Տասներորդ գիշերն անընդմեջ Միացյալ Նահանգների և Իրանի միջև փոխհրաձգությունը շարունակվել է, գրում են միջազգային լրատվամիջոցները։
Նախքան ԱՄՆ-ը կվերկսեր հարվածները, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը ծանր գին կվճարի զոհված ամերիկացի զինծառայողների համար։
«Ամեն անգամ, երբ Իրանը ամերիկացի զինծառայող սպանի, բազմապատիկ ավելին է վճարելու։ Այս հրահանգը փոխանցվել է պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին, գլխավոր շտաբերի միասնական պետ Դանիել Քեյնին և բանակի բոլոր ղեկավարներին», - սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանին հինգ ժամ տևած հարվածների մասին։
«ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել Իրանի ռազմական հրամանատարական կենտրոններին, ծովային կարողություններին, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կայանքներին, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգերին՝ թուլացնելու համար Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա հարձակումներ գործելու Իրանի կարողությունը», - մանրամասնել են զինվորական կառույցից։
Իրանում պայթյուններ են լսվել Թավրիզում, Չաբահարում, Քոնարակում, Բանդար Մահշահրում և Բանդար Իմամ Խոմեյնիում։ Թավրիզից հարավ-արևմուտք մեկ մարդ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են, հայտնել է իրանական պետական IRNA լրատվականը։
Իրանի պատասխան գործողությունների թիրախում այս գիշեր Քուվեյթն ու Բահրեյնն են եղել, AFP-ի փոխանցմամբ՝ հայտնել են Իրանի պետական լրատվամիջոցները։
Կիսապաշտոնական «Թասնիմ»-ը հաղորդել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կամիկաձե տեսակի ԱԹՍ-ներով ամերիկյան ռազմական օբյեկտներ է թիրախավորել Քուվեյթում՝ վարչական շինություններ և ալեհավաքներ Արիֆջանում, ուղղաթիռի կայանման վայր Ալ-Ադիրիում, զորանոցներ «Ալ-Ջաբեր» բազայում, անօդաչուների անգարներ «Ալի Ալ-Սալեմ» ավիաբազայում և այլ ռազմական տեխնիկա։
Բահրեյնի վերաբերյալ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Մուհառաք շրջանում գտնվող ամերիկյան հակաօդային պաշտպանության և ռադարյին համակարգեր է ոչնչացրել։ IRIB պետական հեռուստալիքի հաղորդմամբ՝ ԻՀՊԿ-ն նաև պնդել է, թե հրթիռների և ԱԹՍ-ների համակարգված հարձակման արդյունքում Ալ-Ռիֆա շրջանում ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգ է ոչնչացվել։
Չդադարող փոխհրաձգությանը զուգահեռ պահպանվում են նաև համաշխարհային էներգետիկ մատակարարումների համար առանցքային Հորմուզի նեղուցի շուրջ մտահոգությունները։
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ երկու նավթատար է պայթել նեղուցի «անապահով» երթուղով անցնելու փորձի ժամանակ։
Միացյալ Թագավորության ծովային առևտրի գործակալությունն էլ իր հերթին հայտնել է անհայտ արկի կողմից Հորմուզում նավի խոցման մասին։
Միաժամանակ, Եմենի՝ Իրանի աջակցությամբ գործող հութիները նախօրեին հայտարարեցին Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային էմբարգո սահմանելու մասին՝ էլ ավելի սրելով ԱՄՆ-Իրան պատերազմը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Եմենի հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային էմբարգո սահմանելու մասինԵթե ծովային այս շրջափակումն իրագործվի, Սաուդյան Արաբիայի տնտեսությունը կարող է կանգնել նոր խնդիրների առջև՝ զրկվելով ելքից դեպի Կարմիր ծովի նավահանգիստներ, որոնք կենսական նշանակություն ունեն նավթի արտահանման համար, մինչ տարանցումը Հորմուզի նեղուցով մնում է սահմանափակված։
Ակնկալվում է, որ շրջափակումը կվնասի նաև համաշխարհային շուկաները, որոնք կախված են Սաուդյան Արաբիայից՝ աշխարհում սպառվող նավթի առաջատար արտահանողից։ Սաուդյան Արաբիան օրական ավելի քան 10 միլիոն բարրել նավթ է արտադրում։