Ավարտվել են երկաթուղիների շուրջ հայ-ռուսական աշխատանքային խմբի բանակցությունները: Կողմերը քննարկել են ռուսական կոնցեսիյայի արդյունավետությունը, «Ազատության» հետ զրույցում հայտնեց տարածքային կառավարման փոխնախարար Դավիթ Իվանյանը:
«Բանակցությունները անցան շատ ընկերական, բավականին նորմալ, երկու ոտքը հողի վրա, գործնական, կոնկրետ ուղղությունների, հատվածների մասին», - ասաց Իվանյանը:
«Ազատության» հարցին՝ ռուսական կողմը հիմնավորո՞ւմ է, որ իր կոնցեսիան արդյունավետ է, Իվանյանը պատասխանեց. «Դեռ չենք եկել այդ էտապին, որ կարողանանք պատասխանել այդ հարցին»:
Պաշտոնյան հայտնեց, որ հանդիպմանն անդրադարձել են նաև երկաթուղու 2 հատվածները վերականգնելու հարցին՝ միևնույն ժամանակ նշելով, որ սա առաջին հանդիպումն է և շատ տեխնիկական մանրամասների դեռ կանդրադառնան. «Բայց շատ նորմալ, տեղը-տեղին քննարկում էր»:
Մոսկվան դեռ հոկտեմբերի սկզբին էր հայտարարել, որ Ռուսաստանը Հայաստանից արձագանք է ակնկալում հայկական երկաթուղու երկու հատվածների՝ Երասխից մինչև Նախիջևանի սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման, վերականգնման վերաբերյալ առաջարկին։
Փոխնախարարը հայտնեց, որ եռամսյա ձևաչափով քննարկումների արդյունքում ձեռք բերված եզրահանգումների հիման վրա կորոշվեն հետագա անելիքները:
Հայ- ռուսական աշխատանքային խումբը ստեղծվել է հոկտեմբերին՝ երեք ամիս ժամկետով, ռուսական կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու գործունեության հետ կապված հարցերը քննարկելու նպատակով։ Հայկական կողմից այն ղեկավարում է տարածքային կառավարման փոխնախարար Դավիթ Իվանյանը։ Ռուսական կողմից խմբում ընդգրկված են Ռուսաստանի տրանսպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Շիլոն և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին։
Հայաստանի վարչապետի փոխանցմամբ՝ այս աշխատանքային խումբը պետք է առաջարկներ ներկայացնի՝ հայկական երկաթուղու մրցունակությունը բարձրացնելու շուրջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համարԵրևանը տարեսկզբից առաջարկում էր, որ հայկական երկաթուղիների կառավարումը Մոսկվան փոխանցի և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի: Ռուսական կողմը մերժում էր՝ զգուշացնելով, որ կոնցենսիայի պայմանների փոփոխության կամ պայմանագրի դադարեցման դեպքում կարող են ետ պահանջել իրենց կատարած մոտ 400 միլիոն դոլարի ներդրումները:
Հոկտեմբերին, երբ Երևան այցելեց «Ռուսական երկաթուղիների» տնօրենն ու հանդիպեց վարչապետ Փաշինյանի հետ, կողմերը ոչ թե պայմանագիրը դադարեցնելու, այլ ճիշտ հակառակը՝ աշխատանքները միասին շարունակելու մասին հայտարարեցին:
Ռուսական ընկերությունը 30 տարով է ստանձնել հայկական երկաթուղու կառավարումը, ժամկետը լրանում է 2038 թվականին, այն ևս 10 տարով երկարաձգելու համար կողմերը պետք է միմյանց համապատասխան առաջարկ ներկայացնեն մինչև 2027-ի օգոստոսը: