Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալական նամակ է հղել իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփին՝ երախտագիտություն հայտնելով ԱՄՆ ղեկավարի կողմից ստեղծվող Խաղաղության խորհրդին մաս կազմելու հրավերի համար։
«Ես ընդունում եմ այս հրավերը՝ որպես Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև փոխշահավետ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցության, ինչպես նաև Ադրբեջանի՝ տարածաշրջանում և աշխարհում խաղաղության և կայունության հաստատման գործում ունեցած դերակատարության ճանաչման վկայություն», - գրել է Ալիևը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս, ինչպես հաղորդվեց երեկ, ընդունել է ԱՄՆ նախագահի առաջարկը՝ միանալ Խաղաղության խորհրդին։
Ավելի վաղ Սպիտակ տունը հրապարակել է Գազայի հատվածի համար «Խաղաղության խորհրդի» կազմը, որում ընդգրկվել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիֆ Ուիթքոֆը, Թրամփի փեսա Ջարեդ Քուշները, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյրը, ամերիկացի գործարար Մարկ Ռոուենը, Համաշխարհային բանկի ղեկավար Աջայ Բանգան և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Գաբրիելը: Գազայի հատվածի կառավարման ազգային կոմիտեն կգլխավորի Ալի Շաաթը, ով ավելի վաղ բարձր պաշտոններ է զբաղեցրել Պաղեստինի ազգային վարչակազմում, իսկ կապող օղակը «Խաղաղության խորհրդի» և Գազայի հատվածի կառավարման ազգային կոմիտեի միջև կլինի բուլղարացի դիվանագետ Նիկոլայ Մլադենովը: