Այսօր Ադրբեջանի տարածքով պարարտանյութ կուղարկվի Հայաստան, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ըստ APA-ի՝ խոսքը 10 վագոնից կազմված շարժակազմի մասին է։ Գործակալությունը նշում է, որ նախօրեին էլ ուղարկվել է 8 վագոն պարարտանյութ՝ 536 տոննա քաշով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 30-ին հայտարարել էր, որ նոյեմբերից մինչև այդ օրը շուրջ 26,000 տոննա ապրանքներ են Ադրբեջանի տարածքով Հայաստան եկել.
«Հիմա, գործնականում արգելք և որևէ խոչընդոտ չկա, որ Հայաստանից ապրանքներ արտահանվեն»,- ասել է Փաշինյանը:
Անցած տարվա հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը»: Արդեն նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվեց ռուսական և ղազախական ծագման ցորեն:
Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նոյեմբերին քննարկել էին Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը: Անցած դեկտեմբերին Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ Հայաստան ներկրվեց շուրջ 1300 տոննա ադրբեջանական բենզին: