Ադրբեջանի նախագահը, դիմելով եվրոպացի առաջնորդներին, կրկին քննադատեց Եվրախորհրդարանին ու Եվրոպայի խորհրդին՝ «հայամետ բանաձևերի» ու «սադրիչ քայլերի համար»։
Բաքվից տեսակապով միանալով Երևանում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, Ալիևը պնդեց, թե այդ կառույցները «թիրախավորում են Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ»։
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից՝ 2021-ից մինչև 2026-ը, Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Վերջինը՝ այս գագաթնաժողովից ընդամենը 4 օր առաջ»,-հայտարարել է Ալիևը, պնդելով, թե դրա փոխարեն եվրոպացի պատգամավորները պետք է անդրադառնան եվրոպական ընտանիքի «հիմնարար խնդիրներին՝ միգրացիա, իսլամաֆոբիա, մրցունակության բացակայություն»։
Ավելի վաղ Եվրախորհրդարանը Հայաստանի վերաբերյալ բանաձև էր ընդունել, որով վերահաստատվում է ԵՄ աջակցությունը ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ քայլերին։ Բանաձևը առանձին կետով վերահաստատում է աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, ներառյալ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև նրանց անվտանգ, անարգել և արժանապատիվ վերադարձի իրավունքին՝ միջազգային երաշխիքների ներքո։ Բանաձևը դատապարտում է նաև «Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորվածների և պատանդների անարդարացի կալանավորումը», պահանջում նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակում։
Արձագանքելով այդ բանաձևի ընդունմանը՝ Ադրբեջանի Միլի Մեջլիս որոշել է խզել կապերը Եվրախորհրդարանի հետ:
Այսօր Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Եվրոպական քաղաքական համայնքի նախորդ՝ Տիրանայում կայացած հավաքին եվրոպացի առաջնորդներն են «խնդրել իրեն միանալ Երևանում անցկացվող գագաթնաժողովին, Հայաստանն էլ չի ընդդիմացել, որ և 2028-ին հավաքը կայանա Բաքվում»։ «Սա մեր միջև խաղաղության ևս մեկ ցուցիչ է»,- ասել է նա։
«Մենք ավելի քան 9 ամիս խաղաղ ապրում ենք արդեն և սովորում ենք ապրել խաղաղության մեջ։ Խաղաղությունն արդեն իրականություն է»,- հայտարարել է Ալիևը՝ հատուկ ընդգծելով, որ դրա կարևոր բաղադրիչներից մեկը Թրամփի ուղին է, որը անցնելու է Հայաստանով դեպի Նախիջևան և դառնալու է Միջին միջանցքի մի մաս։ «Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները»,- ասել է Ադրբեջանի նախագահը։