ԱԳՆ-ն չի ասում՝ դիմե՞լ է Ադրբեջանին երրորդ երկրի կողմից հայ գերիներին տեսակցելու նպատակով

Ադրբեջան - Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի դատարանում, արխիվ

Հայաստանի արտգործնախարարությունը պետք է թափանցիկ կերպով հանրությանը տեղեկացնի՝ արդյո՞ք պաշտոնապես դիմել է Բաքվին երրորդ երկրի կողմից Ադրբեջանում պահվող հայ գերիներին տեսակցելու հարցով, «Ազատության» հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

«Հստակեցված չէ՝ երրորդ երկիրը տվե՞լ է իր համաձայնությունը, և արդյո՞ք այդ երրորդ երկրի թեկնածության առնչությամբ պաշտոնական դիմում ներկայացված է Ադրբեջանի իշխանություններին», - ասաց Սահակյանը:

Անցած տարի մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ դիմել էին արտաքին քաղաքական գերատեսչությանը՝ խնդրելով ԱԳՆ-ին դիմել չեզոք որևէ երկրի, որի հյուպատոսական ծառայողները կայցելեն Ադրբեջանում պահվող հայ գերիներին և տեղում կծանոթանան նրանց վիճակին: Սակայն Հայաստանի արտգործնախարարությունը այդ դիմումն անարձագանք էր թողել:

Արտգործնախարարությունը, սակայն, այսօր լրատվամիջոցներից մեկին փոխանցել է, թե Հայաստանը դիմել է չեզոք երկրի՝ հյուպատոսական այց կազմակերպելու և Բաքվում գտնվող հայ գերիներին տեսակցելու խնդրանքով:

Միաժամանակ, արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է, թե այցի կազմակերպման համար անհրաժեշտ է Բաքվի համաձայնությունը։

ԱԳՆ-ն նաև չի մեկնաբանում՝ արդյո՞ք Հայաստանն արդեն դիմել է Բաքվին երրորդ երկրի կողմից այցելության կազմակերպման համար:

Նախարարությունը նաև չի մանրամասնում, թե կոնկրետ ո՞ր երկրին է խնդրանքով դիմել, և արդյո՞ք այդ չեզոք երկիրն արդեն ընդունել է հայ գերիներին տեսակցելու Հայաստանի առաջարկը:

«Ազատություն»-ն այս հարցերի վերաբերյալ հարցում է ուղարկել արտաքին քաղաքական գերատեսչությանը և պատասխանը ստանալուն պես այն կհրապարակի:

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, հղում անելով միջազգային պրակտիկային, նշում է, որ այս տեղեկությունները հրապարակային են և պետք է հասանելի դառնան հանրությանը:

«Եթե պայմանավորվածություն ձեռք է բերվել, և դրական մոտեցում է ցուցաբերել երրորդ երկիրը, ճիշտ է, որ այդ անունը լինի թափանցիկ հանրության համար, և նաև Արտաքին գործերի նախարարությունը թափանցիկ կերպով պաշտոնապես դիմի Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի համաձայնեցնի թեկնածությունը», - ընդգծեց իրավապաշտպանը:

Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչը նշում է, որ ըստ ընթացակարգի՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք համաձայնության գան թեկնածու երկրի շուրջ: Միայն դրանից հետո փաստացի հնարավոր կլինի իրականացնել այցելությունը:

Իրավապաշտպանի խոսքով, Ադրբեջանում պահվող 20 հայ գերիներին այցելությունն այս պահին հույժ կարևոր է՝ հաշվի առնելով, որ անցած տարվանից նրանք հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ: Որոշ ռազմագերիներ իրենց ընտանիքների հետ 40 օրը մեկ հեռախոսով շփվելու հնարավորություն ունեն, ինչն է՛լ ավելի ծանր վիճակում է դնում ընտանիքներին:

«Նման ահազանգեր մենք ստացել ենք լուրջ վնասվածքների վերաբերյալ», - նշեց Սահակյանը:

Իրավապաշտպանը գերիների հարազատներից տեղեկություններ է ստացել, որ ադրբեջանական բանտում պահվող հայ պատանդներից ոմանք նաև վնասվածքներ ունեն: Հնարավոր չէ ճշտել՝ արդյոք բռնության հետևանքով են այդ վնասվածքները հասցվել:

Ադրբեջանի իշխանությունների պահանջով անցած տարի փակվեց Բաքվում գործող Կարմիր Խաչի գրասենյակը, և հայ պատանդների պահման ու առողջական վիճակի մասին անկախ տեղեկատվություն ստանալու հնարավորություն չկա:

«Անկախ բժիշկներ զննելու և առողջական վիճակի մասին հավաստիանալու հնարավորություն չունեն, և նման պայմաններում կա բացարձակ մեկուսացվածություն արտաքին աշխարհից», - ընդգծեց Սիրանուշ Սահակյանը:

ԱԳՆ պաշտոնյաները խոստացել են քննարկել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանն առնչվող հարցերը

Ի դեպ, Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կնոջն ԱԳՆ-ում օրերս ընդունել են նախարարության Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջյանը և Հումանիտար հարցերի բաժնի պետ Վրեժ Քարդումյանը:

Այս հանդիպմանը, որ տեղի ունեցավ տիկին Զոնաբենդի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված երկու նամակներից հետո, մասնակցել են նաև Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները:

Այս քննարկմանը մասնակցած Սիրանուշ Սահակյանն «Ազատությանը» փոխանցեց, որ խոսել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին այցելելու՝ Վերոնիկա Զոնաբենդի մարդասիրական նախաձեռնության մասին: ԱԳՆ պաշտոնյաները խոստացել են քննարկել, թե «պետությունը ինչ չափով կարող է աջակցել այդ նախաձեռնության իրականացմանը»: Արտաքին քաղաքական գերատեսչությունը հարցը քննարկելուց հետո կտեղեկացնի արդյունքների մասին:

Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է ազգությամբ ոչ հայ հայտնի կին իրավապաշտպաների ուղեկցությամբ մեկնել Ադրբեջան՝ գերեվարված 20 հայերին տեսակցելու նպատակով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ահազանգում է հայ գերիների առողջական խնդիրների, ոտնահարված իրավունքների մասինԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել «Ինձ հետ կապ չի հաստատվել»․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Բաքու կանանց այցի կազմակերպման մասին«Այդ վճիռը վաղուց կայացված է». Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտիցԼյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմում է Ալիևին. «Թույլ տվեք զանգահարել կնոջը» «Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել». իրավապաշտպան