«Մեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը»,- Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման և հարևան երկրների հետ հավասարակշռված քաղաքականություն վարելու մասին:
«Մենք շատ հաճախ ենք ասում, որ և՛ ԵՄ հետ մեր հարաբերությունների խորացումը, և՛ որևէ այլ ուղղությունով վարվող քաղաքականություն չի կարող հակասության մեջ դրվել մեր անմիջական հարևանների հետ։ Մենք չենք կարող մեզ պատկերացնել մեր հարևանության մեջ, մեր միջավայրի հետ հակադրության, ոչ ներդաշնակության մեջ։ Մենք մեր փորձով արդեն գիտենք, որ սա կործանարար է, եթե ավելի մեղմ ձևակերպենք, շահավետ չի և բարիք չի բերում ՀՀ-ին։ Նույն էլ ԵՄ-ի հետ մեր քաղաքականությունը։ Եվ, այո՛, լավ է, որ չորս հարևաններից երկուսը [Վրաստանը և Թուրքիան] ԵՄ թեկնածու են։ Սա շատ ավելի ներդաշնակ կդարձնի բոլոր էդ պրոցեսները»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը։
Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը Մոսկվայի և Երևանի հարաբերություններում զգայուն հարցերից է։ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Եվրամիությանն ու Եվրասիական տնտեսական միությանը միաժամանակ անդամակցությունն անհամատեղելի է:
Երրորդ տարին է՝ Երևանը պնդում է, թե վարում է բալանսավորված և բալանսավորման քաղաքականություն, բայց, օրինակ նախորդ տարի Եվրամիության հետ առևտուրը կազմել է 2.5 միլիարդ, ինչը Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 11.7 տոկոսն է, մինչդեռ Ռուսաստանի հետ առևտուրն անցած տարի կազմել է 7.7 միլիարդ՝ ընդհանուրի 35.8 տոկոսը: