Շուրջ 600 հեկտար ինտենսիվ այգիներ ունեցող հայկական ընկերություններից մեկը Ռուսական սահմանափակումներից հետո իր և այլ ֆերմերների բերքն արդեն արտահանել է Եվրոպա, այդ թվում՝ Ֆրանսիա։ Եվրոպական շուկա հասնելու համար սեփական օրինակով են համոզվել՝ կարևոր է ոչ միայն բերքի ծավալը, այլև դրա աճեցման և որակի վերահսկման ամբողջ գործընթացը։
Այստեղ կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիաներ՝ կաթիլային ոռոգում, հակակարկտային ցանցեր, ընդունող կողմը QR կոդի միջոցով տեսնում է՝ թե իրեն հասած միրգը որ երկրի, որ մարզի, որ այգու, որ շարքի, որ ծառին է աճել:
Ընկերությունն ունի նաև խոշոր լոգիստիկ կենտրոն, որտեղ բերքը տեսակավորվում, փաթեթավորվում, պիտակավորվում և պահպանվում է հատուկ ջերմաստիճանում։ Հայաստանում այսպիսի ընդամենը 2 խոշոր կենտրոն կա:
Ինչ է անհրաժեշտ հայկական արտադրանքը եվրոպական շուկա անխափան հասցնելու համար
«Բավարար չէ, որպեսզի լոգիստիկ կենտրոնը սերտիֆիկացված լինի, անհրաժեշտ է նաև որպեսզի այգին, ջերմատունը ևս ունենան սերտիֆիկացված արտադրանք»,- ասում է «Սմարթ Ագրո Սոլուշընս» ընկերության տնօրեն Աշոտ Գրիգորյանը:
Խոշոր այս ընկերությունն անհրաժեշտ երկու միջազգային սերտիֆիկատների հարցը լուծել է, բայց առավել փոքր ընկերությունների համար դա նոր ու լուրջ ֆինանսական բեռ է: Եվրոպական շուկա հասնելու հաջորդ պարտադիր պահանջը մեծ ծավալով միատեսակ արտադրանք ապահովելն է։ Սուպերմարկետները հմնականում ոչ թե մի քանի տոննա տարբեր չափի ու որակի միրգ-բանջարեղեն են պահանջում, այլ՝ միանման մեծ խմբաքանակ։ Հայաստանի գյուղացիական փոքր տնտեսություններն այս պահանջները դժվարությամբ են հաղթահարում: Դրա համար, ըստ ֆերմերների ու փորձագետների, անհրաժեշտ է որ թեկուզ միջին կարողություններ ունեցող լոգիստիկ կենտրոնների թիվը երկրում ավելանա:
Ի տարբերություն ռուսական շուկայի՝ եվրոպական շուկան ավելի հեռու է: Հայաստանում, ըստ խոշոր այս ընկերության տնօրենի, նաև բավարար թվով բեռնափոխադրողներ չկան, որոնք ունեն եվրոպական պահանջներին համապատասխան փաստաթղթեր, վերապատրաստված վարորդներ և այլն: Իսկ որքան հեռու է ճանապարհը, այդքան բարձրանում է ապրանքի գինը: Արդյունքում, եվրոպական շուկայում բարձր ինքնարժեքով հայկական ապրանքը հաճախ անհավասար մրցակցության մեջ է հայտնվում:
Աշոտ Գրիգորյանի խոսքով.- «Կա տարածված կարծիք, որ Եվրոպայում գները բարձր են, եթե Եվրոպա արտահանենք, մեծ հաջողությունների ենք հասնելու, իրականում, այդքան էլ այդպես չէ. Եվրոպայի, համենայնդեպս մթերման գները, այն չեն, ինչ ունեինք ՌԴ արտահանման համար»:
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունում է, որ եվրոպական շուկայում հնարավորինս արագ ինտեգրվելու համար Հայաստանն այս բոլոր ուղղություններով անելիք ունի։ Բայց ընդգծում է՝ խնդիրների մի մասի լուծումներն արդեն տվել են, հաջորդներն ընթացքում են: Նրա խոսքով՝ կառավարությունը վերջին 5-6 տարիներին պետական ծրագրերով ֆինանսական աջակցություն է տրամադրել՝ ինտենսիվ այգիներ ու ջերմոցներ հիմնելու, մշակաբույսերը փոխելու և արտադրությունն աստիճանաբար եվրոպական պահանջներին համապատասխանեցնելու համար։
«Կառավարության ծրագրում որպես թիրախ սահմանված է ևս երկու լոգիստիկ կենտրոնի հիմնում, տարեկան 1500 հեկտար ինտենսիվ այգիներ, 5000 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, 8000 հեկտար կաթիլային ոռոգման ներդրում, սերտիֆիկացման համար 50 տոկոս ծախսերի փոխհատուցում ենք տալիս...»,- «Ազատության» հետ զրույցում նշեց փոխնախարարը:
Պետական սուբսիդիաները, սակայն, կարճաժամկետ են, իսկ նոր շուկաներում իրենց տեղը փնտրող բիզնեսի համար, հատկապես սկզբնական փուլում, երկարաժամկետ ծրագրեր են հարկավոր: Էկոնոմիկայի փոխնախարարն ասում է՝ դիտարկում են, որ սուբսիդիաները ապագայում դառնան հստակ ծրագրեր, բայց վերջնական որոշում դեռ չկա: Ըստ նրա՝ բիզնեսին աջակցում են նաև տարբեր ցուցահանդեսներին մասնակցելու, նոր շուկաներում կապեր գտնելու համար: Բայց մինչ այդ, ըստ նրա, գյուղացուց մինչև մեծ ու փոքր տնտեսություններ պետք է սկսեն ինքնուրույն ուսումնասիրել շուկաներն և իրենց ապրանքը համապատասխանեցնեն նոր պահանջներին:
Սննդամթերքի անվտանգության ոլորտում ևս խնդիրներ կան
ՍԱՏՄ-ի հետազոտություններն էլ են ցույց տալիս, որ հայկական արտադրանքը միշտ չէ, որ անվտանգ է: Փորձագետները նշում են՝ լաբորատոր կարողությունների առումով դեռ բացեր կան՝ միշտ չէ, որ Հայաստանում տրված լաբորատոր ստուգման տվյալներն ընդունվում են ԵՄ ում: Փոխնախարարն ասում է՝ սկսել են համապատասխանեցնել լաբորատորիաների կարողությունները ԵՄ պահանջներին, ակնկալում են, որ առաջիկա ամսիներին կավարտեն:
Փորձագետները փաստում են, որ ռուսական շուկայից կախվածությունը կրճատելու հարցը կարող է տարիներ պահանջել: Խնդիրները բազմաթիվ են, բայց այս փուլում հստակ է՝ որ հայկական ապրանքը առավել արագ ու հեշտ հասնի Եվրոպա, նախ պետք է.
- Բարձրացնել արտադրանքի որակն ու արտադրողականությունը,
- Խստացնել թունաքիմիկատների օգտագործման վերահսկողությունը և լաբորատոր ստուգումները,
- Ապահովել արտադրանքի հետագծելիությունն ու միջազգային սերտիֆիկացումը,
- Համապատասխանեցնել փաթեթավորումն ու պիտակավորումը՝ շուկայի պահանջներին,
- Աջակցել լոգիստիկ կենտրոնների և սառնարանային ենթակառուցվածքների ստեղծմանը: