Հայկական կողմի համար կարևոր է երկաթուղու վերազինումն ու ընդլայնումը. նախարար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյան

Երկաթուղու հարցով ստեղծված հայ - ռուսական աշխատանքային խումբը դեռ երեք ամիս կաշխատի, «Ազատությանը» հայտնել է տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը՝ հավելելով, որ հայկական կողմի համար կարևոր է երկաթուղու վերազինումն ու ընդլայնումը:

Հայ - ռուսական աշխատանքային խումբն իր առաջին հանդիպումն անցկացրել է երեկ՝ Երևանում: Հանդիպումից հետո տարածքային կառավարման նախարարությունը հայտնեց, որ հայկական կողմը ներկայացրել է իր տեսլականը՝ երկաթուղային ցանցի զարգացման և տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման վերաբերյալ: Ռուսական կողմն իր հերթին ներկայացրել է երկաթուղային ցանցի զարգացման և բեռնահոսքերի աճի հեռանկարների վերաբերյալ իր գնահատականները՝ ուշադրություն հրավիրելով տարածաշրջանում առկա մրցակցության, ազատ թողունակության և ներդրումների վերադարձելիության ապահովման հարցերին։

«Երեք ամիս հետո մենք կկարողանանք աշխատանքային խմբի աշխատանքի արդյունքը ամփոփել և հասկանալ՝ որ ուղղությամբ ենք շարժվում», - ասաց նախարարը՝ զերծ մնալով այլ մեկնաբանություններից:

Երևանը տարեսկզբից առաջարկում էր, որ հայկական երկաթուղիների կառավարումը Մոսկվան փոխանցի և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի: Ռուսական կողմը մերժում էր՝ զգուշացնելով, որ կոնցենսիայի պայմանների փոփոխության կամ պայմանագրի դադարեցման դեպքում կարող են ետ պահանջել իրենց կատարած մոտ 400 միլիոն դոլարի ներդրումները:

Հոկտեմբերին, երբ Երևան այցելեց «Ռուսական երկաթուղիների» տնօրենն ու հանդիպեց վարչապետ Փաշինյանի հետ, կողմերը ոչ թե պայմանագիրը դադարեցնելու, այլ ճիշտ հակառակը՝ աշխատանքները միասին շարունակելու մասին հայտարարեցին:

Ռուսական ընկերությունը 30 տարով է ստանձնել հայկական երկաթուղու կառավարումը, ժամկետը լրանում է 2038 թվականին: Կոնցեսիան ևս 10 տարով երկարաձգելու համար կողմերը պետք է միմյանց համապատասխան առաջարկ ներկայացնեն մինչև 2027-ի օգոստոսը: