Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին խոսել է Հայաստանի սահմանների, պետականության և հայրենիքի ընկալման, ինչպես նաև բանակի ու Սփյուռքի հետ հարաբերությունների մասին՝ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովում։
«Լավ է, որ սահմանը մեզ սահմանափակում է դեպի արևելք ու արևմուտք։ Այդ նույն սահմանը նաև ուրիշներին է սահմանափակում արևմուտքից տարածվել դեպի Հայաստան»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։
Վարչապետի խոսքով՝ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը հիմնված է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա՝ շեշտելով, որ պետությունն ունի միջազգային սահմաններ, և այդ սահմանների ընդունումն ու հարգումը պետք է դառնան պետական մտածողության հիմք։
«Մեզ ինչո՞ւմ են մեղադրում՝ որ մեզ սահմանափակում է, որ մենք չընդլայնվենք դեպի արևմուտք կամ արևելք։ Այո, ճիշտ են ասում։ Բայց խնդիրը հենց սահմանի և սահմանափակման մեջ է»,- հայտարարել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը պատմական Հայաստանից դեպի Իրական Հայաստան անցման գաղափարի մասին առաջին անգամ խոսել է 2024 թվականին՝ Գյումրիում ՔՊ նախաձեռնող խմբի հետ հանդիպմանը։ Հետագայում այն ներկայացրել է որպես Հայաստանի պետական և ազգային գաղափարախոսություն։
Դրանում նշում է, որ հայրենիքը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունն է. «Իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է՝ միջազգային ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրական Հայաստանի հաստատումն է տեղի ունենում մեր կյանքում. ՓաշինյանՊետության և հայրենիքի ընկալումների տարբերության մասին խոսելիս վարչապետն այսօր Միացյալ Նահանգների օրինակն է բերել որպես պետության, իսկ Հայաստանը՝ որպես հայրենիքի՝ նկատի ունենալով, որ հայերը պատմականորեն չեն ունեցել սեփական պետություն և այդ պատճառով էլ ձևավորվել է պետության նկատմամբ օտարացած վերաբերմունք։
«Մարդիկ չեն ունեցել պետություն և մարդիկ ատում են պետությունը»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ընկալվի որպես հայրենիք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը. ՓաշինյանՓաշինյանն այսօր անդրադարձել է նաև բանակի նկատմամբ հասարակության երկակի վերաբերմունքին։ Նրա խոսքով՝ հայերը նույն ինտենսիվությամբ խուսափում են բանակից, ինչպես ժամանակին խուսափում էին պարսկական բանակից, մինչդեռ կենացների ժամանակ բանակը շարունակում է մնալ ազգային հպարտության խորհրդանիշ։
Սփյուռքի հետ հարաբերությունների մասին խոսելիս վարչապետն ասել է, որ Հայաստանն այլ բան չի կարող առաջարկել Սփյուռքին, քան ինքն իրեն՝ որպես հայրենիք։
Փաշինյանը փաստացի առաջարկում է վերանայել Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունների տրամաբանությունը՝ դրանք կառուցելով ոչ թե պատմական հայրենիքի վերացական պատկերացման, այլ գոյություն ունեցող պետության շուրջ։
Ընդդիմադիրների կարծիքով՝ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը նշանակում է հեռանալ պատմական Հայաստանի գաղափարից և հրաժարվել ազգային պահանջներից։