Հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա Հայաստանում նոյեմբերի 26-27-ը՝ կլոր սեղանի ձևաչափով, հայտնում է Հայկական խորհուրդը:
Քննարկումների օրակարգում, ըստ հրապարակման, ընդգրկված են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում համաձայնեցված խաղաղության օրակարգը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ամրապնդմանն ու ինստիտուցիոնալացմանն ուղղված նախաձեռնությունները:
Կողմերը կանդրադառնան նաև կայուն տնտեսական համագործակցության հնարավորություններին, Հարավային Կովկասում առևտրային և հաղորդակցային ուղիների զարգացմանը, ինչպես նաև հումանիտար հարցերին, երիտասարդության ներգրավվածության և կրթության, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատման հեռանկարներին։
Սեպտեմբերին Երևանում նախատեսված հանդիպումը ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հետաձգվել էր ՝ Գանձասարի և Դադիվանքի շուրջ ծագած լարվածության ֆոնին։
Այդ օրերին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, օտարերկրյա դիվանագետներին ուղեկցելով Լեռնային Ղարաբաղ, Գանձասարն ու Դադիվանքը ներկայացրել էր որպես աղվանական եկեղեցիներ։ Նրա հայտարարությունները քննադատել էին նաև «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական կողմի անդամները՝ զգուշացնելով, որ նման քայլերը խորացնում են փոխադարձ անվստահությունը և վնասում խաղաղության գործընթացին։ Դրանից հետո ադրբեջանական կողմը որոշել էր հետաձգել Երևան այցը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Սեպտեմբերին հետաձգված հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը նախատեսվում է անցկացնել մինչև տարեվերջՀայ և ադրբեջանցի փորձագետների փոխադարձ այցերը սկսվել են անցյալ տարի՝ Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո։ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննարկում են խաղաղության գործընթացը, տարածաշրջանային անվտանգությունը և հանրային երկխոսության հարցերը։