Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլին, այսօր Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը։
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ վերջին շաբաթներին պատերազմը դադարեցնելու ջանքերը նոր թափ են ստացել։ Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ եվրոպացի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին անհրաժեշտ է, քանի որ Ուկրաինայի անվտանգությունն անմիջականորեն կապված է Եվրոպայի անվտանգության հետ։
Ֆրանսիան, իր հերթին, պատրաստ է ընդունել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը և Մոսկվա ուղարկել իր ներկայացուցչին՝ պայմանով, որ Ուկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցություններին Եվրոպան լիարժեք մասնակցություն ունենա, հայտարարել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանատունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱՄՆ-ն ցանկանում է մինչև հունվար համաձայնության հասնել Ուկրաինայի պատերազմի ավարտի շուրջ. ԶելենսկիՖրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունում նշել են, որ Եվրոպան պետք է առանցքային դեր ունենա անվտանգության ապագա ճարտարապետության, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների, Ուկրաինայի վերականգնման և ռուսական սառեցված ակտիվների ճակատագրի քննարկման հարցում։
Ֆրանսիայի դեսպանատանը Մոսկվայի հրավերը հուսադրող ազդակ են որակել, քանի որ նախկինում Ռուսաստանի իշխանությունները նախընտրում էին բանակցություններ վարել միայն Վաշինգտոնի հետ։ ԵՄ ներկայացուցիչների՝ Մոսկվա հնարավոր այցի ժամկետն ու մանրամասները դեռ համաձայնեցված չեն։
Շփումներ կան, արդյունք՝ ոչ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հաստատել է, որ եվրոպական կողմի հետ շփումներ կան, սակայն նշել է, որ դրանք դեռ էական արդյունք չեն տվել։
«Որոշակի աշխատանքային շփումներ կան, բայց առայժմ, այսպես ասած, դրանք քիչ արդյունավետ են»,– ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով քաղաքական հարցերով խորհրդականների մակարդակով հնարավոր խորհրդակցությունների մասին տեղեկությունները։ Նրա խոսքով՝ Մոսկվան մտադիր է համբերատար շարունակել շփումները եվրոպական կողմի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ուկրաինական հարձակումից հետո Լիբիայի ռուսական ավիաբազայում ռազմատրանսպորտային ինքնաթիռ է հայտնվելՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարել է, որ Մոսկվան ցանկանում է հասկանալ, թե Եվրամիությունն ինչ դեր է մտադիր ստանձնել պատերազմի կարգավորման շուրջ բանակցություններում։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Եվրահանձնաժողովի միջև մինչ այժմ շփումներ չեն եղել։ Լավրովը Բրյուսելին մեղադրել է «մեգաֆոնային դիվանագիտություն» իրականացնելու մեջ և Եվրամիության մոտեցումը կարգավորման հարցում անվանել է ոչ լուրջ։ Նա նաև հայտարարել է, որ Եվրոպան, հայտնվելով բանակցությունների սեղանի շուրջ, անմիջապես «ոտքերը կդնի այդ սեղանին»։
Ուկրաինային աջակցությունը կշարունակվի
Եվրախորհրդարանում ելույթ ունենալիս ֆոն դեր Լայենը հիշեցրել է նաև Ուկրաինային աջակցել պատրաստ «Կամավորների կոալիցիայի» առաջարկների մասին, որ Ռուսաստանը ձմռան ամբողջ ժամանակահատվածում դադարեցնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին հարվածները: Կոալիցիան նաև առաջարկել է համաձայնագիր կնքել, որը կապահովի Սև ծովով պարենի անվտանգ փոխադրումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ուկրաինան Սամարայում 2 նավթագործարանի է հարվածել, ռուսական հարվածներից զոհեր կանԵվրահանձնաժողովի նախագահի կարծիքով՝ այդ միջոցառումներին Մոսկվայի համաձայնությունը ցույց կտար, որ նրա մտադրությունները լուրջ են։ Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել Ուկրաինային և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ։ Նա հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի առաջարկները։
Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր ԵՄ-ն Ուկրաինային ընդհանուր առմամբ 235 միլիարդ եվրոյի աջակցություն է տրամադրել։ Այդուհանդերձ, նույնիսկ հաշվի առնելով 2026-2027 թվականների համար ավելի վաղ համաձայնեցված 90 միլիարդ եվրոյի եվրոպական վարկը՝ 2027 թվականին Ուկրաինայի ֆինանսավորման պակասը կկազմի 70 միլիարդ եվրո։
Անցած շաբաթ Եվրահանձնաժողովն առաջարկել էր Կիևին լրացուցիչ 45 միլիարդ եվրոյի վարկ տրամադրել՝ 2027 թվականին Ուկրաինայի պաշտպանական և բյուջետային կարիքները հոգալու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ուկրաինային հարվածած ռուսական անօդաչուներում լիտվական SIM քարտեր են հայտնաբերվելԲանակցություններին եվրոպացի ներկայացուցիչների մասնակցությանը Մոսկվային համաձայնության մասին ավելի վաղ հայտնել էին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները։
Նոյեմբերի 19-ին Չինաստանում անցկացված Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ եվրոպացի ներկայացուցիչներին հրավիրել է Մոսկվա՝ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ նրանց դիրքորոշումը պարզելու համար։ Նրա խոսքով՝ դրանից հետո միայն ռուսական կողմը կորոշի բանակցությունների հետագա ձևաչափը։