Անցած տարի մոտ 7 ամիս բանտում անցկացրած միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանն այսօր նորից ձերբակալվածի կարգավիճակ ստացավ: Բայց այս պահին դեռ հայտնի չէ՝ հունվարից տնային կալանքի տակ գտնվող 61-ամյա գործարարը նորից կկալանավորվի, թե ոչ:
Իրավապահները նոր գործ են հարուցել: Այն կապված է Կարապետյանների ընտանիքին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ, որը հանրային գերակա շահ է ճանաչվել և որտեղ պետությունը անցած տարի ժամանակավոր կառավարիչ նշանակեց:
Մինչ ՀԷՑ-ի պետականացումը դեռ ընթացքի մեջ է, որի ավարտից հետո կառավարությունը մտադիր է այն միջազգային կառավարման հանձնել, Քննչական կոմիտեն այսօր Կարապետյանի ձերբակալությունից հետո հայտնեց, որ սեփականատիրոջը կասկածում են կազմակերպված եղանակով ՀԷՑ-ին 64.5 միլիարդ դրամի կամ մոտ 180 միլիոն դոլարի վնաս պատճառելու մեջ: Սա, ըստ իրավապահների, տեղի է ունեցել 8 տարվա ընթացքում՝ 2016-2024 թվականներին:
Սամվել Կարապետյանից բացի ևս 35 հոգու նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել՝ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կազմակերպելու, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դրվագներով:
Սխեման, ըստ Քննչական կոմիտեի, այսպես է գործել. ՀԷՑ-ի ղեկավարներն առանց իրական անհրաժեշտության ընկերության գործունեությունն ապահովելու պատրվակով մեծ ծավալի վարկային միջոցներ են ներգրավել, ապա այդ գումարները շահաբաժինների, փոխառությունների և կանխավճարների տեսքով փոխանցել ՀԷՑ-ի բաժնետերեր «Լիորմանդ Հոլդինգս Լիմիտեդ» և «Տաշիր Կապիտալ» ընկերություններին: Այնուհետև, քննիչների պնդմամբ, Սամվել Կարապետյանը կազմակերպել է հափշտակված գումարների հանցավոր ծագման քողարկումը, փողերը փոխակերպել և միախառնել են Կարապետյանի հետ փոխկապակցված անձանց այլ եկամուտներին:
Նախքան գործարարին ձերբակալելը քննիչները վաղ առավոտից խուզարկում էին նրա, եղբորորդու՝ պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատները, նրանց հետ կապված ընդհանուր 65 հասցե:
Քննիչները կգնա՞ն Նարեկ Կարապետյանի և Դավիթ Ղազինյանի հետևից
Ձերբակալվածների շարքում չեն, բայց քրեական գործում, ըստ էության, անուղղակի հիշատակվում են խորհրդարանում Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչները՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և պատգամավոր Դավիթ Ղազինյանը:
Նրանց նկատմամբ քրեական հետապնդելու և ազատությունից զրկելու համար նախ պետք է ստանալ խորհրդարանի թույլտվությունը: Այս պահին դեռ հայտնի չէ՝ արդյոք Գլխավոր դատախազությունը կդիմի Ազգային ժողովին կրտսեր Կարապետյանին ու Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ: Համենայնդեպս, դատախազությունից «Ազատությանը» հայտնել են, որ երկուսի դեպքում էլ դեռ նման միջնորդություն չեն ներկայացրել: Դիմելու դեպքում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ձայները բավարար են միջնորդությունը միայնակ հաստատելու համար:
Այսօրվա հաղորդագրությունում Քննչական կոմիտեն «հանցավոր խումբ» է անվանում Սամվել Կարապետյանին և մերձավորներին՝ առանց անունները նշելու նրանց շարքում հիշատակելով ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի առանձին անդամների, ընկերության գլխավոր տնօրենին և տեղակալին:
Նարեկ Կարապետյանը 2017-2024 թթ. եղել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահի տեղակալը, 2018-2026 թթ.՝ քրեական գործում հիշատակվող «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը, 2024-2026 թթ.՝ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահը:
Դավիթ Ղազինյանը ևս երկար տարիներ աշխատել է ՀԷՑ-ում՝ զբաղեցնելով իրացման փոխտնօրենի, տարբեր մասնաճյուղերի տնօրենի պաշտոնը:
Ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Հայաստանի նոր Սահմանադրությունը
Խուզարկություններից անմիջապես հետո Նարեկ Կարապետյանն ու քաղաքական թիմի մյուս անդամները պնդեցին, թե իշխանությունն իրենց հանդեպ ճնշումներ է բանեցնում՝ նոր Սահմանադրության շուրջ կոշտ դիրքորոշման պատճառով:
Վերջին օրերին հայաստանյան ներքաղաքական քննարկումների գլխավոր թեման նոր Սահմանադրությունն է, որն ընդդիմությունն անվանում է «ալիևյան» և հայտարարում, որ չի աջակցի իշխանությանը՝ խորհրդարանում փաստաթուղթը հանրաքվեի դնելու որոշումն ընդունելու համար: Վերջին ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չստացած իշխող «Քաղաքացիական պայմանագրին» առնվազն վեց ընդդիմադիրի ձայն է պետք՝ հանրաքվեի որոշումն ընդունելու համար:
Վարչապետ Փաշինյանն արդեն հայտարարել է՝ եթե ինքը ընդդիմադիրներին հուզող բոլոր հարցերին դրական պատասխան տա ու դրանց հետո նրանք նորից դեմ արտահայտվեն նոր Սահմանադրությանը, ապա ընդդիմության դեմ հանրային ճնշում կգեներացնի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փաշինյանը դարձյալ հանրային ճնշում է «խոստանում» ընդդիմությանը, եթե դեմ գնան նոր Սահմանադրությանը. ընդդիմադիրներն արձագանքում ենԸստ Նարեկ Կարապետյանի՝ Նիկոլ Փաշինյանը նոր ձերբակալություններով փորձում է իրենց «համոզել»: Քաղաքական գործիչը վստահեցնում է՝ իրենց դիրքորոշումը չեն փոխի, եթե նույնիսկ «հարյուրավոր մարդկանց կալանավորեն»:
Իշխանություններն առայժմ հրապարակավ չեն արձագանքել այս պնդումներին, բայց նախկինում բազմիցս վստահեցրել են, որ նոր Սահմանադրությունը Ադրբեջանի պահանջով չեն փոխում, դա ներքին օրակարգ է:
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» փոխնախագահ, Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էլ մի հեգնական գրառում է արել «Ֆեյսբուքում». - «Խմած վարորդին պարեկը կանգնեցնում, տուգանում է: Մեկ էլ էս վարորդը. - «Թույլ չենք տալու Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխեք, դուք ինձ տուգանում եք, որ Սահմանադրությունը փոխեք», - գրել է ՔՊ-ականը:
Կարապետյաններն արդեն քրեական գործերով անցնում էին
Սամվել Կարապետյանը, որն աշխարհի ամենահարուստ հայերից մեկն է, անցած ամռանը մեղադրյալ ներգրավվեց Հայ առաքելական եկեղեցին իշխանությունից «իր ձևով» պաշտպանելու հայտնի հայտարարությունից հետո:
Իրավապահները մոտ 30 վայրկյանանոց այս հարցազրույցը իշխանության զավթման կոչ որակեցին, դատարանն էլ կալանավորեց նրան: Ապա ավելացան փողերի լվացման, հարկերից խուսափելու և խարդախության հոդվածները: Այս գործն արդեն դատարանում է: Գործարարը մոտ կես տարի բանտում անցկացնելուց հետո անցած դեկտեմբերի 31-ին տնային կալանքի տեղափոխվեց՝ վճարելով Հայաստանում կիրառված ամենամեծ գրավը՝ 4 միլիարդ դրամ:
Կարապետյանը բանտից քաղաքական հայտ ներկայացրեց, ձևավորեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, որը երկրորդ տեղը գրավեց խորհրդարանական ընտրություններում: Գործարարը նախընտրական քարոզարշավին չկարողացավ մասնակցել, այն առաջնորդում էր եղբորորդին, ով հետագայում դարձավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը: «Ուժեղ Հայաստանը» խորհրդարանում 29 մանդատ ունի:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն նոր Ազգային ժողովի առաջին նիստում, 2-ը օգոստոսի, 2026 թ.
Նախընտրական շրջանում ընտրակաշառքի մեղադրանքով ձերբակալվում կամ կալանավորվում էին Կարապետյանի հարյուրավոր թիմակիցներ: Մինչ ընդդիմադիրները պնդում էին, որ իշխանություններն իրենց հանիրավի են հետապնդում, Քննչական կոմիտեն քարոզարշավի օրերին գրեթե ամեն օր գաղտնալսումներ էր հրապարակում ու պնդում, որ գործարարի քաղաքական ուժը զբաղված է մարդկանց քվեն գնելով: Նույնը նաև իշխող ուժն էր պնդում:
36-ամյա Նարեկ Կարապետյանը նման մի գործով է անցնում: Նրա նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել՝ հավաքներին մասնակցելու համար մարդկանց հարկադրելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքներով։ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել 1 միլիարդ դրամ գրավը: