Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութ

Արխիվ

Այսօր Ադրբեջանի տարածքով պարարտանյութ կուղարկվի Հայաստան, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Ըստ APA-ի՝ խոսքը 8 վագոնից կազմված շարժակազմի մասին է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 30-ին հայտարարել էր, որ նոյեմբերից մինչև այդ օրը շուրջ 26,000 տոննա ապրանքներ են Ադրբեջանի տարածքով Հայաստան եկել.

«Հիմա, գործնականում արգելք և որևէ խոչընդոտ չկա, որ Հայաստանից ապրանքներ արտահանվեն»,- ասել է Փաշինյանը:

Անցած տարվա հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը»: Արդեն նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվեց ռուսական և ղազախական ծագման ցորեն:

Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նոյեմբերին քննարկել էին Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը: Անցած դեկտեմբերին Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ Հայաստան ներկրվեց շուրջ 1300 տոննա ադրբեջանական բենզին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Միակողմանի՞ առևտուր՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջևԱդրբեջանի տարածքով ռուսական ցորեն և պարարտանյութ է առաքվել Հայաստան Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել. Փաշինյանը՝ Մուստաֆաևի այցի մասին