Մատչելիության հղումներ

Դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը. Փաշինյան

«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը իշխող գաղափարախոսություն է, և պետական ամբողջ համակարգը պետք է դիրքավորվի ըստ այդմ, հայտարարում է Հայաստանի վարչապետը:

Երևանում ընթացող «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» համաժողովին մասնակցող Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ իր հռչակած «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող մտքերը սպառնալիք են Հայաստանի համար:

«Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը, կառավարությունը դրա դեմ պետք է գործողություններ անի, որովհետև դա սպառնալիք է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար: Մեր հետևությունն այն է, որ այս ամենով հանդերձ, եթե մենք խոսում ենք համապարփակ անվտանգության և դիմակայունության մասին, պետք է արձանագրենք մի բան, որ միայն խաղաղությունն է, որ կարող է երաշխավորել խաղաղություն», - ընդգծեց Փաշինյանն ու մի պատմություն պատմեց:

«Նախօրեին հանդիպումներից մեկի ժամանակ, մասնակիցներից մեկն ասաց մի բան՝ «Դուք ամբողջ օրը խոսում եք «Իրական Հայաստանի» մասին, բայց երեկ, իմ երեխան դպրոցից եկել ու ասել է, թե ինչպես էր պատմության ուսուցիչն ասում, որ «իմացե՛ք, երբ մեծանաք, պետք է գնաք Մուշն ու Վանն ազատագրելու»:

Փաշինյանի խոսքով՝ սա այն երևույթներից է, որոնք հաճախ չեն քննարկվում կոնֆերանսներում, մինչդեռ «ֆունդամենտալ պրոբլեմ» է. «Այդ պրոբլեմի հետ մենք բախվել ենք նաև Ղարաբաղի հարցի կարգավորման ողջ գործընթացում, երբ ունեցել ենք զուգահեռ խոսույթներ ու զուգահեռ ընկալումներ»:

14 կետից բաղկացած «Իրական Հայաստանի գաղափախոսությունը» Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր անցած տարի: Դրանում նշում է, որ հայրենիքը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունն է. «Իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է՝ միջազգային ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով»:


Արտաքին անվտանգության ապահովման կարևորագույն կոմպոնենտը միջազգային լեգիտիմությունն է. Փաշինյան

Անդրադառնալով անվտանգային խնդիրներին՝ Փաշինյանը ասաց. «Միջազգային լեգիտիմություն ասելով նկատի ունենք, որ ՀՀ արտաքին քաղաքական դիրքորոշումները և անվտանգային ոլորտի դիրքորոշումները պետք է հինված լինեն միջազգայնորեն ճանաչված լեգիտիմ շրջանակի վրա: Սա է պատճառը, որ մենք խոսում ենք 29 հազար 743 քառակուսի կիլոմետր ՀՀ ինքնիշխան տարածքի մասին»:

Կառավարության ղեկավարը նաև հայտարարեց՝ «պետք է կառուցենք մեր հարևանների հետ այնպիսի հարաբերություններ, որ միմյանց կայունությունն ու տնտեսական բարեկեցությունը ձեռնտու լինի իրար»:

Վարչապետի խոսքով՝ մինչև 2022 թվականը Հայաստանի անվտանգության բանաձևն իր էության մեջ «պրիմիտիվ» էր, «որովհետև կազմված էր մի նախադասությունից՝ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կապահովի մեր անվտանգությունը»:

«Եթե վերլուծենք 1994 թվականից մինչև 2022 թվականի մամուլը, կտեսնենք հազարավոր փորձագիտական գնահատականներ, որ ՀԱՊԿ-ը անհրաժեշտ պահին չի ապահովելու Հայաստանի անվտանգությունը, հարցն այն է՝ ինչո՞ւ այդ բոլոր փորձագիտական ու նաև քաղաքական պնդումները չեն բերել գործողությունների կամ հետությունների», - հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ 2022-ի օգոստոսի դրությամբ Հայաստանին զենք վաճառող պետությունների թիվը 0 էր։ «100 միլիոնավոր դոլարներով փոխանցած գումարներ ունեինք, մեզ մեր վճարած զենքը չէին տալիս։ Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար», - նշեց նա։

Փաշինյանն ընդգծեց. «Ասում էին, որ դուք ՀԱՊԿ անդամ եք, և զենք վաճառելով մենք նաև ալգորիթներ ենք վաճառում: Մենք տեսնում ենք, որ դուք այդ ալգորիթմները կարող եք այլ տեղ կիրառել»:

2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլև քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, պաշտոնական Երևանը դադարեց մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, հրաժարվեց գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ 2024-ի փետրվարին արդեն դաշինքին անդամակցությունը սառեցվեց, իսկ հայկական կողմը դադարեց մուծել նաև անդամավճարը։

Խոսելով էներգետիկ անվտանգության մասին Փաշինյանն ասաց՝ Հայաստանն այսօր կարող է դառնալ 100 տոկոսով ինքնաբավ երկիր էներգետիկ առումով, ինչը պայմանավորեց էներգետիկ տեխնոլոգիաների զարգացման հետ: Փաշինյանը կարևորեց նաև պարենային անվտանգությունը:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG