Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, հրաժարական կտամ. Փաշինյանի առաջարկը ընդդիմությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում առաջարկով դիմեց ընդդիմությունը՝ հայտարարելով՝ եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չանցնի, հրաժարական կտա, իսկ եթե ժողովուրդն «այո» ասի նոր Սահմանադրությանը, հաջորդ ընտրություններում ինքը որպես վարչապետի թեկնածու չի առաջադրվի:

«Ես իրենց տալիս եմ անպարտելի տարբերակ և անկախ նրանից, թե ինչ է հանրաքվեի արդյունքը, ես հեռանում եմ՝ մի դեպքում կիսատ թողած խաղաղության օրակարգը, որովհետև ստացվում է, որ այդ օրակարգը չի ստանում ժողովրդի աջակցությունը առնվազն իմ մատուցմամբ, երկրորդ տարբերակում, ես իրացնելով մինչև հաջորդ ընտրրությունները այս կարգավիճակով, հաջորդ ընտրություններում չեմ լինում վարչապետի թեկնածու», - հայտարարեց Փաշինյանը:

Փաշինյանն ընդգծեց նաև. «Իհարկե նոր Սահմանադրության նախագիծը պետք է լրամշակվի, բայց դա պետք է լինի «Իրական Հայաստանի» գաղափարախոսության ենթատեքստում: Բայց չենք բերելու Անկախության հռչակագրի վիճակում»:

Միևնույն ժամանակ վարչապետը հայտարարեց՝ եթե ընդդիմությունը հրաժարվի «ինձ հեռացնելու այս տարբերակներից, մենք ենք իրենց հեռացնելու»:

«Գնանք հանրաքվեի, ժողովուրդը կասի՝ ունի՞ այս կառավարությունը... ես անձամբ ունե՞մ վստահություն, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ սա մի բանաձև է, որից հրաժարվելը քաղաքական մահ է ընդդիմության համար, բայց սա չի հանում սկզբի հարցը, «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները պետք է հստակ պատասխանեն, և այն քաղաքական ուժերը, որ «ոչ»-ի շուրջ համախմբվել են, պետք է հստակ ասեն՝ միացյալ Հայաստանի տեսլականը պաշտպանո՞ւմ են, թե՞ չէ», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում հեռացնել ընդդիմությանը, վարչապետը պատասխանեց. «Իմ պատկերացումն այն է, որ եթե ընդդիմությունը մերժի առաջարկը, ցույց կտանք ակնհայտը, ցույց կտանք, որ ընդդիմությունը հանդես է գալիս խաղաղության խոչընդոտի դերում, այս ընկալմամբ կգնանք արտահերթ ընտրությունների, և իմ զգացողությունն ասում է, որ ընդդիմության այսօրվա խմբակցությունները չեն անցնի խորհրդարան»:

Երեկ, երբ վարչապետը խորհրդարանում էր խոսել իրեն հեռացնելու սցենարներից, ընդդիմադիրներն արձագանքել էին, որ չեն հավատում Փաշինյանին: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, մասնավորապես, ասել էր. - «Տենց հուսահատ մի աղաչեք էդ հանրաքվեի մասին: Մի նեղվեք էդքան, որ Ձեզ չի հաջողվել արտաքին պահանջը ներկայացնել որպես ներքին օրակարգ: Ձեզ հետ գործարք չի լինելու: Մենք ձեզ հեռացնելու ենք առանց գործարքի: Խնդիրն էն է, որ մենք Ձեզ ու Ալիևին չենք վստահում, հավատալու տեղ չեք թողել»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը չի նահանջի նոր Սահմանադրության օրակարգից, «խոչընդոտող ընդդիմությանը» ԱԺ-ից հեռացնել է խոստանում

«Այս թեմայով քննարկում ունեցել եմ նաև Դուբլինում»

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք ընդդիմադիրների բարձրացրած հարցերը քննակե՞լ է Դուբլինում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը և դրանից հետո հիմա հայտարարում է, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո կլինի խաղաղության պայմանագիրը, Փաշինյանը պատասխանեց. «Ես ասացի, որ այդ երաշխավորությունը տալիս եմ առաջին հերթին իմ քաղաքական կապիտալով, վստահելիությամբ: Այսինքն, ես իմ քաղաքական կենսագրությունը դնում եմ այդտեղ: Բայց մյուս կողմից, այո, շատ կարևոր է, որ միջազգային հանրության շրջանում այս թեմայով ձևավորվի ըմբռնում: Այո, այս թեմայով քննարկում ունենում ենք նաև Ադրբեջանի հետ, այո, այս թեմայով քննարկում ունեցել եմ նաև Դուբլինում»:

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ը, մասնավորապես, հարցրել էր՝ եթե խաղաղությունը հաստատված է, ինչո՞ւ Ադրբեջանը չի ստորագրում պայմանագիրը, և ի՞նչ երաշխիք կա, որ Սահմանադրությունը փոխելուց հետո Բաքուն նոր պահանջներ չի ներկայացնի:

«Հիմա մի շրջան է, որ պրոցեսները շատ արագ են զարգանում, ընդհանրապես միջազգային հարաբերությունների շարժունակությունը արագացել է: Առաջին հերթին ես պատասխանատու եմ իմ քաղաքական պատասխանատվությամբ: Բայց այո, մենք այդ թվում՝ Ադրբեջանի հետ ենք այս թեմայով աշխատում, Թուրքիայի, Իրանի Իսլամական Հանրապետության, Վրաստանի, միջազգային հանրության հետ», - լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծեց Փաշինյանը:

Իսկ արդյոք հեռանալուց հետո կղեկավարի՞ «Քաղաքացիական պայմանագիրը», թե՞ կդադարեցնի առհասարակ քաղաքականությամբ զբաղվելը, վարչապետն ասաց, որ ճիշտ տրամաբանությունն այն է, որ ՔՊ-ն ղեկավարի նա, ով կլինի վարչապետի թեկնածուն. - «Ես չեմ ասում քաղաքականությունից հեռանալու մասին, չեմ կարող ասել՝ գուցե հեռանամ, գուցե չէ»:

Հոկտեմբերին Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ ընդդիմության կներկայացնի առաջարկ, որից ընդդիմությունը չկարողանա հրաժարվել։ Նա առաջարկի բովանդակությունը չէր բացահայտել։ Վարչապետի այդ հայտարարությունից հետո էլ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդդիմությանն առաջարկել է աջակցել նոր Սահմանադրության նախագծի ընդունմանը խորհրդարանում և այն հանրաքվեի դնել։ Նա հայտարարել էր, որ եթե հանրաքվեում ժողովուրդը մերժի նախագիծը, իշխանությունը հրաժարական կտա, կգնա:

Այս հայտարարությունից մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 5-ին Արարատ Միրզոյանը նշեց. «Չեմ կարող պատկերացնել կամ հիշել մի իրավիճակ, որ մի կառավարություն բերի Սահմանադրության նախագիծ, դա չանցնի, և դրանից հետո չլինեն արտահերթ ընտրություններ»:

Նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է առնվազն 70 կողմ քվեարկությունը: Վերջին խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չստացած «Քաղաքացիական պայմանագիրն» առանց ընդդիմադիրների 6 ձայնի չի կարող ընդունել այդ որոշումը: Ընդդիմությունը համարում է, որ երկրի մայր օրենքը փոխվում է Բաքվի պահանջով, ուստի հայտարարում են, որ չեն աջակցի իշխանությանն նախագիծը հանրաքվեի դնելու հարցում:

Բաքուն որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման պահանջում է Հայաստանի Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում: Այդ փաստաղթում հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորման մասին: Արդեն հայտնի է, որ նոր Սահմանադրության նախաբանը չի պարունակելու հղում Անկախության հռչակագրին: