Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից, բայց դաշինքից չի հեռացվել

«Որոշում է ընդունվել Հայաստանին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու մասին»,- ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հայաստանին զրկել է նաև քվոտային պաշտոններում թեկնածուներ առաջադրելու իրավունքից, ինչ այսպես թե այնպես Երևանը 2023 թվականից չէր անում:

Ռազմական դաշինքի որոշմանը պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում, որը նախագահում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ստորագրվեց19 փաստաթուղթ։ Նիստի հրապարակային հատվածում, սակայն, Հայաստանի մասին ոչ մի բառ չասվեց։

Այսօր ավելի վաղ Պեսկովը ասել էր, որ «Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին և կազմակերպությունը կարձագանքի»։

«Փաշինյանը բազմիցս կրկնել է, որ Հայաստանը կորցրել է ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցելու հետաքրքրությունը»,- հիշեցրել էր Պեսկովը՝ վկայակոչելով Հայաստանի վարչապետի խոսքերը։

Երևանն արդեն չորրորդ տարին է՝ բոյկոտում է ռազմական դաշինքում աշխատանքները և երկրորդ տարին է՝ չի վճարում անդամավճարը, ինչն էլ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ ձայնի իրավունքից զրկելու հիմք է:

2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլև քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, պաշտոնական Երևանը դադարեց մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, հրաժարվեց գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ 2024-ի փետրվարին արդեն դաշինքին անդամակցությունը սառեցվեց, հայկական կողմը դադարեց մուծել նաև անդամավճարը։

Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Հայաստանի ձայնի իրավունքի կասեցման Ռուսաստանի առաջարկի մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությանը, կրկնել էր, որ ՀԱՊԿ-ի հետ կապված Երևանի «հետաքրքրությունները սպառված են»:

Ամիսներ առաջ էլ Փաշինյանն ասել էր, որ շատ գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ում որոշեն Հայաստանին հեռացնել կազմակերպությունից: Այդուհանդերձ, ՀԱՊԿ-ում ցանկանում են, որ ռազմական դաշինքից դուրս գալու որոշումը Երևանը կայացնի: Նախօրեին Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինն ասել էր, թե Հայաստանը փորձում է սեփական որոշումների պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա՝ ընդգծելով, որ երկիրը շարունակում է մնալ կազմակերպության լիիրավ անդամ։