«Նիկոլ Փաշինյանը գրաքննությամբ է զբաղված». «Մոնթե» ֆիլմի շուրջ աղմուկը չի մարում

«Մոնթե» ֆիլմի պրեմիերայից առաջ «Մոսկվա» կինոթատրոնի տանիքին զենքերով բեմադրության շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զայրույթն անհետևանք չմնաց։ Համացանցը փոթորկած քննարկումները դեռ թեժ էին, երբ կինոթատրոնի ղեկավարությունից շատ արագ պարզաբանեցին՝ իրենք որևէ կապ չունեն բեմադրության հետ, ավելին՝ պարտավորվեցին հետագայում նմանատիպ իրավիճակներում հաշվի առնել վարչապետի դիտողությունները:

«Պրեմիերայի գեղարվեստական ձևավորումը, երաժշտական և պարային բեմադրությունների ընտրությունը, դրանց բովանդակությունը, ինչպես նաև օգտագործված բեմադրական ատրիբուտները բացառապես ֆիլմի պրեմիերայի կազմակերպիչների իրավասության տիրույթում են և դուրս են «ԿինոՄոսկվա» կինոթատրոնի պայմանագրային իրավասությունների շրջանակից։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով վարչապետի նկատառումները, պատրաստակամ ենք հետագայում համանման իրավիճակներում առավել հետևողականություն դրսևորել», - ասված է հայտարարությունում։

Հայաստանի ազգային հերոս, արցախյան առաջին պատերազմի հրամանատար Մոնթե Մելքոնյանին նվիրված ֆիլմի պրեմիերային նախորդած բեմադրությունը «Մոսկվա» կինոթատրոնի տանիքին խիստ վրդովեցրել է Հայաստանի վարչապետին։ Երբ լրագրողը երեկ հետաքրքրվեց՝ պատրաստվո՞ւմ է Նիկոլ Փաշինյանը դիտել Մոնթեի մասին ֆիլմը, կառավարության ղեկավարը առիթն օգտագործեց և հրապարակավ կշտամբեց նախաձեռնության հեղինակներին։

«Հետո էլ ասում են՝ Հայաստանում բռնապետություն է՝ էդ ո՞վ են էդ մարդիկ, որ «ԿինոՄոսկվայի» կռիշին ավտոմատներով պարում էին, ո՞վ էր թույլ տվել: Գային ավտոմատներով շենքի մեջ պարեին, գնային Ազգային ժողովում ավտոմատներով պարեին, Նաիրի Հունանյանին էլ հետները տանեին», - արձագանքել է Փաշինյանը:

Թիվ մեկ պաշտոնյայի այս դժգոհությունները հենց բռնաճնշում է որակում մշակութային գործիչ, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը։ Նրա խոսքով՝ եթե այդպես չլիներ, «Մոսկվա» կինոթատրոնից չէին շտապի բացատրել տեղի ունեցածն ու խոստանալ հաջորդիվ ավելի հետևողական լինել:

«Ես սա դիտարկում եմ, որպես ակնհայտ գրաքննություն ու առաջին անձով տարածվող գրաքննություն, ինչը կարող է ունենալ ամենատարբեր հետևանքներ: Ամեն ինչ կախված է հանրության հակազդեցությունից ու հանրության ամուր կամ կուռ լինելուց, այդ թվում՝ մշակույթի գործիչների համախմբվածությունից ու խոսույթից, որով իրենք կհակադրվեն վարչապետի նմանօրինակ պահվածքին», - ասաց նա:

Սա առաջին դեպքը չէ, երբ վարչապետ Փաշինյանը միջամտում է ստեղծագործական բովանդակությանն ու փորձում դրանում իր ուղերձներն ու թեզերը տեղավորել։ Նմանատիպ աղմկահարույց միջադեպ էր գրանցվել նաև անցած տարի, երբ «Ցանկապատ» ներկայացումից հետո վարչապետը դերասաններից պահանջել էր հստակեցնել ուղերձները, ապա նրանց պատմել էր կառավարության քաղաքականության մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թող դերասանների խումբ հավաքի, բեմադրություններով զբաղվի, հանդիսատեսը կորոշի՝ Փաշինյանի «Ցանկապատը» նայի, թե ոչ. Թոխատյան

Ինչո՞ւ է կառավարության ղեկավարը գրաքննում ստեղծագործողներին. Մաթևոսյանն առաջարկեց հարցն ուղղել հենց վարչապետին։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, պարզվեց՝ այստեղ էլ պատերազմի ռիսկ է տեսնում:

«2026 թիվ, նոյեմբեր, ինչ-որ մարդիկ ավտոմատներով «ԿինոՄոսկվայի» կռիշին պարում են, դա նորմալ տեսարա՞ն է: Հետո պիտի վերադառնանք «Եռաբլուրի» ընդլայնման ու չընդլայնման թեմաներին, հա՞: Մեր պատկերացումն այն է, որ ավտոմատներով կռիշների վրա պարելու ենք ու «Եռաբլուրը» նեղանալո՞ւ է, ոչ թե ընդլայնվի՞», - ասել է վարչապետը:

Համացանցում վարչապետին ուղղված քննադատությունների շրջանակը չի սահմանափակվում միայն ստեղծագործական բովանդակությանը միջամտելու, գրաքննություն իրականացնելու մեղադրանքներով: Հնչում են նաև կարծիքներ, թե Նիկոլ Փաշինյանին անհանգստացնում է կոնկրետ Մոնթեի մասին ֆիլմի ցուցադրությունը: Ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, սակայն, առաջարկում է Փաշինյանին ուղղված քննադատությունները մի կողմ թողնել. իրեն այլ հարցեր են հուզում:

«Նժդեհի մասին ֆիլմ նկարեցին, Վազգեն Սարգսյանի մասին նկարեցին, Մոնթեի մասին նկարեցին շատ պարզունակ ֆիլմեր: Մեր զինվորները, սպարապետները ողբերգական կերպարներ են և՛ իրենց անձնական կյանքում, և՛ հասարակական կյանքում: Մեզ մարդը հետաքրքրիր չի, դրա համար էլ հետաքրքիր չեն գիտնականները, արվեստագետները: Ինչի՞ ենք ձևանում խաղաղասեր, եթե խաղաղասեր լինեինք Թումանյանի մասին ֆիլմ կնկարեինք, այն Թումանյանի մասին, որ սպիտակ դրոշը վերցրած ման էր գալիս թուրքական ու հայկական գյուղերով ու խաղաղության էր քարոզում», - ասաց Բաբայանը:

Մոնթե Մելքոնյանի ֆիլմից Բաքվում էլ են զայրացել. իշխանամետ վերլուծաբանները զինվորականին վարկաբեկող նյութեր են տարածում, ֆիլմի ցուցադրությունը կապում Հայաստանում տիրող ռևանշիստական տրամադրությունների հետ։

Այս պայմաններում, երբ Հայաստանի ղեկավարը անգամ մշակութային միջոցառումներում պատերազմի վտանգ է տեսնում, ինչպե՞ս պետք է վարվեն ստեղծագործող մարդիկ։ Դավիթ Մաթևոսյանը կարճ է պատասխանում՝ մնան աներեր։

Կնայի՞ վարչապետը «Մոնթե» ֆիլմը, թե՞ ոչ, Նիկոլ Փաշինյանը դեռ չգիտի: