոտական կենտրոնների ասելիքի շրջանը։ Մի քիչ տարօրինակ է, թե օրինակ, այս 30 տարիներին արված աշխատանքները, հրատարակված գործերն ի՞նչ են անելու, սրանք է՞լ են համարվելու սադրիչ գործողություններ, թե՞ մնալու են, այսինքն՝ մենք 37 թիվ ենք վերադառնալու և հավաքելու են գրադարաններում առկա, այդ թվում՝ նաև աշխարհի շատ տարբեր գրադարաններում առկա մեր հրատարակություննե՞րը, թե՞ հիմա քաղաքական վեկտորին ընթացիկ գրվող գրականությունը դառնալու է առաջնային, և ակադեմիական հետազոտողները դառնալու են կարևոր դեմքերը, նրանք, ովքեր գրելու են ոչ սադրիչ նյութեր»,- ասում է Հայոց Ցեղասպանության թանգարան -ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ Հրանուշ Խառատյանը։

Խառատյանի կարծիքով՝ Փաշինյանի խոսքը սպառնալիք է ակադեմիական ազատությանը։ Հիշում է՝ խորհրդային տարիներին Ադրբեջանի ճնշմամբ Հայաստանի Կոմկուսը գիտնականներին ստիպում էր ոչ թե միջնադար ուսումնասիրել, այլ, օրինակ՝ դասակարգային պայքարը։

«Մենք վերադառնում ենք մի տխուր իրավիճակ, որը վաղուց արդեն հայտնի է իր երկրների և ժողովուրդների նկատմամբ սադրիչ գործողություններով»,- ըստ Խառատյանի՝ սադրիչը այս արգելանքն է, ոչ թե գիրք նվիրելը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վենսը կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՎենսը ջնջել է Ծիծեռնակաբերդ այցի մասին X-ում գրառումը. աշխատակազմից պարզաբանել ենԲաքվում գտնվող հայերի հարցն Ադրբեջանում կբարձրացվի. ՎենսՃարտարապետները պահանջում են դադարեցնել Ցեղասպանության հուշահամալիրի վերանորոգման աշխատանքները