Ալիև. Մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները Եվրոպայի խորհրդի հետ, բայց նրանք պետք է առաջին քայլն անեն

«Մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները Եվրոպայի խորհրդի հետ, բայց նրանք պետք է առաջին քայլն անեն»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Նույնիսկ եթե Ադրբեջանն ամբողջությամբ դուրս գա Եվրոպայի խորհրդից, երկրում գործնականում ոչ ոք չի նկատի դա»,- APA-ի փոխանցմամբ ասել է Ալիևը:

«Մինչև 2023 թվականի սեպտեմբերը Ադրբեջանը երբեք որևէ պատժամիջոցի չէր ենթարկվել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում։ Իսկ 2024 թվականի հունվարին Վեհաժողովը քննարկեց ադրբեջանական պատվիրակության լիազորությունները և զրկեց քվեարկության իրավունքից։ Սա, իբր, կապված է եղել մարդու իրավունքների հետ: Սակայն, եթե դա իսկապես այդպես լիներ, հավանաբար ավելի վաղ նման քայլ կարվեր։ Դա ուղղակի պատիժ էր այն բանի համար, որ մենք վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալիևը քննադատեց Եվրախորհրդարանին ու Եվրոպայի խորհրդին՝ «հայամետ բանաձևերի» համար

Ավելի վաղ՝ Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահը տեսակապի միջոցով դիմելով եվրոպացի առաջնորդներին, կրկին քննադատել էր Եվրախորհրդարանին ու Եվրոպայի խորհրդին՝ «հայամետ բանաձևերի» ու «սադրիչ քայլերի համար»։

Արձագանքելով Ալիևին Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ասել էր.- «ԵՄ խորհրդարանը ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձևերը ընդունվում են մեծամասնության ձայնով։ Դրա արդյունքները գուցե անհարմարություններ են ստեղծում շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխի մեր աշխատակարգը և այն դիրքորոշումը, որը որդեգրում ենք»:

Եվրոպական խորհրդարանն ամիսներ առաջ ձայների գերակշիռ մեծամասնությամբ վերահաստատել էր իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին՝ ներառյալ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխիքների ներքո։ Կոչ անելով հասնել համապարփակ խաղաղության պայմանագրի՝ բանաձևը միաժամանակ դատապարտել էր «Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորվածների և պատանդների անարդարացի կալանավորումը», պահանջել նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակում։

Ադրբեջանի ԱԳՆ-ն «անհիմն և կողմնակալ» էր որակել Եվրախորհրդարանի բոլոր խմբակցությունների աջակցությամբ ընդունված փաստաթուղթը:

Ալիևն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը միացել է Եվրոպայի խորհրդին 2001 թվականին.- «Մենք միացանք որոշակի հույսերով ու սպասումներով։ Մենք հույս ունեինք, որ անդամակցությունը կօգնի լուծել ղարաբաղյան հակամարտությունը և վերականգնել մեր ինքնիշխանությունը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանի Միլի մեջլիսը որոշեց կասեցնել հարաբերությունները Եվրախորհրդարանի հետԲաքուն որոշել է դադարեցնել հարաբերությունները Եվրախորհրդարանի հետ երեկվա բանաձևից հետո