ՖԻՖԱ-ից կրկին հայտարարում են՝ Իրանը կմասնակցի աշխարհի առաջնությանը

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը, արխիվ

ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Մատիաս Գրաֆստրոմը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնյաների հետ քննարկումներից հետո հայտարարել է, որ ֆուտբոլի կառավարման համաշխարհային մարմինը պատրաստվում է ողջունել Իրանին 2026 թվականի աշխարհի առաջնությանը։

Reuters-ի փոխանցմամբ՝ գլխավոր քարտուղարը, որը ՖԻՖԱ-ի երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է՝ նախագահ Ջանի Ինֆանտինոյից հետո, մայիսի 16-ի ուշ երեկոյան Թուրքիայում կայացած հանդիպումը «գերազանց և կառուցողական» է որակել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ստամբուլում կհանդիպեն ՖԻՖԱ-ի և Իրանի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնյաները

2026 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվելու է ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։

Չնայած ամերիկյան կողմի հավաստիացումներին, Իրանի մասնակցությունը ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարին հարցականի տակ է հայտնվել փետրվարի 28-ին այդ երկրի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի պատերազմի մեկնարկից հետո։

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը նույնպես Թուրքիայում տեղի ունեցած քննարկումները «դրական և կառուցողական» է որակել՝ հիշեցնելով, սակայն, որ ամերիկյան իշխանությունները մինչ այս պահը վիզաներ չեն տրամադրել Իրանի հավաքականի ֆուտբոլիստներին և անձնակազմին։

Ապրիլի 30-ին էլ հայտնի էր դարձել, որ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնյաներին արգելվել է մուտք գործել Կանադա՝ մասնակցելու ՖԻՖԱ-ի նիստին։ Կանադայի կառավարությունն այս դեպքից հետո հայտարարել էր՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնյաներին արգելվում է մուտք գործել Կանադա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնյաներին արգելվել է մուտք գործել Կանադա

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ապրիլին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների կառավարությունը դեմ չէ Իրանի հավաքականի մասնակցությանը աշխարհի առաջնությանը, հստակեցնելով, սակայն․ «Նրանք չեն կարող մեր երկիր բերել ԻՀՊԿ ահաբեկիչների մի խումբ և ձևացնել, թե նրանք լրագրողներ կամ մարզիչներ են»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը կմասնակցի աշխարհի առաջնությանը. ՖԻՖԱ-ի նախագահ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտարարել է, որ համաձայն է Իրանի մասնակցությանն Աշխարհի առաջնությանը