Դիրքորոշումը նորություն չէր ՔՊ-ի համար. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասին

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի՝ Հայաստանի եվրոպական ինտեգրման վերաբերյալ քննադատական հոդվածը կարող է հանրային բանավեճի հիմք դառնալ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Սոնա Ղազարյանը:

Նախկին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «ԵՄ անդամակցության պատրանքը» վերնագրով հոդվածում ԵՄ անդամակցության հեռանկարը գնահատել է որպես անիրատեսական: Նա մտահոգություն է հայտնել, որ այդ ճանապարհին արված յուրաքանչյուր նոր քայլ ոչ թե նվազեցնում, այլ ավելի է խորացնում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից: Տարիներ շարունակ արևմտամետ գործչի համբավ ունեցող Արմեն Գրիգորյանը լուծումները տարածաշրջանում գտնելու կողմնակից է:

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կարծիքով՝ նախքան անցած տարի ԵՄ անդամակցության գործընթացի մասին օրենքի ընդունումը Հայաստանն ավելի ազատ էր Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու հարցում, իսկ դրանից հետո այդ հնարավորությունները սահմանափակվել են, մասնավորապես, Ռուսաստանի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ներկայությունն ակտիվացել է, օրինակ, ռուսամետ քաղաքական ուժերն են ավելի շատ ձայն ստացել վերջին խորհրդարանական ընտրություններում:

«Ես կարծում եմ, որ ՀՀ-ն ընդունել է կարևոր օրենք, որը մեզ ուղարկել են քաղաքացիները: Քանի որ այս ժողովրդավարական գործընթացի արդյունքում մենք մեծ մասով հակասություն չունենք, կարծում եմ, որ նորմալ է, որ խորհրդարանն ընդունել է այս որոշումը», - այսօր հակադարձեց Սոնա Ղազարյանը:

ՔՊ-ական պատգամավորը նշեց, որ նախկին ԱԽ քարտուղարի դիրքորոշումն իրենց թիմի համար գաղտնիք չի եղել, և այդ հարցերի շուրջ նախկինում ևս քննարկումներ են ունեցել։

«Արմեն Գրիգորյանը ոչ միայն լավ գործընկեր է, նաև լավ ընկեր է։ Պարոն Գրիգորյանն իր հոդվածի հենց սկզբում նշել է, որ իր գործընկերները՝ մենք, ծանոթ ենք եղել իր դիրքորոշմանը», - ասաց պատգամավորը:

Արդյոք Գրիգորյանը քաղաքական հայտ է ներկայացնում

Ութ տարի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած 43-ամյա Գրիգորյանը աշխատանքից ազատվեց այս օգոստոսին: Նրան փոխարինեց ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը:

Վարչապետը պաշտոնանկության մասին հայտնեց կառավարության նիստում ու չբացատրեց, թե որն է պատճառը: Ինքը՝ Գրիգորյանը հաջորդող ամիսներին ևս չի ասել՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն իր աշխատանքից դժգոհ էր, և հիմա էլ պարզ չէ՝ հնարավոր է եվրաինտեգրման շուրջ իր այս կարծիքն է եղել ազատման պատճառը: Այսօր նախկին պաշտոնյան «Ազատությանն» ասել է, որ դեռ մեկնաբանություններ չի անի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալեն Սիմոնյանին երկար հանգստանալ չհաջողվեց. ինչո՞ւ վարչապետը նրանով փոխարինեց Արմեն Գրիգորյանին

Պաշտոնավարման ութ տարիներին և հատկապես 2021-ից հետո Արմեն Գրիգորյանն ակտիվորեն ներգրավված էր հայ - ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացներում:

Ինչո՞ւ նախկինում հանրությունը չի լսել Արմեն Գրիգորյանի այս դիրքորոշումը եվրաինտեգրման շուրջ. իշխանական պատգամավոր Սոնա Ղազարյանն ասաց՝ հարցի հասցեատերը ինքը չէ:

Արդյոք Գրիգորյանը քաղաքական հա՞յտ է ներկայացնում և ընդդիմություն ստեղծում, Սոնա Ղազարյանը պատասխանեց. «Ի՞նչ խնդիր կա, եթե պարոն Գրիգորյանը հայտ է ներկայացնում: Պարոն Գրիգորյանը մեր պետության համար ահռելի գործ է արել, ես ուզում եմ, որ մենք դա նկատենք»:

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի հոդվածին «Ազատության» հետ զրույցում անդրադարձավ նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ չբացառելով, որ սա կարող է լինել քաղաքական հայտ:

«Պետք է ուշադիր կարդալ՝ ինքը ինչ է ասում, ինքը նույնպես Նիկոլ Փաշինյանի ոճով ինչ-որ մի բան ուզում է ասել, բայց այնպես է ասում, որ ցանկացած ձևով կարող ես մեկնաբանել։ Այն որ դեպի Եվրոպական միության անդամակցությունը իրատեսական չէ, դա կարծում եմ՝ որևէ մեկի մոտ հարց չի առաջացնում։ Եթե բան ունի ասելու, կարող է նաև հստակ ասի, այլապես այդ Նիկոլ Փաշինյանի ոճը հարցականներ է առաջացնում», - ասաց Խաչատրյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս ամսվա սկզբին Բրյուսելում էր հայտարարել՝ հաջորդ տարի կամ 2028-ին անդամակցության հայտի ներկայացումը կարող է իրատեսական լինել. Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու համար այս քայլը պարտադիր պայման է:

Հոկտեմբերին ԵԱՏՄ մյուս չորս անդամները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղզստանն ու Ղազախստանը մի զեկույց էին հրապարակել այդ տնտեսական դաշինքին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին: Դրանում մի շարք մռայլ կանխատեսումներ կային Հայաստանի տնտեսության մասին: Մասնավորապես, նշվում էր, որ միությունից դուրս գալու դեպքում գազը կթանկանա մոտ 70 տոկոսով, Հայաստանից արտահանումը կնվազի 30-50 տոկոսով, ներկրումը կկրճատվի գրեթե կիսով չափ, ՀՆԱ-ն՝ ավելի քան 15 տոկոսով:

Հաջորդ ամիս կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին պատրաստվում են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել, թեև Երևանը պնդում է, որ անդամ երկրին հեռացնելու մեխանիզմ ԵԱՏՄ-ն չունի:

Վարչապետ Փաշինյանը օրերս հայտարարել է, որ Երևանում համաձայն չեն ԵԱՏՄ զեկույցի գնահատականների հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մոսկվան դարձյալ պնդում է ԵԱՏՄ/ԵՄ հանրաքվեի գաղափարը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի արանքում. որ ուղին կընտրի Հայաստանը «Մեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը». Միրզոյան