Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու այդ երկրում նշվող Հաղթանակի օրվա միջոցառումներին։ Շուշիում ընթանում է նրա առանձնազրույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։
Այցը տեղի է ունենում Անկարայի և Բաքվի միջև վերջին շրջանում ծագած տարաձայնությունների ֆոնին։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ Ալիևը, չնայած Էրդողանի անձնական հրավերին, չէր մասնակցել Անկարայում անցկացված Թյուրքական պետությունների գագաթնաժողովին։ Երկու երկրների միջև վեճեր էին ծագել ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների, ինչպես նաև Իսրայելի հետ Բաքվի սերտ հարաբերությունների շուրջ։
Այդուհանդերձ, Էրդողանն այսօր անձամբ է ժամանել Ադրբեջան՝ մասնակցելու 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտի վեցերորդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։
«Ամբողջ սրտով շնորհավորում եմ բարեկամ և եղբայրական Ադրբեջանին՝ Ղարաբաղը 30-ամյա օկուպացիայից ազատագրելու վեցերորդ տարեդարձի և Հաղթանակի օրվա կապակցությամբ», - սոցիալական ցանցերում գրել էր Թուրքիայի նախագահը։
«Նրանք արժանի պատիժ են ստացել»․ Ալիևը՝ Բաքվում պահվող ԼՂ նախկին ղեկավարների մասին
Ալիևն էլ իր ժողովրդին ուղղված շնորհավորական ուղերձում անդրադարձել է Բաքվում ազատազրկման դատապարտված Ղարաբաղի նախկին ղեկավարներին՝ նրանց անվանելով «ռազմական հանցագործներ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Միրզոյան. «Գերիների հարցով ունենք ճանապարհ՝ այն անցնում է Ադրբեջանի հետ երկխոսության միջով»«Նրանք ցանկանում էին տանկերով Բաքու հասնել, Բաքվում թեյ խմել։ Մեծամիտ հայտարարություններ էին անում, քանի որ որոշ ուժերի հովանավորությունն ունեին և կարծում էին, թե հավերժ կարող են շարունակել օկուպացիոն քաղաքականությունը։ Բայց մենք նրանց ցույց տվեցինք՝ ով ով է», - Ալիևի խոսքերն է փոխանցում պետական «Ազերթաջ» գործակալությունը։
Ադրբեջանի նախագահը պնդել է, թե նրանք «արժանի պատիժ են ստացել»։
Ադրբեջանական բանտերում այժմ 19 հայ է պահվում, նրանց թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները։ Բաքվի դատարաններում նրանցից մի քանիսը դատապարտվել են ցմահ, մյուսները՝ երկարատև ազատազրկման։ Դատավարություններն ընթացել են առանց միջազգային անկախ դիտորդների ներկայության, իսկ իրավապաշտպան կազմակերպությունները կասկածի տակ են դրել դրանց արդարությունը։