Եվրախորհրդարանը երեկ ձայների գերակշռող մեծամասնությամբ՝ 476 կողմ, 47 դեմ հարաբերակցությամբ, Հայաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել, որով վերահաստատվում է ԵՄ աջակցությունը ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ քայլերին։
Եվրոպական խորհրդարանի բոլոր խմբակցությունների աջակցությամբ ընդունված փաստաթուղթը կարևորում է հունիսին Հայաստանում ազատ, արդար և խաղաղ խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ ընդգծելով, որ քվեարկության ելքը պետք է որոշի միայն հայ ժողովուրդը։ Միաժամանակ նշվում է ապատեղեկատվության, անօրինական ֆինանսավորման, ընտրակաշառքի դեմ պայքարի անհրաժեշտության մասին։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ բանաձևն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և կոչ է անում հասնել համապարփակ խաղաղության պայմանագրի՝ ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության հիման վրա։ Բանաձևը առանձին կետով վերահաստատում է աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, ներառյալ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև նրանց անվտանգ, անարգել և արժանապատիվ վերադարձի իրավունքին՝ միջազգային երաշխիքների ներքո։ Մինչ պաշտոմական երևանը խուսափում է դատապարտել Ստեփանակերտում վերջին շաբաթներին հայկական երկու եկեղեցիների քանդումը Ադրբեջանի կողմից, Եվրախորհրդարանի փաստաթուղթը կոչ է անում «պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար պատասխանատուներին», և Ղարաբաղ հրավիրել միջազգային գնահատման առաքելություն։
Բանաձևը դատապարտում է նաև «Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորվածների և պատանդների անարդարացի կալանավորումը», պահանջում նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակում։
Դիմելով եվրոպական կառույցներին՝ խորհրդարանը հորդորել է ավելացնել Հայաստանին հատկացվող ֆինանսական և տեխնիկական աջակցությունը ՝ հատկապես էներգետիկ, թվային և տնտեսական դիմակայունության ոլորտներում։
Արձագանքելով այս բանաձևի ընդունմանը՝ Ադրբեջանի Միլի Մեջլիս այսօր որոշել է խզել կապերը Եվրախորհրդարանի հետ:
Երեկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բանաձևը որակել էր «անհիմն և կողմնակալ», պնդելով, որ «ղարաբաղի հայերը կամավոր են լքել տարածաշրջանը»: Բաքուն նաև կրկնել էր՝ Եվրախորհրդարանի կողմից որպես ռազմագերի բնորոշված անձինք «կատարել են լուրջ հանցանքներ, այդ թվում՝ ռազմական հանցագործություններ»: