Մատչելիության հղումներ

Իրական Հայաստանի հաստատումն է տեղի ունենում մեր կյանքում. Փաշինյան


Իրական Հայաստանի հաստատումն է տեղի ունենում մեր կյանքում և մեր գիտակցության մեջ, իր ուղերձում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այդ գործընթացը նա որակեց բարդ, ցավոտ, սակայն շեշտեց՝ միակ ճանապարհն է. - «Անկախության ու ինքնիշխանության շարժումն է, որ պետք է հասցնենք իր հանգրվանին։ Ես ու մեր քաղաքական թիմը սա համարում ենք մեր առաքելությունը։ <> Սա վճռորոշ ճանապարհ է»։

Փաշինյանն իր ուղերձը սկսեց պատմական ակնարկով, ապա անդրադարձավ, իր բնորոշմամբ, իրական Հայաստանին, որը, ինչպես մի քանի անգամ է ասել, ներկայացված է իր հրապարակած քարտեզում (տես լուսանկարը՝ վերևում)։

Ըստ վարչապետի՝ խաղաղության տեսլականն ու իրական Հայաստանը խորապես կապված են իրար հետ. «Եթե մեր ռազմավարական տեսլականը իրական Հայաստանը չէ, առանց այն էլ դժվար խաղաղությունը հնարավոր չի լինելու, որովհետև մեր միջավայրը մեզ համարելու է ռազմավարական սպառնալիք», - ասաց նա, - «Ի հեճուկս տարբեր գնահատականների՝ մեր կառավարությունը ոչ թե տարանջատում, այլ փորձում է միավորել, նույնացնել հայրենիք-պետություն հասկացությունները»։

Նա շեշտեց՝ սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գաղափարախոսություն ու հայեցակարգ։

«Այն քննարկումները, որ տեղի են ունենում մեր երկրում, ինձ համար անակնկալ չեն, որովհետև ինքս անձամբ անցել եմ տառապագին այդ ճանապարհը՝ պատմական Հայաստանի հոգեբանությունից դեպի իրական Հայաստանի հոգեբանություն, և այդ նույն ճանապարհը հիմա անցնում ենք միասին։

Այսօր մեր երկիրը կատարյալ չէ նաև այն պատճառով, որ ավետյաց երկրի մեր անվերջանալի փնտրտուքը մեզ թույլ չի տալիս ձևակերպել այն հարցի պատասխանը, թե որ տարածքում, ինչ դիրքով, ինչ չափի տուն, պետություն ենք ուզում կառուցել։ Սահմանազատման գործընթացն այս հարցի պատասխանն է ձևակերպում սյուն առ սյուն», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

  • Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատման գործընթացը Հայաստանում սկսվեց և շարունակվում է բողոքի ակցիաներով, իրավապահների ու քաղաքացիների բախումներով, վարչապետի հրաժարականի պահանջով։ Իշխանությանը մեղադրում են միակողմանի զիջումների գնալու համար։
  • ԱԱԾ-ն այսօր հայտնեց, որ մայիսի 24-ից սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբերի 1,9 կմ, Ոսկեպարի և Բաղանիսի 4,9 կմ հատվածների պահպանությունը։ Կիրանցի 5,8 կմ հատվածի պահպանությունը մինչև հուլիսի 24-ը կիրականացվի անցումային սխեմայով: Թե ինչ է ենթադրում անցումային սխեման, պարզ չէ։
  • Հատվածական սահմանազատման մեկնարկը տրվեց ապրիլի 19-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG