Փաշինյանի՝ ավտոմատներով պարի քննադատությունից հետո «Կինոմոսկվան» խոստանում է «առավել հետևողական լինել»

Նիկոլ Փաշինյանն այսօր քննադատել էր նոյեմբերի 25-ին կայացած պրեմիերայի ընթացքում ԿինոՄոսկվայի տանիքին ինքնաձիգներով պարային բեմադրությունը։

ԿինոՄոսկվան հայտարարել է, որ չի մասնակցել «ՄՈՆԹԵ» ֆիլմի պրեմիերայի երաժշտական և պարային բեմադրության մշակմանը, կազմակերպմանը կամ իրականացմանը և որ պրեմիերայի գեղարվեստական ձևավորումը, երաժշտական և պարային համարների ընտրությունը, դրանց բովանդակությունը և օգտագործված բեմադրական պարագաները կազմակերպիչների պատասխանատվության ներքո են եղել։

ԿինոՄոսկվայի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կինոթատրոնը տարածքի վարձակալության պայմանագրով այն տրամադրել է ֆիլմի արտադրող «ԳԵՆԵՏԻԿ ՓՐՈԴԱՔՇՆ» ընկերությանը։

Նիկոլ Փաշինյանն այսօր քննադատել էր նոյեմբերի 25-ին կայացած պրեմիերայի ընթացքում ԿինոՄոսկվայի տանիքին ինքնաձիգներով պարային բեմադրությունը։

«Ես տեսա, որ Մոսկվա կինոթատրոնի վրա ավտոմատներով պարում էին, և ավելի աբսուրդ տեսարան ուղղակի դժվար է պատկերացնել», - ասել էր վարչապետը։

Նա նշել էր, որ նման տեսարանը կարող է հարցեր առաջացնել նաև այլ երկրներում։ Լրագրողի դիտարկմանը, թե դա ֆիլմից տեսարան էր, Փաշինյանն արձագանքել էր.

«Թող գային ավտոմատներով կառավարության շենքում պարեին, գնային Ազգային ժողովում ավտոմատներով պարեին, Նաիրի Հունանյանին էլ հետները տանեին»։

Կինոթատրոնի ղեկավարությունը իր հայտարարության մեջ նշել էր, որ նոյեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցրած նկատառումներից հետո պատրաստ է հետագայում նման դեպքերում ավելի հետևողական լինել։

«ՄՈՆԹԵ» ֆիլմի պրեմիերան կայացել էր նոյեմբերի 25-ին՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը։

​
XS
SM
MD
LG