Ադրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն

Քուրմուխի Սուրբ Գիորգի եկեղեցին, արխիվ

Պաշտոնական Բաքուն այսօր անընդունելի է որակել Վրաց Պատրիարքության հայտարարությունը Քուրմուխի վանքի՝ Սուրբ Գիորգի եկեղեցու վերաբերյալ, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում և որն ադրբեջանցիներն անվանում են «Քյուրմյուք»:

Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության համաձայն, որը փոխանցում է APA լրատվական գործակալությունը, Վրաց Պատրիարքության հայտարարությունը «հակասում է Ադրբեջանի և Վրաստանի միջև գոյություն ունեցող բարեկամության, գործընկերության և բարիդրացիության ոգուն»:

Ադրբեջանի տարածքում գտնվող աշխարհագրական և պատմական տեղանունները ներկայացնելը այլ անվանումներով անընդունելի է, պնդում է Բաքուն՝ անհասկանալի համարելով «Վրաց Պատրիարքության մոտեցումը, որը հավակնություններ է պարունակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ»:

Ադրբեջանի ԱԳՆ-ը խորհուրդ չի տալիս Վրաց Պատրիարքությանը «կրկնել Հայկական եկեղեցու հայտնի մոտեցումը և գնալ նրա ճանապարհով»:

Վրացական «Գրուզիա Օնլայն» պարբերականի փոխանցմամբ՝ Վրաց Պատրիարքություննը երեկ իր հայտարարությամբ մտահոգություն էր արտահայտել Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Քուրմուխի վանքում իրականացվող աշխատանքների կապակցությամբ:

«Թեև Քուրմուխի վանքն այսօր գտնվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում, այն մեր երկրի և եկեղեցու պատմական և հոգևոր կարևորագույն հուշարձան է», - ընդգծել էր Պատիրարքությունը՝ հավելելով, որ վանքում աշխատանքների վերաբերյալ որևէ տեղեկատվություն չեն ստացել Ադրբեջանի պետական գերատեսչություններից:

«Տագնապ են հարուցում վերջին օրերին մեդիատարածքում տարածված տեղեկատվությունը և լուսանկարներն ու տեսանյութերը պատմական Էրեթիում, Քուրմուխիում Սուրբ Գիորգի եկեղեցում և նրան հարող տարածքում իրականացվող աշխատանքների մասին», - նաև հայտարարել էր Վրաց Պատրիարքությունը:

Երկու երկրների միջև պարբերաբար խնդիրներ են ծագում նաև սահմանին գտնվող Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վրաց ուղղափառ եկեղեցին պնդում է՝ «Դավիթ Գարեջի» վանական համալիրը վրացական ինքնության անբաժան մասն է «Դավիթ Գարեջին Վրաստան է և վերջ»․ ցույց Թբիլիսիում «Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ իրավիճակը կրկին սրվել է

Պաշտոնական Բաքուն վերջին շաբաթներին որպես «Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի հայկական եկեղեցիները՝ մասնավորապես Գանձասարն անվանելով «Գյանջասար», Դադիվանքը՝ «Խուդավենգ»: Պետական մակարդակով քարոզչությունը հատկապես ակտիվացավ նախագահ Ալիևի օգնականի ուղեկցությամբ օտարերկրյա դիվանագետների Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ընթացքում և դրանից հետո: Հիքմեթ Հաջիևը Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններին հավաստիացնում էր, թե Քելբաջարում Դադիվանքը և Մարտակերտում Գանձասարը հին աղվանական եկեղեցիներ են, որոնք հայերը յուրացրել են:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Գրոհ» մի քանի կողմից. Ինչու է Բաքուն ժխտում ու ջնջում Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգությունը Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին«Հայաստանն արձագանքել է Մատենադարանի տնօրենի միջոցով», - ասում է Փաշինյանը. Հաջիևը կրկնում է իր պնդումըՀաջիևի «դատարկ էջերը» և Գանձասարի տապանաքարի հայերեն վկայությունը