Համակարգն ամեն ինչ արել է Արսեն Գևորգյանի մահը կանխելու համար. Քրեակատարողական ծառայության պետ

Քրեակատարողական ծառայության պետն «Ազատության» հետ զրույցում այսօր պնդել է, թե համակարգն իր կողմից ամեն ինչ արել է ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածը բացառելու համար:

«Քրեակատարողականի ծառայողների գործողությունների և բժիշկների արագ արձագանքման տեսանկյունից կարող եմ ասել, որ քրեակատարողական ծառայությունը, համակարգն իր կողմից ամեն ինչ արել է, որպեսզի այս դեպքը տեղի չունենար», - ասել է Ծովինար Թադևոսյանը:

Օրերս «Նուբարաշենի» բանտում «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքից հետո քրեակատարողական ծառայությունում քննություն է իրականացվում: Ըստ Թադևոսյանի, դեռևս արդյունքներ չկան, բայց տեսախցիկների հրապարակած ժամանակացույցն էլ է ցույց տալիս, որ շտապօգնությունը չի ուշացել, հասել է 16 րոպեի ընթացքում:

Մինչդեռ Գևորգյանի փաստաբանական խումբը պնդում է, որ շտապօգնություն ուշ են կանչել, և բժիշկները հասել են այն ժամանակ, երբ ընդդիմադիրն արդեն մահացել էր:

Ինչո՞ւ հնարավոր չի եղել ընդդիմադիր գործչին հասցնել հիվանդանոց, ինչպես պնդում են փաստաբանները, չսպասելով շտապօգնությանը: Թադևոսյանի խոսքով, հատկապես սրտային խնդիրների դեպքում շատ կարևոր է անգամ տեղափոխության պրոցեսը ճիշտ կազմակերպել: Բացի դա, կան հատուկ ընթացակարգեր հատուկ, իրենք էլ ըստ դրա են գործել:

«Ծառայողը, տեղեկանալով անձի առողջական որոշակի խնդրի մասին, անիջապես հայտնում է բժշկական ստորաբաժանմանը: Ստորաբաժանումն արձագանքում է՝ գալով և տեղում գնահատելով անձի առողջական վիճակը: Այնուհետև, գնահատումից հետո, եթե անհրաժեշտություն է լինում, բժշկի կամ բուժակի արձագանքից հետո կանչում են շտապօգնություն», - ասաց Քրեակատարողական ծառայության պետը:

Նուբարաշենն ու Հայաստանի մյուս յոթ բանտերը, բացի Արմավիրից, հերթապահ բժիշկ չունեն: Գևորգյանին բժշկական առաջին օգնություն է ցուցաբերել բուժակը, որն, ըստ փաստաբանների, չէր կարող բժշկական գնահատում անել և ըստ դրա բուժում նշանակել:

Ինչո՞ւ այս բանտերում ևս չկան հերթապահ բժիշկներ՝ «Ազատությունն» այս հարցով գրավոր դիմել է Առողջապահության նախարարություն, որի իրավասության ներքո են բանտերի առողջապահական ծառայությունները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Փայտոջիլներով, ծանր օդով խուց էր». դիտորդը՝ մահացած ընդդիմադիրի բանտախցի մասին«Բժիշկ չկար, շտապօգնությունը ուշացավ». Արսեն Գևորգյանի մահվան ու գործի մանրամասները՝ ԵՄ դեսպանի սեղանին