ՀԱՊԿ-ը չի քննարկում Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու հարցը, իսկ երկրի համար հավաքական անվտանգության երաշխիքները շարունակում են գործել, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
Նա հիշեցրել է, որ 2024 թվականից Հայաստանը չի վճարում ՀԱՊԿ անդամավճարները, իսկ կազմակերպության կանոնադրության համաձայն՝ երկու տարուց ավելի պարտքի դեպքում սահմանափակվում են անդամ պետության քվեարկելու և պաշտոնների համար թեկնածուներ առաջադրելու իրավունքները։
«Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառումը հարկադրված միջոց է՝ պայմանավորված ֆինանսական կարգապահության պահանջներով։ Միևնույն ժամանակ, Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի դրվում, և երկիրը պահպանում է հավաքական անվտանգության երաշխիքները», - նշել է Մասադիկովը։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 11-ին, Մոսկվայում կայացած գագաթնաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները որոշել էին սահմանափակել Հայաստանի քվեարկելու և կազմակերպությունում պաշտոնների համար թեկնածուներ առաջադրելու իրավունքները։
Երևանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին՝ պատճառաբանելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ ստանձնած անվտանգային պարտավորությունները։ Նոյեմբերի 11-ին էլ ՀԱՊԿ-ը որոշել է Հայաստանին զրկել կազմակերպությունում ձայնի իրավունքից: