Հայաստանից մի շարք գյուղատնտեսական ապրանքներ արդեն վաճառվում են Ռումինիայի առևտրային ցանցերում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ համատեղ ասուլիսում։
Փաշինյանի խոսքով՝ կողմերը քննարկել են ոչ միայն առկա տնտեսական համագործակցությունը, այլև դրա երկարաժամկետ զարգացման հեռանկարները, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման հնարավորությունները։
«Ես պարոն նախագահին տեղեկացրել եմ, որ երեկ սկսել ենք TRIPP նախագծի գործնական փուլի իրականացումը։ Այդ նախագծի իրագործման արդյունքում նոր հնարավորություններ կբացվեն մեր երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Մեր երկրները կարող են լինել ոչ միայն ապրանքների վերջնական մատակարարման կետեր, այլև միմյանց տարանցիկ ծառայություններ մատուցել»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանից Ռումինիա ապրանքների արտահանման և ներկրման համար արդեն իսկ կան նոր հնարավորություններ։ Մասնավորապես, մայիսից հայկական ավտոմեքենաները կարող են տարանցիկ փոխադրումներով անցնել նաև Թուրքիայի տարածքով՝ Ռումինիա արտահանման և ներմուծման նպատակով։
Փաշինյանը նշել է, որ Հայաստան-Թուրքիա սահմանի և երկաթուղային հաղորդակցության բացման դեպքում այդ հնարավորություններն ավելի կընդլայնվեն։
ԵՄ-ն արտոնյալ պայմաններ է սահմանել հայկական ապրանքների համար։ 2026 թվականի հոկտեմբերից ուժի մեջ է մտել ԵՄ կանոնակարգը, որով երկու տարով՝ մինչև 2028 թվականի հոկտեմբերը, նվազեցվել կամ զրոյացվել են հայկական մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ի՞նչ է պետք, որ հայկական արտադրանքն անարգել հասնի եվրոպական շուկաՌումինիան Հայաստանի համար կարող է դառնալ դեպի ԵՄ շուկա տանող դարպաս. Դան
Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը, իր հերթին, նշել է, որ Հայաստանը ներկայումս արտաքին տնտեսական քաղաքականության փոփոխության փուլում է՝ ձգտելով ավելի սերտ հարաբերություններ զարգացնել եվրոպական շուկաների հետ։
«Եվրոպական շուկաները, ինչպես նաև Ռումինիան, մեծ հնարավորություններ են ներկայացնում հայկական բիզնեսի համար։ Ես վարչապետի հետ զրուցել եմ հնարավոր բիզնես համաժողով կազմակերպելու մասին, երբ Ռումինիայի վարչապետն այցելի Հայաստան»,- ասել է Դանը։
Նա ընդգծել է, որ Ռումինիան Հայաստանի և Հարավային Կովկասի մյուս երկրների համար կարող է դառնալ դեպի Եվրամիության հսկայական շուկա տանող դարպաս։